Սոնատային սիմֆոնիկ ցիկլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոնատային սիմֆոնիկ ցիկլ, հոմոֆոն-հարմոնիկ, բազմամաս (հիմնականում ինքնուրույն մասերից կազմված՝ քառամաս կամ եռամաս, կարող է լինել նաև հնգամաս, յոթամաս, հազվադեպ՝ երկմաս), միասնական գաղափարահուզական բովանդակությամբ միավորված երաժշտական ստեղծագործության (գործիքային սոնատներ, կոնցերտներ, տրիոներ, կվարտետներ, կվինտետներ, սիմֆոնիաներ և այլն) առավել զարգացած և կատարյալ ձևը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնատային սիմֆոնիկ ցիկլը ձևավորվել է 16-18-րդ դարերում։ Հնագույն նմուշները դժվար է հստակորեն տարբերել սյուիտից կամ ցիկլային այլ ձևերից (պարտիտ, տոկկատ, կոնչերտո գրոսսո)։ Գործիքային երաժշտության հին ձևերին առավել բնորոշ էին ցիկլի իրար հակադիր, առանձին մասերը. առաջին մասում (հիմնված էր մի թեմայի զարգացման սկզբունքի վրա) բացակայում էր կերպարային և թեմատիկ հակադրությունը։ Նոր ցիկլում, որը բյուրեղացել և ցիկլային այլ ձևերից հստակորեն անջատվել է Վիեննայի դասական դպրոցի ներկայացուցիչների և նրանց անմիջական հետևորդների (Ֆ. Է. Բախ, Մանհայմի դպրոցի հիմնադիրներ, Ժ. Ֆ. Ռամո, Ֆ. Ժ. Գոսեկ և ուրիշներ) արվեստում. հակադրությունն առկա է ոչ միայն մասերի, այլև առաջին մասի թեմաների միջև, որի վրա էլ հիմնվում են սոնատային ալլեգրոյի ձևն ու սկզբունքները։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնատային սիմֆոնիկ ցիկլում մասերի քանակը պայմանավորված է ժանրով (սոնատ, կոնցերտ, տրիո, կվարտետ, կվինտետ, սիմֆոնիա և այլն), կատարողների կազմով ու քանակով (հիմնականում՝ 4, երբեմն՝ 3, հազվադեպ՝ 2 մաս)։ Սոնատային սիմֆոնիկ ցիկլի 1-ին՝ արագ մասը, բաղկացած է 3 կամ 4 մասերից. հիմնականում գրվում է սոնատային ձևով (այստեղից էլ՝ անվանումը)։ Բնորոշ են աշխուժությունը, ակտիվությունը, լինում է կատակային, դրամատիկ, հերոսական, կոնֆլիկտային բնույթի։ 1-ին մասի տրամադրությամբ սովորաբար պայմավորվում է ցիկլի հուզական շերտը։ Ցիկլի 2-րդ մասը դանդաղ է, հիմնականում արտահայտում է մարդու հույզերն ու խոհերը, ներաշխարհը, մեծ մասամբ քնարական, մեղեդային, հայեցողական է։

Մասի ժանրային հիմքերն են երգը, արիան, խորալը։ Կոմպոզիցիոն կառուցվածքի առումով 2-րդ մասում գործածվում են պարզ կամ բարդ (կոնտրաստային կամ մշակման միջին մասով) եռամաս, վարիացիոն (իրար հաջորդող վարիացիաները նպաստում են մասի հիմքում կերպարի համակողմանի բացահայտմանը), սոնատային ալլեգրո (բացակայում է մշակման բաժինը, բնույթով խիստ հակադիր է 1-ին մասին, օրինակ՝ Լ. վան Բեթհովենի op. 59 №1 լարային կվարտետը), հազվադեպ՝ ռոնդո կամ երկմաս ձևերը։

Ցիկլի 3-րդ մասը (Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի (հիմնականում՝ մենուետ), Լ. վան Բեթհովենի (սկերցո) երկերում, երբեմն՝ Հ. Բեռլիոզի, Պ. Ի Չայկովսկու սիմֆոնիաներում (վալս) կապված է կենցաղում տարածված երաժշտական ժանրերի հետ։ Հաճախ շարժուն, աշխույժ բնույթի է, գրվում է հիմնականում բարդ եռամաս ձևով (da capo). 1-ին մասում պարզ եռամաս ձևով շարադրված հիմնական թեմային հաջորդում է միջին մասը՝ նոր թեմայի վրա կառուցված համանուն կամ այլ (երբեմն՝ միևնույն) տոնայնությամբ տրիոն, որին հաջորդում է da capo նշանը։

4-րդ մասը՝ ֆինալը, ստեղծագործության կերպարային, բովանդակային ամփոփումն է։ Սովորաբար աչքի է ընկնում ուրախ, աշխույժ տրամադրությամբ, արագ տեմպով և ընդգրկում է պարային, երգային տարրեր։ Գրվում է ռոնդո (միևնույն թեմայի անփոփոխ կրկնությամբ, որին հաջորդում են կոնտրաստային էպիզոդները), հազվադեպ՝ ռոնդո-սոնատային, սոնատային, վարիացիոն ձևերով։

Եռամաս ստեղծագործությունների դեպքում հիմնականում բացակայում է 3-րդ՝ պարային մասը (ներառում է սոնատային ալլեգրոն, դանդաղ մասը և ֆինալը), որի բնույթը հաճախ շարադրվում է ֆինալում (օրինակ՝ Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտի 3-րդ մասը)։

Սոնատային սիմֆոնիկ ցիկլում մասերի հաջորդականությունը կարող է փոփոխվել, նաև ներմուծվել նոր մասեր։ Ցիկլի պատմական զարգացումը պայմանավորվել է մի շարք ազգային դպրոցներով։ 18-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործություններում 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը միավորվել են մեկ, իսկ 2-րդ (դանդաղ) մասը՝ սուբդոմինանտային, դոմինանտային, զուգահեռ մինոր կամ մաժոր և այլ տոնայնություններով։ 19-րդ դարից սոնատային սիմֆոնիկ ցիկլում բարդացել է մասերի տոնայնությունների համամասնությունը։ Ցիկլի գաղական և կերպարային միասնականությունը պայմանավորել է նաև մեղեդաինտոնացիոն, ռիթմահարմոնիկ և այլ երևույթներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։