Սոճի հիմալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոճի հիմալայան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ ասեղնատերևավորներ
Ընտանիք սոճազգիներ
Ցեղ սոճի
Տեսակ Սոճի հիմալայան
Լատիներեն անվանում
Pinus excelsa Wall.
Հատուկ պահպանություն

Սոճի հիմալայան (լատին․՝ Pinus excelsa Wall.), սոճազգիների ընտանիքի, սոճի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար, հզոր, չափազանց գեղեցիկ ծառեր են՝ 30-50 մ բարձրությամբ, լայն բրգաձև սաղարթով։ Ազատության մեջ աճող տեսակների սաղարթը սկսվում է անմիջապես գետնի մակերեսից։ Փշատերևները փնջերի մեջ հավաքված են 5-ական, սովորաբար գեղեցիկ ձևով կախված են դեպի ցած, որից բույսի դեկորատիվ արժանիքները շատ են մեծանում։ Ծառի վրա մնում են 3-4 տարի, մոխրականաչավուն են, 10-18 սմ երկարությամբ և մոտ 0,75 մմ լայնությամբ, կապտավուն հերձանցքային շերտիկներով։ Կոները համարյա բրգաձև են, երկար կոթունների վրա, մեկական հատ կամ խմբերով, ուղիղ կամ թեթևակի կորացած, սկզբում կանաչ, հասունանալիս՝ կապտավուն երանգով։ Ունենում են 15-25 սմ երկարություն և 5-7 սմ լայնություն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հինդուկուշի լեռներում, մինչև Հնդկաստան և Բութան, որտեղ 1500-4000 մ բարձրության վրա ընդարձակ անտառներ է կազմում, հիմնականում հիմալայան մայրիի, երկարատերև սոճու և այլ փշատերև ծառատեսակների հետ միասին։ Ցամաքային շրջաններում (օրինակ՝ Ղրիմի հարավային ափերին) վատ է աճում, խիստ տուժում է երաշտից։ Համեմատաբար լավ է աճում այնպիսի վայրերում, որտեղ խոնավությունը առատ է։

Հայաստանում հանդիպում է Ախթալայի պարկում, որտեղ 55-60 տարեկան հասակում հասնում է 14-18 մ բարձրության և 18-24 սմ բնի տրամագիծ է ունենում։ Սաղարթի լայնությունը կազմում է 6-8 մ։ Ըստ բարձրության՝ միջին աճը կազմում է 25-33 սմ։ Լավագույն պայմաններում հանդիպում են այնպիսի ծառեր, որոնց բարձրությունը կազմում է 18,5 մ, իսկ բնի տրամագիծը՝ 42 սմ։ Պտղաբերում է նորմալ, սերմերը ծլունակ են, ինքնացան չի տալիս։ Ցրտադիմացկուն է, սակայն փշատերևները հաճախ այրվածքներ են ստանում։ Վատ ոռոգման հետևանքով վերջին տարիներին աճը խիստ դանդաղել է, կազմելով 15-20 սմ։ Սաղարթը նոսր է և խիստ ցանցառ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 64։