Սյունիքի Գրիգոր Բ թագավորի սարկոֆագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սյունիքի Գրիգոր Բ արքայի բազալտե սարկոֆագը՝ Սիսիանի պատմության թանգարանի պուրակում

Սյունիքի Գրիգոր Բ թագավորի սարկոֆագ, բազալտե սարկոֆագ՝ հայատառ արձանագրությամբ, գտնված Սիսիանի շրջանի Շաքի գյուղից։ Ցուցադրվում է Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի բակում։

Քարե հուշարձանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Բ արքայի անվանակիր բազալտե սարկոֆագը Սիսիանի պատմության թանգարանի պուրակում ցուցադրվող շուրջ 50 քարե հուշարձաններից մեկն է։ Այստեղ է տեղափոխվել Սիսիանից 6 կմ արևմուտք գտնվող Շաքի գյուղից։ Պատահաբար հայտնաբերվել է 1985 թվականին գյուղի ճանապարհամերձ հատվածում իրականացված շինարարական աշխատանքների ժամանակ։

Շաքին (հնում՝ Շաքե) պատմական Սյունիքի Ծղուկ գավառի հնագույն բնակավայրերից է, որտեղ պահպանվել են դեռևս մ․թ․ա․ երկրորդ հազարամյակի ամրոցի ու բնակատեղիի մնացորդներ, միջնադարյան գյուղատեղիներ, գերեզմանոց, մատուռ, քարայր-կացարաններ։ Ունեցել է նաև վանք (1626թ․), որը, սակայն, չի պահպանվել։

Վիմագրագետ Արսեն Հարությունյանը, հղում կատարելով տեղանվանական[1] բառարանին, նշում է, որ 1960 թվականին գյուղում հայտնաբերվել է մոտ 3 մ երկարությամբ քարե դամբարան, որի մեջ եղել են մարդու ոսկորներ և քարե կացին։ Ենթադրելի է, որ գտածոն սարկոֆագ է (միգուցե քարարկղային դամբարան), ինչը թույլ է տալիս հավաստել, որ այս տեղանքին հատուկ են նմանատիպ թաղումները[2][3]։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարկոֆագի ընդհանուր երկարությունը 2,18 մ է, լայնությունը մի ծայրում՝ 0,7, մյուսում՝ 0,65 մ։ Բարձրությունը գլխամասում 0,48 մ է, նեղ մասում՝ 0,44 մ։ Ներքին չափերը՝ երկարությունը՝ 1,9 մ, լայնությունը մի ծայրում՝ 0,46 մ, մյուսում՝ 0,4 մ, խորությունը գլխամասում՝ 0,36 մ, նեղ մասում՝ 0,32 մ։

Սարկոֆագի ծածկասալը չի պահպանվել, հատակի գրեթե կենտրոնում կա մոտ 5 սմ տրամաչափի անցք։ Ենթադրելի է, որ այն հետագայում այլ նպատակներով է օգտագործվել՝ իբրև գուռ կամ ջրավազան։ Բացառված չէ նաև այն, որ անցքն արվել է սարկոֆագը տեղափոխելու կամ պաշտամունքային նպատակներով։

Քարե տապանի գլխամասի նեղ նիստը արտաքուստ արձանագիր է։ Այս փաստը թույլ է տալիս կարծել, որ այն հողում չի թաղվել, ծածկասալով փակվելով՝ դրվել է մի դամբարանային կառույցի մեջ, որը չի պահպանվել[2][3]։

Սյունիքի Գրիգոր Բ արքայի բազալտե սարկոֆագը՝ վիմագիր արձանագրությամբ

Վիմագիր արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանային նման թաղումները վերաբերում են բարձրաշխարհիկ անձանց (թագավորներ, իշխաններ, նշանավոր գործիչներ)։ Այս սարկոֆագի պարագայում խոսում է եռատող տապանագիրը՝ «ԶՏԱՌԱ/ՊԵԱԼ ԳՐԻԳՈՐԻ ՅԱՐՔԱ»։

Դատելով տառաձևերի հնագրական առանձնահատկություններից ու պատմական փաստերից՝ ուսումնասիրողը գտնում է, որ այն գրվել է 12-րդ դարում։ Նրա կարծիքով՝ սարկոֆագը պատկանել է Սյունիքի և Բաղքի թագավորության նախավերջին արքա Գրիգոր Բ-ին, ով թագավորել է 12-րդ դարասկզբից՝ շուրջ վեց տասնամյակ։

Պատմական հիշատակություններ Գրիգոր արքայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի պատմագիր Ստեփանոս Օրբելյանն իր «Պատմութիւն նահանգին Սիսական» գրքում «Վասն թագաւորացն Սիւնեաց» խորագրի ներքո հիշատակել է 987-1170 թվականներին գոյություն ունեցած Սյունիքի և Բաղքի թագավորության գահակալների անուններն ու նրանց օրոք տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ Ըստ այդմ՝ սարկոֆագի վիմագրում հիշատակված Գրիգոր արքան Սենեքերիմ թագավորի չորս որդիներից ավագն էր, ում մասին պատմագիրը հաղորդում է.

Aquote1.png «և յետ նորա էառ զտէրութիւն նորա որդի իւր Գրիգոր՝ նուազ և ընդաղօտ թագաւորեալ»
- Օրբէլեան Ստեփանոս (1910)։ Պատմութիւն նահանգին Սիսական։ Թիֆլիս։ տպ. Ն. Աղանեանի։ էջ 337
Aquote2.png

։

Ստ. Օրբելյանի վկայությամբ՝ Գրիգոր Բ-ն մահացել է 1166 թվականին։ Թե ինչ հանգամանքներում, նշված չէ, սակայն փաստ է, որ տևական գահակալման ընթացքում Գրիգոր թագավորը մշտապես պայքարել է սելջուկ-թյուրքերիի դեմ ։ Միմյանց հաջորդող պաշարումները կարող էին վերջնականապես հյուծել տարեց արքային, ինչով էլ պետք է պայմանավորել տապանագրում «զտառապեալ» բառի առկայությունը[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]