Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, 1875-1878 թվականներին սովորել էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1900-1901 թվականներին հաճախել է Փարիզի Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ Կոլեժդը Ֆրանսում ունկնդրել սոցիոլոգիայի դասախոսություններ։ 1879-1884 թվականներին եղել է ուսուցիչ Կարսում, Շուշիում, Թավրիզում։ 1882-1884 թվականներին Շուշիում, ապա Թիֆլիսում հրատարակել է «Գործ», իսկ 1901-1902 թվականներին Փարիզում՝ «ժամանակ» հանդեսները[3]։ 1895 -1896-ին ղեկավարել է Թիֆլիսի հայկական թատերական խումբը, 1897-1898 թվականներին եղել է Բաքվի հայկական մշտական թատրոնի ռեժիսորը։ Աշխատակցել է ժամանակի պարբերական մամուլին։ Ստորագրել է Ահրիման, Մար-Ամադ, Ծերուկ և այլ ծածկանուններով։ Մամուլում հանդես է եկել ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններով, արձակ գործերով։ Առանձին գրքերով հրատարակվել են Հախումյանի «Մանիկ» վիպակը (1889), Էդգրեն Լեֆլերից, Իբսենից, Օ․ Շմիդտից կատարած թարգմանությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 55)։