Սարավակ (Sarawak), նահանգ Մալայզիայում, Կալիմանտան կղզում։ Սահմանակից է Բրունեյ սուլթանությանն ու Ինդոնեզիային։ Տարածությունը 124,9 հազար կմ2 է, բնակչությունը՝ 1,1 միլիոն (1978)։ Վարչական կենտրոնը՝ Կուչինգ։ Ծովափնյա մասերում ալյուվիալ դաշտավայրեր են, ներքին շրջաններում՝ լեռներ։ Կլիման հասարակածային է։ Տարածված են հասարակածային մշտականաչ անտառները։ Տնտեսությունը ագրարա-հումքային բնույթ է կրում։ Մշակում են կաուչուկատուներ, պղպեղ, կոկոսյան արմավենի, բրինձ։ Զբաղվում են խոզաբուծությամբ, ձկնորսությամբ, անտառահատմամբ։ Կա նավթի, ոսկու, բոքսիտների արդյունահանություն, նավթավերամշակություն։ Արտահանում է նավթ և նավթամթերք, անտառանյութ, կաուչուկ, պղպեղ (առաջին տեղն աշխարհում), կոկոսյան արմավի յուղ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 213)։