Սանդրո Սարդարյան
Սանդրո Սարդարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1912 |
Ծննդավայր | Քոզեր |
Մահացել է | հունիսի 22, 1995 (82 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան և հնագետ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և ԵՊՀ պատմության ֆակուլտետ |
Սանդրո Սարդարյան (հոկտեմբերի 1, 1912, Քոզեր - հունիսի 22, 1995, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանդրո Սարդարյանը ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 1-ին Վասպուրականի Արճեշ գավառի Քոզեր գյուղում: 1915 թվականին գաղթի ճանապարհին կորցնելով հարազատներին՝ ապաստանել է Երևանի, Ծաղկաձորի, Կարսի, Գյումրիի ամերիկյան որբանոցներում: Ավարտելով ութնամյա դպրոցը՝ Սանդրո Սարդարյանն ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրության, այնուհետև՝ պատմության ֆակուլտետներում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945 թթ.) աշխատել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Էջմիածնի շրջանային կոմիտեում: Պատերազմից հետո ավարտել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան: Այնուհետև աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ Պատմության, այնուհետև՝ Հնագիտության ինստիտուտներում: 1959 թվականից Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում դասավանդել է Հնագիտության հիմունքներ և Հայաստանի վաղ շրջանի հնագիտություն դասընթացները: 1968 թվականին Սանդրո Սարդարյանը հանդիսացել է Երևանի պետական համալսարանի նորակազմ Հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության ամբիոնի հիմնադիր անդամ: Երևանի պետական համալսարանում դասավանդելու տարիներին կարդացել է շուրջ մեկ տասնյակ մասնագիտական դասընթացներ:
1944 թվականից սկսած Սանդրո Սարդարյանը հնագիտական պեղումներ է իրականացրել Խորհրդային Հայաստանի տարբեր վայրերում: Արագածի արևմտյան մասում գտնվող Արտին լեռան լանջին, Հրազդանի միջին հոսանքում (Արզնի, Նուռնուս, Ջրաբեր) և Արարատյան դաշտում (Սև բլուր, Քասախ, Կղզյակ բլուր, Մաշտոց բլուր, Շենգավիթ և այլն) նրա կատարած պեղումները հեղաշրջեցին Հայաստանի հին շրջանի մասին պատկերացումները: Փաստորեն հաստատվեց, որ Հայաստանի տարածքում մարդը բնակություն է հաստատել ավելի քան մեկ միլիոն տարի առաջ: 1945–1961, 1963–1982 թվականներին Սանդրո Սարդարյանի կողմից հայտնաբերվեցին և ուսումնասիրվեցին Արագածի և Գեղամա լեռների ժայռապատկերները: Վաստակավոր հնագետ Սանդրո Սարդարյանն իր մահկանացուն կնքել է 1995 թվականի հունիսի 22-ին Երևանում 83 տարեկան հասակում:
Մենագրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
1954 թվականին հրատարակած «Պալեոլիթը Հայաստանում» մենագրությունը բարձր գնահատվեց մասնագետների կողմից և համարվեց խորհրդային հնագիտության կարևոր նվաճումներից մեկը: 1967 թվականին լույս տեսավ նրա «Նախնադարյան հասարակությունը Հայաստանում» մենագրությունը, որն իրենց աշխատություններում վկայակոչել են արտասահմանյան մի շարք հեղինակավոր հնագետներ: Սանդրո Սարդարյանի «Հայաստանը քաղաքակրթության օրրան» մենագրությունը ամփոփում է նրա իրականացրած ավելի քան 40- ամյա հնագիտական պեղումների արդյունքները:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պալեոլիթը Հայաստանում, Երևան, 1954:
- Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967, 416 էջ:
- Հայաստանը քաղաքակրթության օրրան, Երևան, 2004, 496 էջ:
- Հայաստանի ժայռապատկերները Քարի դարից մինչև Բրոնզի դար, Երևան, 2010, 244 էջ:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, կազմող՝ Էդիկ Մինասյան, Երևան, 2009 թ., էջ 266:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.armenianarchaeology.am/images/menus/67/JAayrapatkerner.pdf - Սանդրո Սարդարյան, Հայաստանի ժայռապատկերները Քարի դարից մինչև Բրոնզի դար, Երևան, 2010, 244 էջ: