Սագանի ստանդարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sagan is pictured besides a Viking lander mockup
Կարլ Սագանը «Վիկինգ» ծրագրի իջնող սարքի մոտ։

Սագան ստանդարտ, աֆորիզմ, ըստ որի «արտառոց պնդումները արտառոց փաստերի կարիք ունեն» (անգլ.՝ extraordinary claims require extraordinary evidence)[1]։ Կոչվել է ի պատիվ Կարլ Սագանի, որը 1979 թվականին օգտագործել է այն իր «Բրոկայի ուղեղը» գրքում և 1980 թվականի «Տիեզերք. անձնական ուղևորություն» հեռուստահաղորդման մեջ։ Ստանդարտը նկարագրվել է որպես գիտական մեթոդի հիմք և համարվել է գիտական սկեպտիցիզմի ամփոփում։

Սագանի ստանդարտը նման է Օկկամի ածելիին այն առումով, որ երկու էվրիստիկաներն էլ երևույթների պարզ բացատրությունները նախընտրում են բարդից։ Գործնականում ակնհայտ չէ, թե երբ է փաստը համարվում «բավարար արտառոց»։ Սագանի ստանդարտը հաճախ կիրառվում է տվյալները և հավանական գիտական բացահայտումները վիճարկելու կամ կեղծագիտական պնդումները քննադատելու համար։ Որոշ քննադատներ պնդում են, որ ստանդարտը կարող է խանգարել նորարարությանը և կիրառվել հաստատման կողմանակալությունը ամրապնդելու համար։

Նախքան Սագանը, նման միտք են արտահայտել Թոմաս Ջեֆերսոնը (1808), Պիեռ Սիմոն Լապլասը (1814) և Թեոդոր Ֆլուրնոյը (1899)։ «Արտառոց պնդումները արտառոց ապացույցների կարիք ունեն» (անգլ.՝ Extraordinary claims require extraordinary proof) արտահայտությունը օգտագործում էր Մարչելո Տրուզզին՝ Սագանից մեկ տարի առաջ։ Ենթադրվում է, որ սկզբունքն առաջին անգամ ամբողջությամբ բնութագրել է Դեյվիդ Հյումը իր 1748 թվականի «Հրաշքների մասին» (անգլ.՝ Of Miracles) էսսեյում։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հոգեբան Պատրիզիո Տրեսոլդիի, Սագանի ստանդարտը «գիտական մեթոդի հիմքում է, և քննադատական մտածողության, ռացիոնալության և ամենուրեք սկեպտիցիզմի մոդել է»[2][3][4]։ Այն նաև կոչվել է «գիտական թերահավատության հիմնարար սկզբունք»[5]։ Արտահայտությունը հաճախ կիրառվում է պարանորմալ և այլ կեղծագիտական պնդումների կոնտեքստում[6][7][8]։ Այն նաև հաճախ օգտագործվում է գիտական գրականությունում՝ հետազոտության առաջարկները (օրինակ՝ ամազոնյան տապիրի նոր տեսակի որոնում[5], միտոքոնդրիալ ԴՆԹ-ի երկկողմանի ժառանգություն[9] կամ Հոլոցենյան «մեգա-ցունամի»[10]) վիճարկելու համար[11]։

Ստանդարտը կապված է Օկկամի ածելիին, ըստ որի պարզ բացատրությունները նախընտրելի են բարդերից։ Այլ կերպ ասած, արտառոց բացատրությունն ամենապարզ բացատրությունը կլինի միայն այն դեպքում, երբ արտառոց փաստ գոյություն ունի[6]։ Այս սկզբունքը կիրառվում է վարկածների ստուգումում, որտեղ նախընտրվում է «առաջարկված երևույթի համար փաստ չկա» վարկածը (կոչվում է զրոյական վարկած)։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Սագանը չի նկարագրել որևէ կոնկրետ կամ քանակական պարամետր, թե ինչ է իրենից ներկայացնում «արտասովոր ապացույցը», ինչը բարձրացնում է այն հարցը, թե արդյոք ստանդարտը կարող է օբյեկտիվորեն կիրառվել[4][12][13]։ Ակադեմիկոս Դեյվիդ Դեմինգը նշել է, որ «հնարավոր չէ ամբողջ ռացիոնալ միտքն ու գիտական մեթոդոլոգիան հիմնալ մի աֆորիզմի վրա, որի իմաստը ամբողջությամբ սուբյեկտիվ է»։ Փոխարենը նա պնդել է, որ «արտառոց փաստ» պետք է համարվի բավարար փաստը, ոչ թե արտառոց որակի փաստը[14]։ Տրեսոլդին նշել է, որ փաստերի շեմը սովորաբար որոշվում է կոնսենսուսի միջոցով։ Այս խնդիրն ավելի փոքր է կլինիկական բժշկության և հոգեբանության մեջ, որտեղ վիճակագրական արդյունքները կարող են սահմանել ապացույցների ուժը[4]։

Համաձայն Դեմինգի՝ ստանդարտը կարող է «խանգարել նորարարությանը և պահպանել ավանդականը»[14]։ Էտցել Կարդենան նշել է, որ շատ գիտական հայտնագործություններ, որոնք պարադիգմային փոփոխությունների հիմք են դարձել, ի սկզբանե համարվել են «արտառոց» և, հավանաբար, այդքան լայնորեն ընդունված չէին լինի, եթե արտառոց ապացույցներ պահանջվեին[15][16]։ Արտառոց պնդումների մշտական մերժումը կարող է նպաստել ենթաոլորտներում հաստատման կողմնակալության ամրապնդմանը[16]։ Բացի դա, մտահոգություն կա, որ սատանդարտի անհետևողական կիրառումը կարող է սրել ռասայական և գենդերային կողմնակալությանը[17]։ Հոգեբան Ռիչարդ Շիֆրինը պնդել է, որ ստանդարտը չպետք է օգտագործվի հետազոտությունների հրապարակումը արգելելու համար, այլ՝ պարզելու, թե որն է երևույթի լավագույն բացատրությունը[18]։ Ի հակադրում, մաթեմատիկական հոգեբան Էրիկ-Յան Վագենմեյքերսը նշել է, որ արտառոց պնդումները հաճախ սխալ են և դրանց տպագրությունը «աղտոտում է գրականությունը»[19]։ Նման պնդումների հրապարակումը որակավորելու համար հոգեբան Սյույոգ Չանդրամուլին առաջարկել է ներառել դրանց արժանահավատության վերաբերյալ գրախոսների կարծիքները կամ կից ներկայացնել հրատարակումից հետո արված կարծիքները[16]։

Արհեստական բանականության ոլորտի գիտնական Բեն Գյորցելը հավատում է, որ արտահայտությունը օգտագործվում է որպես «հռետորական մեմ»՝ առանց քննադատական մտքի։ Փիլիսոփա Թեոդոր Շիկը պնդել է, որ «արտառոց պնդումները արտառոց փաստերի կարիք չունեն», եթե դրանք տալիս են ամենահամարժեք բացատրությունը[8]։ Ըստ թեիստ և քրիստոնեության ջատագով Ուիլյամ Լեյն Քրեյգի՝ անարդար այս ստանդարտը կրոնական հրաշքների համար կիրառել, քանի որ այլ անհավանական պնդումները հաճախ ընդունվում են սահմանափակ փաստարկներով (օրինակ, երբ ինչ-որ մեկը վիճակախաղ է շահում)[20][21]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

portrait of philosopher David Hume
Փիլիսոփա Դեյվիդ Հյումը հավանաբար առաջինն է ամբողջությամբ նկարագրեց Սագանի ստանդարտի սկզբունքները:

Սագանը տարածել է աֆորիզմը իր 1979 թվականի «Բրոկայի ուղեղը» գրքում[22][12] և 1980 թվականի «Տիեզերք. անձնական ուղևորություն» հեռուստաշոուում՝ հղում անելով այլմոլորակայինների Երկիր այցելության մասին պնդումներին[23]։ Սագանը առաջին անգամ նշել է ստանդարտը 1977 թվականին «Վաշինգտոն Փոստին» տված հարցազրույցում[24]։ Սակայն, գիտական թերահավատ Մարչելո Տրուզզին օգտագործել է «արտառոց պնդումները արտառոց ապացույցների կարիք ունեն» (անգլ.՝ Extraordinary claims require extraordinary proof) արտահայտությունը 1975 թվականին «Parapsychology Review»-ում տպագրված հոդվածում[24], ինչպես նաև 1978 թվականին «Zetetic Scholar»-ում տպագրված հոդվածում[25]։ Ֆիզիկոս Ֆիլիպ Աբելսոնը 1978 թվականին (այն ժամանամ «Science» ամսագրի խմբագիր) հրատարակված երկու հոդվածում օգտագործել է Տրուզզիի արտահայտությունը[26][27]։

1748 թվականին փիլիսոփա Դեյվիդ Հյումը իր «Հրաշքների մասին» (անգլ.՝ Of Miracles) էսսեյում ձևակերպել է Սագանի ստանդարտի սկզբունքը[28][29]։ Դեմինգը եզրակացրել է, որ սա ստանդարտի առաջին ամբողջական ձևակերպումն է եղել։ Ի տարբերություն Սագանի, Հյումը սահմանել է «արտառոց» եզը. ըստ նրա, դա մեծ քանակությամբ փաստերն են[29][30]։

Լայնորեն տարածված մեջբերումների ծագման պնդումները ստուգող «Quote Investigator» կայքը նշում է նման պնդումներ Բենջամին Բեյլիից (1708), Արթուր Էշլի Սայքսից (1740), Բեյլբի Պորթյուսից (1800), Էլիհու Պալմերից (1804) և Ուիլյամ Քրեյգ Բրաունլիից (1824)[24]։ Ֆրանսիացի գիտնական Պիեռ Սիմոն Լապլասը Արեգակնային համակարգի կայունության վերաբերյալ էսսեյում (1810 և 1814 թվականներ) գրել է՝ «արտառոց պնդումների փաստերի կշիռը պետք է համապատասխան լինի իր արտասովորությանը»[4][24]։ Թոմաս Ջեֆերսոնը 1808 թվականին գրել է. «Ամեն օր տեղի են ունենում հազարավոր երևույթներ, որոնք մենք չենք կարող բացատրել, բայց երբ մեզ հայտնի բնության օրենքների անալոգ չունեցող փաստեր են առաջարկվում, դրանց ճշմարտացիությունը կարիք ունի ապացույցների՝ համաչափ դրանց դժվարությանը։»[31][32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kaufman (2012), p. 124.
  2. Kiely et al. (2019), p. 1475.
  3. Lineweaver (2022)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Tressoldi, p. 1.
  5. 5,0 5,1 Voss et al. (2014), p. 893.
  6. 6,0 6,1 Smith (2011)
  7. Tressoldi, pp. 1–3.
  8. 8,0 8,1 Evidence for Psi (2015), p. 292.
  9. Salas et al. (2020)
  10. Pinter et al. (2008), pp. 37–38.
  11. McMahon (2020), p. 117.
  12. 12,0 12,1 Deming (2016), p. 1320.
  13. The Library of Congress.
  14. 14,0 14,1 Deming (2016), pp. 1319–1320.
  15. Cardeña (2018), p. 673.
  16. 16,0 16,1 16,2 Shiffrin et al. (2021), p. 266.
  17. Shiffrin et al. (2021), p. 272.
  18. Shiffrin et al. (2021), p. 265.
  19. Shiffrin et al. (2021), pp. 265–266.
  20. Larmer (2015), p. 125.
  21. Craig (2008) [1994], p. 273.
  22. Sagan (1979), p. 62.
  23. Sagan (1980), 1:24 min.
  24. 24,0 24,1 24,2 24,3 Quote Investigator (2021)
  25. Truzzi (1978), p. 11.
  26. U.S. News & World Report (1978), pp. 41–42.
  27. Rao (1978), pp. 41–42.
  28. "Suppose, for instance, that the fact, which the testimony endeavours to establish, partakes of the extraordinary and the marvellous; in that case, the evidence, resulting from the testimony, admits of a diminution, greater or less, in proportion as the fact is more or less unusual."
  29. 29,0 29,1 Deming (2016), p. 1328.
  30. Pigliucci (2013), p. 500.
  31. Berkes (2008)
  32. "Letter to Daniel Salmon".

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]