Ռումինիայի կոմունիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումինիայի կոմունիստական կուսակցություն
ռումիներեն՝ Partidul Comunist Român
Изображение логотипа
Տեսակկոմունիստական կուսակցություն
Երկիր Ռումինիա
ԱռաջնորդՆիկոլաե Չաուշեսկու
Հիմնադրվածմայիսի 8, 1921
Լուծարվածդեկտեմբերի 22, 1989
Գաղափարախոսությունմարքսիզմ-լենինիզմ, national communism?, ultranationalism?, Protochronism?, կոմունիզմ, Նեոստալինիզմ և ձախ ազգայնականություն
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՇտաբԲուխարեստ, Ռումինիա
 Romanian Communist Party Վիքիպահեստում

Ռումինիայի կոմունիստական կուսակցություն, (ՌԿԿ) (մինչև 1922-ի վերջը կոչվել է Ռումինիայի սոցիալիստական–կոմունիստական կուսակցություն, մինչև 1948-ի փետրվարը՝ Ռումինիայի կոմունիստական կուսակցություն, 1946-ի փետրվարից մինչև 1965-ի հուլիսը՝ Ռումինիայի բանվորական կուսակցություն, 1965-ի հուլիսից՝ ՌԿԿ), հիմնադրվել է 1921-ի մայիսին՝ Բուխարեստում կայացած Ռումինիայի սոցիալիստական կուսակցության համագումարում։ Ստեղծման օրվանից մտել է Կոմինտերնի մեջ։ Կոմկուսի ստեղծումը պայմանավորված էր Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության ազդեցությամբ Ռումինիայում ծավալված հեղափոխական շարժման վերելքով։ Կուսակցության հիմնադիր համագումարն արտահայտեց իր համերաշխությունը Սովետական Ռուսաստանի հետ՝ դատապարտելով նրա դեմ պատերազմ հրահրելու իմպերիալիստական տերությունների քաղաքականությունը։ 1924-ի ապրիլից մինչև 1944-ի օգոստոսը գործել է ընդհատակում։ Երկրի բանվորական շարժման մեջ կարևոր դեր է կատարել ՌԿԿ V համագումարը (1931), որտեղ որոշվել է բանվորներին (անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից) միավորել գործողությունների միասնական կոմիտեների մեջ։ Միասնական ճակատի տակտիկան նշանակալի հաջողություն է ունեցել 1933-ին՝ կոմկուսի կողմից գլխավորվող երկաթուղայինների և նավթագործների ելույթների ժամանակ։ Կոմունիստների նախաձեռնությամբ հետագայում ստեղծվել է Պայքարի հակաֆաշիստական դեմոկրատական ճակատ։ Ռազմաֆաշիստական բռնապետության շրջանում (1940–1944), երբ Ռումինիան երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցում էր ֆաշիստական Գերմանիայի կողմում, կոմկուսը գլխավորում էր հայրենասիրական ուժերի պայքարը՝ հանուն բռնապետության տապալման և ԽՍՀՄ–ի դեմ պատերազմից դուրս գալու։ 1943-ին ՌԿԿ–ի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայրենասիրական հակահիտլերյան ճակատ։ 1944-ի մայիսի 1-ին կոմկուսը և սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, հակառակ աջ սոցիալ–դեմոկրատների դիմադրության, ստեղծեցին միասնական բանվորական ճակատ։ Սովետական բանակի հարձակման բարենպաստ պայմաններում, կոմկուսը 1944-ի օգոստոսի 23-ին կազմակերպեց ժողովրդական զինված ապստամբություն, որի շնորհիվ ռազմաֆաշիստ․ վարչակարգը տապալվեց։ 1945-ի մարտին Ռումինիայում ստեղծվեց դեմոկրատական կառավարություն, որտեղ ղեկավար դերը պատկանում էր բանվոր դասակարգի ներկայացուցիչներին։ Կոմկուսի նախաձեռնությամբ անցկացվեցին ագրարային ռեֆորմ և դեմոկրատական այլ վերափոխումներ։

1946-ի մայիսին կայացած պառլամենտական ընտրություններում կոմկուսի գլխավորած դեմոկրատական բլոկը շահեց ձայների մեծամասնությունը։ 1947-ի դեկտ․ 30-ին միապետությունը վերացնելուց և հանրապետություն հռչակվելուց հետո կուսակցությունը աշխատավորների ջանքերն ուղղեց սոցիալիստական հեղափոխության խնդիրների իրագործմանը։ 1948-ի գարնանը կոմունիստական և սոցիալ–դեմոկրատական կուսակցությունները միավորվեցին Ռումինիայի բանվորական կուսակցության (ՌԲԿ) մեջ։ Ընդունվեց առաջին դեմոկրատական սահմանադրությունը, ազգայնացվեցին արտադրության հիմնական միջոցները՝ նյութական նախադրյալներ ստեղծելով երկրի սոցիալիստական ինդուստրացման համար։ 1949-ից սկսվեց գյուղացիական տնտեսությունների կոոպերացումը, որն ավարտվեց 1960-ական թվականների սկզբին։ ՌԿԿ VIII համագումարը (1960-ի հունիս) հավաստեց, որ Ռումինիայում ստեղծվել է սոցիալիզմի տնտեսական հիմքը և երկիրը թևակոխել է նրա շինարարության ավարտի փուլը։ ՌԿԿ IX համագումարը (1965-ի հուլիս) արձանագրեց սոցիալիստական արտադրահարաբերությունների լիակատար հաղթանակը քաղաքում և գյուղում։ Ընդունվեց նոր սահմանադրություն, որով Ռումինիան հռչակվեց սոցիալիստական հանրապետություն։ ՌԿԿ հետագա համագումարներում (X–1969, XI–1974, XII–1979) կանխագծվեցին երկրի տնտեսական–սոցիալական հեռանկարային և ընթացիկ զարգացման պլանները։ ՌԿԿ ԿԿ–ի 1974-ի մարտյան պլենումի որոշմամբ վերացվեց ԿԿ–ի մշտական նախագահությունը, փոխարենը ստեղծվեց ՌԿԿ ԿԿ–ի գործադիր կոմիտե։ XI համագումարում ընդունվեց կուսակցության նոր ծրագիր, փոփոխություններ մտցվեցին ՌԿԿ կանոնադրության մեջ։ ՌԿԿ ԿԿ Գործադիր կոմիտեն վերանվանվեց ՌԿԿ ԿԿ–ի Քաղգործկոմ։

ՌԿԿ մասնակցել է Մոսկվայում 1957, 1960 և 1969 թթ․ կայացած կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։ ՌԿԿ ղեկավարվում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով։ Նրա բարձրագույն մարմինը համագումարն է, իսկ դրանց միջև ընկած շրջանում՝ Կենտկոմը, որն իր կազմից ընտրում է Քաղգործկոմ և Քարտուղարություն։ 1974-1989 թթ. ՌԿԿ գլխավոր քարտուղարն էր Ն․ Չաուշեսկուն էր։ Կենտրոնական տպագիր օրգաններն են՝ «Սկինտեյա» («Scinteia») թերթը և «էռա Սոչիալիստե» («Era socialista) տեսական ամսագիրը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումինիայի կոմունիստական կուսակցություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 32