Ռուդոլֆ Զաքոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Զաքոյան
 
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1954)
Գիտական աստիճան՝ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գյուղատնտես
Ծննդյան օր սեպտեմբերի 30, 1930(1930-09-30)
Ծննդավայր Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հունիսի 18, 2000(2000-06-18) (69 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ԺՏՆՑ ոսկե մեդալ

Ռուդոլֆ Հովհաննեսի Զաքոյան (սեպտեմբերի 30, 1930(1930-09-30), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 18, 2000(2000-06-18), Երևան, Հայաստան), գյուղատնտես, խորհրդային կուսակցական և պետական գործիչ, ՀԿԿ Սևանի շրջանի առաջին քարտուղար (1964-1968), ՀԿԿ Էջմիածնի շրջանի առաջին քարտուղար (1968-1974), Արմգիպրոզեմ ինստիտուտի տնօրեն (1974-1994), Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) գյուղատնտեսության ամբիոնի վարիչ (1994-2000), պրոֆեսոր, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Հովհաննեսի Զաքոյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Դիլիջան քաղաքում՝ ծառայողի ընտանիքում։ Երևան քաղաքի 26 կոմիսարների անվան դպրոցն ավարտելուց հետո 1949 թվականին ընդունվել է ՀԳՀԻ այգեգործության և խաղողագործության ֆակուլտետը, որն ավարտել է 1954 թվականին՝ ստանալով գյուղատնտեսի կոչում, այնուհետև աշխատանքի է ուղարկվել Վարդենիսի ՄՏՍ-ում՝ որպես գյուղատնտես։ 1956 թվականի մարտին լավ աշխատանքի համար առաջադրվել է Վարդենիսի պետական պտղաբուծական սովխոզի տնօրեն, որտեղ Սևանի ավազանում կատարած աշխատանքի շնորհիվ տարածվել են Միչուրինի խնձորի, տանձի, սալորի և հատապտղի կուլտուրաները։

1959 թվականի հուլիսին Զաքոյանը նշանակվել է Հրազդանի շրջանի գյուղատնտեսական տեսչության պետ, որտեղ ընտրվել է Հրազդանի շրջգործկոմի նախագահի տեղակալ։ Նույն թվականին առաջադրվել է կուսակցական աշխատանքի՝ նախ գյուղատնտեսության բաժնի հրահանգիչ, ապա՝ ՀԿԿ Կենտկոմի կուսակցական բաժնի կազմակերպիչ։ 1962 թվականին ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի որոշմամբ Զաքոյանն առաջադրվել է ՀԿԿ Կենտկոմի Հրազդանի արտադրական կոլեկտիվ-Սովխոզի վարչակազմի կուսակցական կազմակերպիչ, 1963 թվականին ընտրվել է Հայաստանի կոմկուսի Սևանի գյուղական արտադրության կուսակցական կոմիտեի քարտուղար, իսկ 1964 թվականի դեկտեմբերից՝ ՀԿԿ Սևանի շրջանի առաջին քարտուղար։ Այդ տարիների ընթացքում առավել ցայտուն են դրսևորվել նրա աշխատանքային ահռելի կարողությունները, կազմակերպչական մեծ ունակությունները, շրջանի՝ Հանրապետության կուսակցական ակտիվիստի անվիճելի առաջնորդի որակները։ Լայն ծավալով թե՛ Սևան քաղաքում, թե՛ ողջ շրջանում իրականացվել են մշակութային և համայնքային օբյեկտների, նոր արտադրական օբյեկտների, բնակարանային շինարարություն։ Սևանի տարածաշրջանում Զաքոյանի աշխատանքի գագաթնակետը Սևանա լիճը հանրապետական նշանակության հանգստի գոտի դարձնելու նրա գաղափարն էր և այդ գաղափարի իրականացումը։ Հանրային հնչեղություն հաղորդելու և հանրապետության ղեկավարության ուշադրությունն այդ ձեռնարկման վրա հրավիրելու համար 1967 թվականին Զաքոյանը մշակույթի, արվեստի, մտավորականության, կուսակցական, խորհրդային առաջնորդների մի խումբ աշխատողների հետ մամուլում բաց նամակ է հրապարակել Սևանա լճի ավազանը հանրապետության աշխատավորների հանգստի գոտու վերածելու վերաբերյալ։ Ելույթը ջերմ է ընդունվել և կարճ ժամանակում կառուցվել են քսանից ավելի հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարաններ, զբոսաշրջային և սպորտային բազաներ, սոցիալ-մշակութային օբյեկտներ։ Զաքոյանը մեծ ուշադրություն է դարձրել բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։ Այդ տարիներին նրա կողմից բարձրացվել է Սևան քաղաքը խմելու ջրով ապահովելու, այն հանրապետական ենթակայության քաղաք դարձնելու, բարձրլեռնային գոտու և սոցիալական այլ խնդիրների համար աշխատողների աշխատավարձին 20% հավելավճար սահմանելու հարցը։ Մեծ աշխատանքներ են կատարվել լճի ափերի կանաչապատման ուղղությամբ։

1968 թվականին Զաքոյանն ընտրվել է ՀԿԿ Էջմիածնի շրջկոմի առաջին քարտուղար, որտեղ մինչև 1974 թվականը կազմակերպել է միութենական նշանակության մեկ տասնյակից ավելի արտադրական օբյեկտների և գործարանների շինարարություն՝ իրենց ենթակառուցվածքներով և բնակելի տարածքներով։ Այդ ձեռնարկությունների զգալի մասը գյուղմթերք վերամշակող գործարաններ են եղել[1]։ Էջմիածին քաղաքի բնակարանաշինությունն ու բարեկարգումն իրականացվել է արագ տեմպերով։ Սկսել են կատարել հին խաղողի այգիների ամբողջական վերակառուցում, հազարավոր հեկտարներով նոր խաղողի, ծիրանի այգիներ են հիմնվել, մեծ հաջողություններ են գրանցվել նաև բանջարաբուծության ոլորտում։

ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի 1974 թվականի որոշմամբ Զաքոյանը նշանակվել է Հողաշինության հայկական պետական նախագծային ինստիտուտի տնօրեն։ Ինստիտուտում երկարատև աշխատանքի ընթացքում նա իրեն դրսևորել է որպես գյուղատնտեսական արտադրության բարձր որակավորում ունեցող մասնագետ, գիտության և հողաշինության նախագծման կազմակերպիչ, եղել է այնպիսի խոշոր մշակումների նախաձեռնողը, անմիջական ղեկավարը և իրականացնողը, ինչպիսիք են հողային կադաստրը, Հայկական ԽՍՀ հողային ռեսուրսների երկարաժամկետ օգտագործման ընդհանուր ոլորտային սխեմաները, պրոֆեսոր Ի. Յու. Լևիցկու հետ միասին համարվել են ԽՍՀՄ-ում առաջին անգամ ստեղծված Հայկական ԽՍՀ հողային ատլասի հեղինակը։

Զաքոյանը պաշտպանել է թեկնածուական թեզ հողագիտության ոլորտում[2], ավելի քան 48 աշխատությունների հեղինակ է։

Եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության 25-րդ համագումարի նախագահության անդամ[3]։

Որպես հողի արդյունավետ օգտագործման սկզբունքային ջատագով, գյուղական բնակչության կյանքի փորձագետ և հողի սեփականաշնորհման պետական հանձնաժողովի անդամ՝ Զաքոյանն ակտիվորեն դեմ է արտահայտվել հողերի սեփականաշնորհմանը` չապահովելով աղքատ գյուղական բնակչության համար հողերի արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ պայմանները։ Զաքոյանի և ՀՀ կառավարության հարաբերություններն ավելի են սրվել Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում ակադեմիկոս Նիկոլայ Վավիլովի կողմից հայտնաբերված վայրի ցորենի հսկայական հողամասը բնակարանաշինությանը հատկացնելու որոշման սուր քննադատությունից հետո։ 1994 թվականին, ավելի քան քսան տարի աշխատելով իր ստեղծած «Արմգիպրոզեմ» ինստիտուտում, ազատվել է ինստիտուտի տնօրենի պաշտոնից և սկսել դասավանդել Գյուղատնտեսական ակադեմիայում։ Զաքոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է հողաշինության բաժին, որտեղ եղել է ամբիոնի առաջին վարիչ[4]՝ պրոֆեսոր և աշխատել է մինչև կյանքի վերջ։

Երկարամյա և անբասիր աշխատանքի համար Զաքոյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Աշխատանքային կարմիր դրոշի և ԽՍՀՄ մեդալներով, եղել է ՀԽՍՀ երեք գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր և ընտրվել Հայաստանի կոմկուսի կենտկոմի անդամ։

Զաքոյանը մահացել է 2000 թվականի հունիսի 18-ին, Երևանում[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вазген Киракосян. Знаменитые севанцы: биографические очерки. — Ереван: издательство «Тигран Мец», 2002. — С. 471—473.
  • Рудик Геворкян. Сборная сила. — Ереван: издательство «Эдит Принт», 2005. — ISBN 99941-36-74-7. — С. 375—378.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Промышленность Армении: технико-экономический бюллетень. 1969. Том 11. С. 73.
  2. «Резервы увеличения пахотных земель в бассейне озера Севан: на примере Варденисского и Севанского районов Армянской ССР». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. Газета «Советская Армения» № 48 (15250), 26 февраля 1971
  4. ՀԱԱՀ Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն
  5. Газета «Коммунист Армении», № 26 (333), 7-14 июля 2000 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]