Ռոստով (հյուրանոց, Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստով
Տեսակտեսարժան վայր և հյուրանոց
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Բուդյոննու պողոտա
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

«Ռոստով» հյուրանոց (ռուս.՝ Гостиница «Ростов»), երեքաստղանի մեծ հյուրանոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի պատմական կենտրոնում, Հոկտեմբերյան շրջանում։ Այն կառուցվել է 1934 թվականին խորհրդային կոնստրուկտիվիզմի ոճով ճարտարապետներ Ի. Ե. Չերքեզյանի, Խ. Ք. Չալխուշյանի և Լ. Լ. Էբերգի նախագծով։ Դոնի Ռոստով քաղաքի ամենահին գործող հյուրանոցն է[1]։ Շենքը ներկայում զբաղեցնում է Marins Park Hotel Rostov հյուրանոցը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստրուկտիվիզմ ոճի, որով կառուցվել է շենքը, բնութագրական առանձնահատկություններն էին կառուցվածքիի երկրաչափայնությունը, ճակատների ասկետիկ չորությունը, ֆունկցիոնալ նախագծումը, մոխրագույն, չներկված երկաթբետոնե ճակատները, ապակեպատ մեծ տարածքները, պատուհանների ժապավենաձև բնույթը (ուղղահայաց կամ հորիզոնական), հարթ տանիքները, որոնք թաքնված են ճաղաշարերի հետևում, շենքի տեսանելի կերպով ընթեռնելի կառուցվածքը[1]։

Շենքի տարածական լուծման կոնստրուկտիվիստական ասկետիզմը զուգակցվում է գլխավոր ճակատի համաչափ կառուցվածքի, մասնաշենքերի զանգվածների հավասարակշռվածության հետ։ Գլխավոր ճակատի հիմնական ծավալը վերածվում է յոթհարկանի մասնաշենքի։ Կրասնոարմեյսկայա փողոցի մուտքը զարդարված է մեծ կիսաշրջանաձև էրկերով։ Գլխավոր մուտքն ընդգծվում է երկու հենասյուներով։ Ճակատի համաչափությունն ընդգծվում է գլխավոր ճակատի վերին կենտրոնական հատվածում գտնվող «Մեծ արարումը» բարձրաքանդակով, որը պսակում է երեք հարկերով ձգվող էրկերների բլոկը։ Յոթ աշխատավոր տղամարդկանց պատկերող բարձրաքանդակի հեղինակներն են քանդակագործներ Ս. Գ. Կորոլկովը, Ե. Վ. Վուչետիչը։ Բարձրաքանդակի և էրկերների երկու կողմերում որմնասյուներ են։ Սկզբնապես բարձրաքանդակը ենթադրում էր եռամաս հորինվածք, սակայն ճակատին մարմնավորվեց ընդամենը մեկը[3]։

Ներսում գտնվում են ընդարձակ պայծառ նախասրահը, վերելակը, մարմարե լայն աստիճանները, ռեստորանի երկկողմանի դահլիճը վերնասրահով, որն ունի անկախ նախասրահ և աստիճաններ։ Այն նախատեսված է 350 տեղի համար։ Ներսից լուսավորվող կախովի ապակե առաստաղը ռեստորանի դահլիճին հաղորդում է շքեղություն և հանդիսավորություն։ Գլխավոր նախասրահի առաստաղը նույնպես կախովի է։ Դահլիճը բաղկացած է սպիտակ ձողաձև կեսոններից, որոնց մեջ տեղադրված են քառակուսի և կլոր փայլատ ապակիներ։ Մուտքի դիմաց փոքրիկ պուրակ է[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցի շենքը 1942 թվականին, օկուպացիայի ժամանակ

Օկուպացիայի ժամանակ շենքում տեղակայված էր գերմանական զինվորական ակումբը։ Քաղաքն ազատագրելիս հյուրանոցը տուժել է։ Պատերազմից հետո նախկին համարներում տեղակայվել էին կոմունալ բնակարանների սենյակները։ Պատուհաններից դուրս էին գալիս բուրժույկա վառարանների խողովակները։ Շենքի խիտ բնակեցվածության պատճառով Դոնի Ռոստովի իշխանությունները երկար ժամանակ չէին կարողանում սկսել վերականգնումը։ Վերակառուցումն ավարտվել է միայն 1965 թվականին՝ ճարտարապետ Լ. Լ. Էբերգի ղեկավարությամբ։ «Ռոստով» հյուրանոցը դարձել է Ռոստովի Դոնի պատերազմից հետո վերականգնված վերջին շենքը։ Միևնույն ժամանակ, նրա սկզբնական տեսքը մասամբ կորսվել է. ապամոնտաժվել են երկու հարկերով անցնող սյուները, պատուհանների շրջանակների մուգ գույնը փոխարինվել է սպիտակով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Гостиница «Ростов»». Ростовское отделение ВООПИК. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Контактная информация. Ростов-на-Дону, пр. Буденновский, д. 59». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  3. Платохина, Наталья Алексеевна Архитектурное пространство как среда развития у дошкольников ценностного отношения к родному городу. — Ростов-на-Дону, 2002. — С. 79.
  4. 4,0 4,1 «Советский конструктивизм». Rostov-Region. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]