Jump to content

Ռոդոպիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդոպիս
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար
Մահացել էմ.թ.ա. 6-րդ դար
Մասնագիտությունհետերա

Ռոդոպիս (հին հունարեն՝ Ῥοδῶπις, բառացի՝ «Վարդագույն այտ», իրական անունը, հնարավոր է, Դորիխա), հետերա, որ ապրել է, հավանաբար, մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում, բանաստեղծուհի Սապփոյի ժամանակակիցն ու նրա եղբոր սիրուհին, Մոխրոտիկի մասին հեքիաթի (նրա կորցրած կոշիկի)՝ ամենավաղ գրված տարբերակի հավանական նախատիպը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդոպիսի կյանքի մասին պատմող միակ պատմական աղբյուրը հին հունական պատմաբան Հերոդոտոսի պատմությունն է։ Վերջինս ապրել է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում։ Ըստ Հերոդոտոսի՝ Ռոդոպիսն ապրել է Ամասիս II փարավոնի (մեր թվարկությունից առաջ 570-526 թվականներ) ժամանակներում։ Նա ծնունդով Թրակիայից էր և առակագիր Եզոպոսի հետ ստրկության մեջ էր գտնվում Յադմոնի մոտ՝ Սամոս կղզում։ Ռոդոպիսը վաճառվել է Եգիպտոսում, որտեղ «զբաղվել է իր արհեստով», որից հետո Խարաքսը՝ բանաստեղծուհի Սապփոյի եղբայրը, նրան գնել է մեծ գումարով և ազատություն տվել։ Դրա համար Սապփոն եղբորը ծաղրել է իր բանաստեղծություններում։ Թերևս Ռոդոպիսը Սապփոյի բանաստեղծություններում հիշատակվում է Դորիխա անունով. այդ են ցույց տալիս պահպանված մի շարք հատվածները, սակայն Սապփոյի ոչ մի ստեղծագործության մեջ կուրտիզանուհու լրիվ անունը չի հիշատակվում։

Ռոդոպիսը մնացել է Եգիպտոսում և ձեռք բերել զգալի կարողություն, իր եկամտի տասներորդ մասով նա պատվիրել և որպես նվեր Դելֆի է ուղարկել երկաթե բազմաթիվ շամփուրներ, որոնցով հնարավոր էր խորովել ամբողջ ցուլեր։ Ըստ Հերոդոտոսի՝ հարյուր տարի անց այդ շամփուրները շարունակում էին մնալ տաճարի առջևի զոհասեղանին[1]։

Հիշատակումներ այլ հեղինակների մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոդոտոսից հետո անտիկ բազմաթիվ հեղինակներ (Ստրաբոն, Աթենեոս, Պուբլիուս Օվիդիուս Նասո) և Սուդա հանրագիտարանը հիշատակել են Ռոդոպիսի և Խարաքսի հարաբերությունների մասին։ Ստրաբոնը, որ ապրել է մեր թվարկության սահմանագծին, Հերոդոտոսի պատմությանն ավելացրել է, որ Խարաքսը վաճառել է լեսբոսյան գինի, և Սապփոն Ռոդոպիսին անվանել է «Դորիխա»։ Աթենեոսը, որ ապրել է 2-3-րդ դարերի սահմանգծին, կուրտիզանուհուն անվանել է Դորիժա և հայտարարել, որ Հերոդոտոսը նրան շփոթել է Ռոդոպիսի՝ բոլորովին այլ կնոջ հետ։ Նա նաև մեջբերել է Պոսիդիպուսի էպիգրաման (մեր թվարկությունից առաջ 3-րդ դար), որը վերաբերում է Դորիխային և Սապփոյին։ Հիմնվելով այդ պատմությունների վրա՝ գիտնականները ենթադրել են, որ Դորիխան կարող էր հիշատակվել Սապփոյի բանաստեղծություններում։ Պահպանված հատվածներից ոչ մեկը չի պարունակում այդ անունն ամբողջության, բայց հաճախ գտնում են, որ 7-րդ և 15-րդ հատվածներում կա «Դորիխա» անվան պատառիկը։ Ժամանակակից հետազոտող Ջոել Լիդովը այդ ենթադրությունը ենթարկել է քննադատության՝ պնդելով, որ Դորիխայի մասին ավանդությունը չի օգնի վերականգնել որևէ հատված Սապփոյի բանաստեղծություններից, և որ այն սկիզբ է առել Կրատինուսի կամ Հերոդոտոսի ժամանակներում ապրած մեկ այլ երգիծաբանի ստեղծագործություններում։ Սակայն 2014 թվականին հայտնաբերված անտիկ պապիրուսում Սապփոյի տեքստերը հաստատում են Աթենեոս և Պոսիդիպուսի մեկնաբանությունները և, միաժամանակ, ճշտում Հերոդոտոսին։ Խարաքսն իսկապես սիրահարված էր հետերա Դորիխային, և Սապփոյի ղեկավարած երգչախումբը դրա համար նրան երգով նախատել է[2]։ Հերոդոտոսը սխալ կերպով նույնացրել է Սապփոյի մոտ հիշատակվող Դորիխային հայտնի հետերա Ռոդոպիսի հետ, որն ապրել է շատ ավելի ուշ։

«Եգիպտական Մոխրոտը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնհայտ է, որ Ռոդոպիսի մասին լեգենդներ են հյուսվել նրա մահից անմիջապես հետո, քանի որ Հերոդոտոսից հարյուր տարի առաջ ապրած մարդը գրել է, որ որոշ հելլեններ համարում են, թե իբր Միկերինի բուրգը՝ Գիզայի երեք բուրգերից մեկը, պատկանել է Ռոդոպիսին։ Հերոդոտոսը հերքել է այդ հորինվածքները՝ ցույց տալով, որ Ռոդոպիսն ապրել է Միկերինից ավելի ուշ և այնքան հարուստ չէր, որ նրա համար կառուցեր այդքան մեծ բուրգ։

Անորոշ ժամանակաշրջանում Ռոդոպիսի լեգենդար կենսագրությունը ձեռք է բերել «Մոխրոտի մասին հեքիաթի» տեսք։ Ռոդոպիսի պատմության այդ տարբերակը պատմել է Ստրաբոնը.

...լողանալու ժամանակ արծիվը Ռոդոպիսի սանդալը գողացել է աղախնի մոտից և տարել Մեմֆիս այն ժամանակ, երբ թագավորն այնտեղ դատ էր անցկացնում բաց երկնքի տակ, արծիվը, կանչելով նրա գլխավերևում, սանդալը գցել է նրա ծնկների վրա։ Թագավորը, զարմանալով ինչպես սանդալի հիանալի ձևից, այնպես էլ տարօրինակ միջադեպից, մարդկանց ուղարկել է ամբողջ երկրով մեկ՝ որոնելու այն կնոջը, որը հագել է այդ սանդալը։ Երբ նրան գտել են Նավկրատիս քաղաքում և տարել Մեմֆիս, նա դարձել է թագավորի կինը, թագուհին մահից հետո թաղվել է վերոհիշյալ գերեզմանում։

Ստրաբոնը նաև նշել է, որ Միկերինի բուրգը պատկանել է Ռոդոպիսին, և վերջինիս համար կառուցել են իր սիրեկանները[3]։

Այս նույն լեգենդը պատմել է նաև հռոմեացի հեղինակ Կլավդիուս Էլիանուսը, որն ապրել է 2-3-րդ դարերում։ Նա Ռոդոպիսին անվանել է Ռոդոպիդոյ և նշել Պսամետիհ փարավոնի անունը[4] (այդ անունով մի քանի փարավոններ են իշխել)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հերոդոտոս, «Պատմություն», Գիրք II, Գլուխներ 134-135։
  2. Obbink, D. The New Poems by Sappho, Zeitschrift für Papyrologie und Epigraphik Bd. 189, 32-49.
  3. Страбон. «География». Книга XVII. Глава 33
  4. Клавдий Элиан. «Пёстрые рассказы». Книга XIII, глава 33

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • William Smith, ed. "Rhodopis" in the Dictionary of Greek and Roman Biography and Mythology (1870), vol. 1, p. 268.
  • Anderson, Graham (2000). Fairytale in the ancient world. Routledge. էջ 27. ISBN 978-0-415-23702-4.(չաշխատող հղում)
  • Lidov, Joel B. (2002). "Sappho, Herodotus, and the Hetaira". Classical Philology. 97 (3): 215.
  • Hans Wolfgang Helck, Rhodopis, in: Der Kleine Pauly, Band 4, Sp. 1420 f.
  • Ulf Diederichs: Who’s who im Märchen. Dtv 2002 ISBN 3423325372 (zu Aschenputtel).
Գեղարվեստական

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]