Ռիգայի ամրոց
![]() | |
Տեսակ | դղյակ |
Հասցե | Pils laukums 3[1] |
Վարչական միավոր | Կենտրոնական շրջան[1] և Ռիգա[2] |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1330[1] |
Ընթացիկ սեփականատեր | Livonian Brothers of the Sword? |
Կայք | president.lv/pk/content/?cat_id=11&lng=en |
![]() | |
![]() | |
Riga Castle Վիքիպահեստում |
Ռիգայի ամրոց (լատիշ․՝ Rīgas pils, գերմ.՝ Rigaer Schloss), Լատվիայի նախագահի նստավայր: Գտնվում է Ռիգա քաղաքում՝ Դաուգավա գետի ափին: Լատվիայի մայրաքաղաքի պատմական ու մշակութային կարևոր նշանակություն ունեցող շենքերից է:
Օրդենի ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիգայի ամրոցի պատմությունը ակասվում է 1330 թվականից, երբ նրա շինարարությունը սկսել են Լիվոնյան օրդենի ասպետները: Օրդենի՝ Ռիգայի կենտրոնում գտնվող շենքի քանդվելուց հետո նոր կառուցված ամրոց է տեղափոխվել Լիվոնյան օրդենի մագիստրոսը, սակայն քաղաքացիների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով 15-րդ դարում նրա նստավայրը տեղափոխվել է Վենդեն (Ցեսիս):
Ռիգայի բնակիչների և օրդենի միջև հերթական կոնֆլիկտի ժամանակ 1484 թվականին ամրոցը գրեթե ոչնչացվել է: Կնքված հաշտության համաձայն` Ռիգայի բնակիչները պարտավորվում էին վերականագնել ամրոցը, որն էլ իրականացվել է 1497-1515 թվականներին:
Լեհական և շվեդական շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրդենի լուծարումից հետո ամրոցում ամրապնդվել են նախ լեհական (1578-1621), ապա շվեդական (1621-1710) տեղապահները, որոնք ընդարձակել ու վերակառուցել են ամրոցը սեփական ճաշակով ու սեփական պահանջմունքներին համապատասխան: Շինարարական նշանակալի աշխատանքներ են կատարվել հատկապես 1640-ական թվականներին, երբ ամրոցի նոր թևն է կառուցվել: 1683 թվականին համալիրին կից կառուցվել է զինանոց:
Ամրոցի ներկայացուցչական գործառույթը արդեն 17-րդ դարում իր տեղը զիջում է պաշտպանական նշանակությանը: Ռիգայի պաշտպանական դերը ստանձնում է Դաուգավգրիվա ամրոցը: Այդ տարիներին Ռիգայի ամրոցը կիրառվել է նաև որպես բանտ: Մինչ Ռիգայի ամրոցից անգլիացի ազնվական Ջերոմ Հորսեյի փախուստը այստեղ է պահվել նաև Լիվոնիայի միակ արքա Մագնուսի այրին` Մարիա Ստարիցան:
Ռուսական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական զորքերի կողմից Ռիգայի պաշարումից ու գրավումից հետո (1710) Ռիգայի ամրոցում հաստատվել են Լիֆլանդիայի գեներալ-նահանգապետները: Առանձին շինություններ շարունակվել են կիրառվել որպես բանտ: Ռիգայի ամրոցի թերևս ամենահայտնի բանտարկյալներից են եղել ռուսական գահի մերժված ժառանգորդ Աննա Լեոպոլդովնան և նրա ընտանիքը[3]:
Ռուսական կառավարման շրջանում ամրոցը զգալիորեն կորցրել է իր պաշտպանական նշանակությունը և դրա հետ էլ իր նախկին խիստ տեսքը: 1783 թվականին ամրոցն ու ամրոցամերձ շինությունները միավորվել են շվեդական զինանոցի տեղում կառուցված նոր մասնաշենքով: 19-րդ դարում ամրոցային եկեղեցին փակվել է և քանդվել (1870), նոր մասնաշենքին մոտ կառուցվել է չորս հարկ, իսկ ամրոցի պատերի մոտ ի հայտ է եկել ընդարձակ հրապարակ:
20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Լատվիան անկախություն է ձեռք բերել, Ռիգայի ամրոցը հռչակվել է նախագահի նստավայր:
Ամրոցը տարբեր ժամանակաշրջաններում կառուցված շինությունների գունագեղ համադրություն է: Նախագահական նստավայրին ավելի ավարտուն ու ներկայացուցչական տեսք հաղորդելու համար նրա վերակառուցման աշխատանքներում ներգրավվել է ճարտարապետ Էյժեն Լաուբեն:
Ճարտարապետի նախագծով վերակառուցվել է Կարմիր սրահը, և 1938 թվականին կառուցվել է Երեք աստղի աշտարակը, որը, իմիջիայլոց, լավ չի ներդաշնակվում պատմական կառույցին:
Երբ Լատվիան մտել է ԽՍՀՄ կազմի մեջ, նախագահի տեղը Ռիգայի ամրոցում զբաղեցրել է Լատվիայի ԽՍՀ Ժողկոմխորհը:
1941 թվականի փետրվարին Ռիգայի ամրոցում բվացվել է պիոներների քաղաքային պալատը:
Ամրոցի հրապարակներում տեղակայվել են մի քանի թանգարաններ, այդ թվում՝ Արտասահմանյան արվեստի թանգարանը, Լատվիայի պատմության ազգային թանգարանը, Ռիգայի կինոթանգարանը:
1995 թվականի հունիսին ամրոցը կրկին դարձել է նախագահի նստավայրը: Այս շինություններում է գտնվում նախագահական գրասենյակը:
2012 թվականի աշնանը սկսվել է ամրոցի վերակառուցումը (նախագահի նստավայրը ժամանակավորապես տեղափոխվել է Չեռնոգոլովիների տուն): Աշխատանքներն իրականացրել են SBRE, Re&Re և Skonto būve ընկերությունները: Վերակառուցման ավարտը նախատեսվել էր երկուսուկես տարվա ընթացքում: Նախագծի վրա ծախսվել է շուրջ 21.78 միլիոն լատ[4]:
2013 թվականի հրդեհ ու վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսի 20-ին Ռիգայի վերականգնվող ամրոցում հրդեհ է բռնկվել: Հրդեհի մասին ազդանշանը հակահրդեհային ծառայությունը ստացել է 22:12-ին: Շինության տանիքն այրվել է բաց բոցով:
Սկզբում հրդեհը գրավել էր 50-100 մ² մակերես, սակայն կրակի արագ տարածման արդյունքում այն ընդգրկել է 3.200 մ² մակերեսով տարածք:
Հրդեհի շիջման աշխատանքներում ներգրավվել են Ռիգայի շրջանի 18 միավոր տեխնիկա, 80 աշխատակից:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Ռիգայի ազատ նավահանգստի նավաքարշ շոգենավ: Հրդեհը տեղայնացվել է 13:53-ին: Ամրոցի շենքը ապահովագրվել է:
Հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են ջրի սակավության պատճառով[5][6]:
Շենքում գտնվել է Պետական գեղարվեստական թանգարանի մոտ մեկ միլիոն ցուցանմուշ, որից տուժել է 40.000-ը: Մոտ 900.000 ցուցանմուշ է ունեցել Գրականության, թատրոնի ու երաժշտության թանգարանը: Դրանցից ջրից տուժել է 20.000 ցուցանմուշ:
2015 թվականի դեկտեմբերին ավարտվել են ամրոցի վերանորոգման աշխատանքները: Վերականգնման համար ծախսվել է 34.2 միլիոն եվրո: 2016 թվականի օգոստոսի 22-ին Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հրամանով վերսկսվել են ամրոցի շինրարական աշխատանքները[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Latvijas Vēstnesis (լատիշ.) — 1993.
- ↑ 2,0 2,1 archINFORM — 1994.
- ↑ Узник Рижского замка
- ↑ Президент: пожар в Рижском замке — национальное бедствие
- ↑ Резиденция президента Латвии пострадала от пожара BBC; 21 июня 2013 г.]
- ↑ Пожар в Рижском замке: выгорело 3200 квадратных метров, пострадал пожарный DELFI, 21 июня 2013
- ↑ Президентский переезд: Раймондс Вейонис начал работу в Рижском замке
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. — 1-е изд.. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 627—628. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0
- Прибалтийские русские: история в памятниках культуры. Рига: Институт европейских исследований, 2010. Ред. А. В. Гапоненко, 736 с. ISBN 978-9934-8113-2-6 — стр. 56-60
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիգայի ամրոց կատեգորիայում։ |
|