Ռաս ալ-Այն (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաս ալ-Այն (այլ կիրառումներ)
Գյուղ
Ռաս ալ-Այն
արաբ․՝ رأس العين قبلي‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄարզՀալեպի մարզ
ԳավառԱյն ալ-Արաբի գավառ
ՇրջանԱյն ալ-Արաբի շրջան
Բնակչություն2581 մարդ (2004)
Ռաս ալ-Այն (գյուղ) (Սիրիա)##
Ռաս ալ-Այն (գյուղ) (Սիրիա)

Ռաս ալ-Այն կամ Ռաս էլ-Այն (արաբ․՝ رأس العين قبلي‎‎‎), գյուղ Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի մարզում՝ Եփրատ գետի արևելյան ափին։ Գտնվում է Հալեպ քաղաքի հյուսիս-արևելքում։ Ըստ Սիրիայի ազգային վիճակագրական գրասենյակի կատարած մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 2004 թվականի դրությամբ կազմել է 2581 մարդ[1]։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Ռաս ալ-Այնում կուտակվել են արևմտյան Հայաստանի Սեբաստիայի (Սվազ), Դիարբեքիրի և Խարբերդի նահանգներից, այնուհետև Կոստանդնուպոլսից, Կիլիկիայից տեղահանված հայերը։ Տեղ է հասել բռնությամբ տեղահանվածների մոտ 10%-ը։ Ցրտի, քաղցի, համաճարակների հետևանքով Ռաս ալ-Այնում օրական մահացել է 500-600մարդ։

Նշելով, որ միայն 4 ամսում Ռաս ալ-Այնում մահացել է 13-14 հազար մարդ, տեղի գավառապետը խնդրել է դադարեցնել հայերի առաքումը։ Գաղթականների տեսչության ղեկավար Ա. Նուրին կարգադրել է ուժեղացնել գաղթականների հոսքը՝ պատճառաբանելով, որ համաճարակներից միաժամանակ կոչնչանան թուրքերի համար «վնասակար երկու տարրեր»՝ հայերը և արաբները։ Սիրիայի տարածքում, Ռաս ալ-Այնում հայերի առաջին խոշոր կոտորածը կազմակերպել է Վանի նախկին կուսակալ Ջևդեթ բեյը։ Նշանակվելով Ադանայի կուսակալ՝ Ջևդեթ բեյը 1916 թվականի փետրվարին ժամանել է բնակավայր և կարգադրել ոչնչացնել վրանաբնակ 50 հազար հայերին։ Հրամանը չկատարած գավառապետը հեռացվել է աշխատանքից, իսկ վերջինիս հաջորդողը մարտի 17-ին սկսել է տեղահանությունն ու կոտորածը։

Ընդհանուր առմամբ, Ռաս ալ-Այնում և շրջակայքում զոհվել է մոտ 70 հազար հայ։ Ըստ ցեղասպանության ականատես Արմին Վեգների վկայության, «հայերը մահանում էին աշխարհում եղած բոլոր մահերով»։ Բաղդադի կուսակալ Ս. Նըգիֆը, որը Ռաս ալ-Այնում տեսել էր հայերի նկատմամբ գործադրվող դաժանությունները, գրել է՝ «Հայ ժողովրդի բնաջնջումը կդառնա Թուրքիայի պատմության ամենասև էջը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարդահամար, 2004» Արխիվացված 2012-06-10 Wayback Machine. Սիրիայի ազգային վիճակագրական գրասենյակ։ Հալեպի մարզ. (Արաբերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։