Ռադեցկի ռազմագործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադեցկի ռազմագործողություն
Թվական1945 թվականի 2-ից 6
Մասն էԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՎայրՎիեննա
ԱրդյունքԳործողության տապալում
Հակառակորդներ
Երրորդ ՌեյխԱվստրիա Ավստրիա
Հրամանատարներ
Ռուդոլֆ ֆոն ԲյունաուԱվստրիա Ավստրիա Կառլ Սոկոլ
Կողմերի ուժեր
Վիեննայի կայազորԱվստրիացի սպաների խումբ
(խորհրդային փաստաթղթերում՝ «17-րդ մոբիլիզացիոն կորպուսի ուժեր»)
Ռազմական կորուստներ
Չկա3 մարդ կախաղան են բարձրացվել
Ընդհանուր կորուստներ

«Ռադեցկի» ռազմագործողություն (գերմ.՝ Operation Radetzky՝ Ռադեցկի օպերացիա), 1945 թվականի ապրիլին ավստրիական դիմադրության շարժման իրականացրած ռազմագործողություն, որի նպատակն էր Վիեննա քաղաքն խորհրդային զորքերին հանձնելն ու քաղաքից նացիստական զորքերի դուրս բերումը։ Գործողության կազմակերպիչներն էին Վերմախտի մի քանի ավստրիացի սպաներ, ովքեր իմացել էին, որ նացիստական իշխանությունը նախատեսում է քանդել Վիեննան, որպեսզի դանդաղեցնի խորհրդային զորքերի առաջխաղացումն ու հասցնի նրանց առավելագույն վնաս։ Գործողությունն ավարտվեց անհաջող. դավադրությունը բացահայտվեց, և կազմակերպիչների մի մասը մահապատժի ենթարկվեց։ Այնուամենայնիվ դավադրության մասնակիցներին հաջողվեց կանխել Վիեննա քաղաքի մի շարք պատմամշակութային հուշարձանների քանդումը[1][2][3][4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայում հականացիստական տրամադրություններ սկսեցին նկատվել արդեն 1941 թվականի դեկտեմբերին Մոսկվայի ճակատամարտից հետո, երբ Ավստրիա վերադարձան Վերմախտի զորացրված մեծաթիվ զինծառայողներ, ովքեր դարձել էին հաշմանդամ։ Առանձին քաղաքացիների հականացիստական դրսևորումները քննվում էին գեստապոյականների կողմից։ Ժամանակի ընթացքում Ավստրիայում նացիզմի հակառակորդների թվաքանակը աճեց, բայց նույնիսկ այդ դեպքում ոչ ոք չէր պատրաստվում ապստամբություն բարձրացնել՝ վախենալով Վերմախտից և ՍՍ զորքերից։

1945 թվականի մարտի 29-ին խորհրդային զորքերը մտնում են Ավստրիայի տարածք (Մարիենբերգյան աբայություն), որը այդ ժամանակ դեռևս գտնվում էր Գերմանիայի կազմում։ Նրանք ուղղվեցին դեպի Վիեննա, որը հանդիսանում էր Գերմանիայի ռազմավարական նշանակության քաղաքներից մեկը։ Ադոլֆ Հիտլերը հրամայեց առավելագույնս ամրացնել քաղաքը և բնակչությանը նախապատրաստել մինչև վերջին մարդը խորհրդային զորքերի դեմ պայքարի։ Որպեսզի քաղաքի ենթակառուցվածքները չանցնի հակառակորդին, Հիտլերը դեռևս մարտի 19-ին հայտնել էր «Ներոն» գործողության իրականացման մասին ՝ համաձայն որի՝ բոլոր ռազմավարական շենքերն ու կառույցները, այդ թվում նաև՝ պատմամշակութային հուշարձանները, անհրաժեշտ էր ականապատել և իրենց համար իրավիճակի վտանգավոր ընթացքի դեպքում պայթեցնել, որպեսզի խորհրդային զորքերին մնար միայն քաղաքի այրված փլատակները։ Այսպիսով «Ներոն» գործողության շրջանակներում Վիեննայում ականապատվեցին բազմաթիվ շինություններ և կառույցներ՝ կայարաններ, գնացքներ, կամուրջներ, ազդանշանային աշտարակներ, նավթային ցիստերներ, էլեկտրակայաններ, զինամթերքի պահեստներ, բնակելի որոշ շենքեր և հուշարձաններ, որոնք կարող էին ծառայել որպես կողմնորոշիչներ[1]։

Դավադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի քանդումը կանխելու նպատակով մի խումբ ավստրիական սպաներ և զինվորներ կապի մեջ են մտնում խորհրդային զորքերի հետ և օգնություն խնդրում։ Խմբի ղեկավարն էր վերմախտի մայոր Կառլ Սոկոլը, ում կինը ուներ հրեական ծագում և այդպիսով, ապրելով նացիստների իշխանության ներքո, գտնվում էէր վտանգի տակ։ Սոկոլը մասնակցել է 1944 թվականի հուլիսի 20-ին Հիտլերի նկատմամբ մահափորձի կազմակերպմանը, բայց կարողացել է հետաքննության ամենաբուռն ընթացքի պահին թաքնվել և խուսափել դատաստանից։ Սոկոլը, լինելով «Ավստրիա՛, արթնացի՛ր» հականացիստական շարժման ղեկավարը, կապի մեջ է մտել 05 մարտական խմբի և XVII ռազմական շրջանի սպաների հետ, ովքեր պատրաստ էին հարված հասցնել հիտլերականներին[1]։

1945 թվականի ապրիլի 2-ին ավագ ֆելդֆեբեր Ֆերդինանդ Կեզը և եֆրեյտոր Յոհան Ռայֆը, ովքեր համապատասխանաբար մայոր Սոկոլի գրագիրն ու վարորդը, անցնում են Ուկրաինական 3-րդ ռազմաճակատի 9-րդ գվարդիական բանակի սահմանագիծը և կապի մեջ մտնում ԽՍՀՄ մարշալ Ֆեոդոր Տոլբուխինի հետ։ Նրանք պարզաբանեցին, որ նախատեսել են գերմանական պաշտպանությունում սողանցք բացել և հարթել խորհրդային զորքերի մուտքը դեպի Վիեննա։ Խորհրդային զորքերը տեղակայվել էին Վիեննայից արևելք, իսկ Սոկոլն ու իր համախոհները առաջարկում էէին հարված հասցնել արևմուտքից, որտեղ չէին սպասում խորհրդային զորքերի հայտնվելուն։ Խորհրդային զորքերը իրենց վրա պարտականություն վերցրեցին օգնել քաղաքացիական բնակչության տարհանման գործում։ Ընդհանուր ապստամբությունը նախատեսված էր սկսել ապրիլի 6-ին ժամը 12:30-ին: Ապստամբների ղեկավարության հետ ստեղծվեց ռադիոկապ[1][2][5]։

Ավստրիացիները քաղաքում ժամանակ չէին վատնում։ Մեծ Վիեննայի պարեկի հրամանատար գեներալ-մայոր Կառլ Բիդերմանը իրականացնում էր կամուրջների ականազերծման միջոցառումներ։ Սակայն 1945 թվականի ապրիլի 4-ին Բիդերմանին ձերբակալում են այն բանից հետո, երբ նրա ենթականերից մեկը սպասվող ապստամբության մասին հայտնում է իշխանություններին։ Հիտլերականները դուրս են գալիս ավստրիացի դավադիրների հետքի վրա՝ չնայած վերջիններս չգիտեին այդ մասին։ Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ապստամբները նախատեսել էին գրավել քաղաքի հյուսիսում գտնվող Բիզամբերգ ռադիոաշտարակը, սակայն ստիպված էին հրաժարվել այդ պլանից։ Վաղ առավոտյան գեստապոյի և ՍՍ-ի ուժերը նրանց ձերբակալում են։ Նացիստների ձեռքում էին հայտնվել կապիտան Ալֆրեդ Հունտը և լեյտենանտ Ռուդոլֆ Ռաշկեն։ Այդպիսով դավադրությունը բացահայտվեց[1][2]։

Ապրիլի 8-ին Ֆլորիդսդորֆում Բիդերմանը, Հուտը և Ռաշեկը կախաղան են բարձրացվում։ Նրանց կախել էին էլեկտրականության սյուներից։ Մահապատժի ենթարկվածների պարանոցից կախված էին պաստառներ «Ես օգնել եմ բոլշևիկներին» գրությամբ։ Սոկոլը, Կեզը և Ռայֆը հրաշքով դուրս եկան ՍՍ-ականների և գեստապոյականների ձեռքից։ Սոկոլը անցավ սահմանագիծը, և հասնելով 9-րդ գվարդիական բանակի՝ Պուրկերսդորֆում տեղակայված շտաբ, զեկուցեց մարշալ Տոլբուխին ապստամբության ձախողման մասին։ Նույն օրը սկսվեց Վիեննայի գրոհը[1][2]։

Գործողության անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային հատուկ ծառայությունների փաստաթղթերում վիեննական ապստամբների գործողությունները չէին նկարագրվում որպես ռազմագործողություն։ Գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Զդանովիչի կարծիքով գործողության անվանումը հնարավոր է ընտրել են դավադիրները, որպեսզի կարևորեն իրենց գործողությունները[6]՝տալով ֆելդմարշալ Յոզեֆ Ռադեցկու անունը։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 6-ից 13-ը ընթանում էր Վիեննայի գրոհը, որն ավարտվեց խորհրդային զորքերի կողմից այն գրավումով։ Մարտերին զոհվեցին շուրջ 19 հազար գերմանացի և 18 հազար խորհրդային զինվոր։ Ապստամբների ջանքերի շնորհիվ քաղաքի մի մասը հնարավոր եղավ փրկել ոչնչացումից։

Պատերազմից հետո Սոկոլը մի քանի անգամ ձերբակալվում է Սմերշի կողմից, բայց հետո ազատ արձակվում։ Նա դառնում է գրող։ Որոշ ժամանակ նրան ցանկանում էին առաջադրել Ավստրիայի նախագահի թեկնածու։ Կեզը աշխատանքի է անցնում Վիեննայի ոստիկանությունում որպես ոստիկանության պետ։ Երկուսին էլ շնորհել են պետական բարձրագույն պարգևներ և երկրի պատվո քաղաքացու կոչումներ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 թվականին Ֆլորիդսդորֆում տեղադրվել է դավադրության մասնակիցների հիշատակի պատվին տեղադրվել է հուշատախտակ։
  • 1967 թվականին Վիեննայի 14-րդ շրջանում՝ Պենցինգում գտնվող Ֆրանց Իոսիֆի անվան զորանոցը վերանվանվել է Բիդերմանի, Հուտի և Ռաշկեի անունով։
  • Վիեննայի 21-րդ շրջանում՝ Ֆլորիդսդորֆում, Կառլ Բիդերմանի, Կեզա Ֆերդինանդի, Ռուդոլֆ Ռեշկեի և Ալֆրեդ Հուտի պատվին անվանել են փողոցներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Carl Szokoll: Die Rettung Wiens 1945 (Die Waffe des Gewissens), Amalthea Signum, Zürich-Leipzig-Wien 2001, ISBN 3850024725(գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Штеменко С.М. Генеральный штаб в годы войны. — М.: Воениздат, 1989.(ռուս.)
  3. Витман Б. В. Синдром удава. – Терра-Книжный клуб, 1998.(ռուս.)
  4. Bader, William B. (1966). Austria between East and West: 1945-1955 (en inglés). Stanford: Stanford University Press. p. 12. ISBN 9780804702584. OCLC 400067(անգլ.)
  5. Штеменко С. М.. Генеральный штаб в годы войны. 2-е изд. М.: Воениздат, 1989. С. 477.(ռուս.)
  6. Военно-исторический журнал. 2015. № 5. С. 13.(ռուս.)