Ֆեոդոր Տոլբուխին
Տոլբուխին Ֆեոդոր Իվանովիչ (ռուս.՝ Фёдор Иванович Толбухин, հունիսի 4 (16), 1894, Յարոսլավլ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1949[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (1944)։ Խորհրդային Միության հերոս (ետմահու, 7․5․1965)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914–1918 թթ.)։ 1918 թ. կամավոր ծառայության է անցել կարմիր բանակում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատում դիվիզիայի շտաբի պետի օգնական, ապա՝ պետ, բանակի շտաբի օպերատիվ վարչության պետ։ Ավարտել է շտաբային ծառայության դպրոցը (1919), բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացներ (1927 և 1930 թթ.), Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1934)։ Եղել է դիվիզիայի, կորպուսի շտաբի պետ, դիվիզիայի հրամանատար, 1938 թվականից Անդրկովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ։
Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) ժամանակ Անդրկովկասյան, Կովկասյան, ապա Ղրիմի ռազմաճակատների շտաբի պետ էր (1941–1942 թթ.), 1942 թ. մայիս–հուլիսին՝ Ստալինգրադյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, 57-րդ և 68-րդ բանակների հրամանատար Ստալինգրադյան և Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատներում (1942, հուլիս – 1943, մարտ)։ 1943 թվականի մարտից եղել է Հարավային 1943 թ. հոկտեմբերից՝ 4-րդ Ուկրաինայի, 1944 թ. մայիսից՝ 3-րդ Ուկրաինական ռազմաճակատների զորքերի հրամանատար։ Նրա գլխավորած զորքերը մասնակցել են Ուկրաինայի և Ղրիմի ազատագրմանը, Ցասսի–Քիշնեյան օպերացիային, Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի և Ավստրիայի ազատագրմանը։
1945 թ. հուլիսից եղել է զորքերի Հարավային խմբավորման, 1947 թ. հունվարից՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար։ ՍՍՀՄ II գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ 1979 թ. (ետմահու) նրան շնորհվել է Բուլղարիայի Հանրապետության հերոսի կոչում։ Պարգևատրվել է Լենինի 2, «Հաղթանակ»-ի, Կարմիր դրոշի 3, Սուվորովի I աստիճանի 2, Կուտուզովի I աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով ու մեդալներով։
Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։ Մոսկվայում կանգնեցված է նրա հուշարձանը։ Նրա անունով քաղաք կա ԲԺՀ–ում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.tracesofwar.com/persons/28475
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Հունիսի 16 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1949 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային Միության մարշալներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ
- Ռուս քաղաքական գործիչներ