Jump to content

Պորտալ:Մշակույթ/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիա
Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիա

Վերածնունդը կամ Ռենեսանսը (ֆր.՝ Renaissance, իտալ.՝ Rinascimento) Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակույթային և գաղափարական զարգացման մի դարաշրջան է, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)։

Վերածննդի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ բնույթը, հումանիստական աշխարհահայացքը, անտիկ մշակույթային ժառանգությանը դիմելը, այն վերածնելը, այստեղից էլ Վերածնունդ անվանումը (շրջանառության մեջ է դրել Ջորջո Վազարին)։ Վերածննդի մշակույթի նախակարապետը միջնադարյան քաղաքային մշակույթն է, որի վերելքը առաջացնում էր անտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրություն (Կարոլինգյան արվեստ)։ Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում գործարար ակտիվության պայմաններում առաջ է մղվում գործուն անձնավորությունը, որի դիրքն ու հաջոշությունները պայմանավորվում էին ոչ թե տոհմական ծագումով, այլ՝ սեփական ձեռներեցությամբ և գիտելիքներով։ Ֆեոդալական հարաբերությունները, դասային մեկուսացումը, կրոնական բարոյախոսությունը, միջնադարյան ավանդույթները մարդու համար նեշ են դառնում։ Նոր աշխարհայացքի կրողներ դարձան գրականության, բանասիրության, իմաստասիրության, արվեստի ներկայացուցիչները։ Մարդը հռչակվեց տիեզերքի կենտրոն, բնության մաս և բնության առավել կատարյալ ստեղծագործություն։ Մարդը, նրա ապրումները, ներաշխարհը, երկրային կյանքը դարձան Վերածննդի գրականության և արվեստի գլխավոր թեմաները։ Անտիկ ժառանգության և հումանիստական գաղափարների տարածմանը գործնականում մեծապես նպաստեց տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ)։ Ծագելով Իտալիայում՝ Վերածնունդը հենց այդ երկրում էլ ստացավ առավել ավարտուն դասական տեսք։ Վերածնունդը որպես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել միայն Իտալիայում։ (մանրամասն...)