Jump to content

Պորտալ:Իտալիա/Ընտրյալ հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հռոմեական կայսրություն (լատին․՝ Imperium Romanum, հին հուն․՝ Βασιλεία Ῥωμαίων), Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում վիթխարի տարածքներ ընդգրկող պետության հաստատմամբ։ Եզրույթը գործածվում է առաջին կայսր՝ Օգոստոսի կառավարումից սկսած մինչև 476 թվականի Հին Հռոմի պատմությունը բնութագրելու համար։

Կայսրությանը նախորդած և 500-ամյա պատմություն ունեցած Հռոմի Հանրապետությունը թուլացել էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմների պատճառով (քաղաքացիական պատերազմների ժամանակ բազմաթիվ սենատորներ սպանվել էին, և Սենատում գերակշռում էին Առաջին կամ Երկրորդ եռապետության այս կամ այն մասնակիցների աջակիցները)։ Պատմաբանները մատնանշում են մի շարք իրադարձություններ, որոնք բնութագրում են հանրապետությունից կայսրություն անցումը, ներառյալ Հուլիոս Կեսարի հռչակումը որպես ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44 թվականը), Ակտիումի ճակատամարտը (մ.թ.ա. 31 թվականի սեպտեմբերի 2), և Սենատի կողմից Գայոս Օկտավիանոսին պատվավոր «Օգոստոս» կոչման շնորհումը (մ.թ.ա. 27 թվականի հունվարի 4) (Օկտավիանոսը, լինելով շատ զգուշավոր և խորամանկ քաղաքական գործիչ, հայտարարեց, որ փրկել է Հռոմը, պահպանեց հանրապետական շրջանի որոշ տարրեր. կոնսուլները շարունակվում էին ընտրվել, պլեբեյների տրիբունները շարունակում էին առաջարկել օրինագծեր։ Սակայն իրականում Օգոստոսն էր, ում ձեռքում էր գտնվում ամբողջ իշխանությունը, վերջնական որոշում կայացնելու իրավունքն ու բանակը)։