Պողոս Մելիքշահյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Պողոս Մելիքշահյան
Poghos Melikshahyan
Fizika Poghos.jpg
Ծնվել է1788
Մահացել էհունիսի 10, 1855(1855-06-10)
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա և մանկավարժ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն

Մելիքշահյան Պողոս, (1788, Կրգաղաճ (Իզմիրի մոտ) - հունիսի 10, 1855, Կոստանդնուպոլիս), հայ փիլիսոփա, մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում ապա՝ Իզմիրում (Հովնան Վանանդեցու մոտ)։ 1808 թվականին մեկնել է Կոստանդնուպոլիս, ինքնուրույն ուսումնասիրել բնական գիտություններ ու Փիլիսոփայություն («Ֆիզիկա» մականունը ստացել է բնական գիտությունների խոր իմացության համար)։ 1811 թվականից զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել (Կոստանդնուպոլսում, Մուշում, Երուսաղեմում և այլուր) բնագիտություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, բարոյագիտություն։ Մելիքշահյանի մանկավարժական սկզբունքները հակադրվել են ուսուցման սխոլաստիկական պահանջներին։ Կղերամիրայական վերնախավի և սուլթանիզմի դեմ մղած պայքարի համար հալածվել է, 1839 թվականին որպես էսնաֆական շարժման մասնակից և անաստված, աքսորվել Կեսարիա (վերադարձել է թանզիմաթի հրապարակումից հետո)։ Մելիքշահյանի բնակարանի խուզարկման ժամանակ ոչնչացվել է 16 աշխատություն։ Մելիքշահյանը «Տրամաբանություն» (1877) աշխատության մեջ փիլիսոփայության հիմնական հարցը լուծում է դեիզմի շրջանակներում։ Հակադրվելով տիեզերական արարչագործության աստվածաշնչյան մեկնաբանությանը, ելնելով ձևավորվող էվոլյուցիոնիզմի և պատմականության սկզբունքներից՝ նա գտնում է, որ աշխարհը բնական ճանապարհով առաջացել է փոշենման նախանյութից, վերջինս բաղկացած է հավիտենական ու անփոփոխ տարրերից (ատոմներից), որոնք նաև բնության բազմազանության հիմքն են, շարժման ու փոփոխության պատճառը։ Մելիքշահյանը փորձել է տալ շարժման տեսակների դասակարգումը («տեղական» շարժում, «գոյացման» շարժում)։ Իմացաբանական պրոբլեմատիկայի քննարկման ժամանակ ակնհայտ է դառնում Մելիքշահյանի մատերիալիստական կողմնորոշվածությունը։ Ըստ նրա, յուրաքանչյուր փիլիսոփայական համակարգ իմացաբանորեն կապված է հոգեկանի և մարմնականի հարաբերակցության հետ։ Այս հարցի ելակետը, ըստ Մելիքշահյանի, Պլատոնի և Արիստոտելի ուսմունքներն են։ Հոգու և մարմնի փոխհարաբերության հարցը լուծելիս Մելիքշահյանը հակադրվում է Պլատոնի իդեալիզմին, հակվում դեպի Արիստոտելը։ Մելիքշահյանի հոգու (հոգեկանի) ճանաչողական գործունեությունը բացատրում է նյութականի՝ ուղեղի ու զգայությունների միջոցով։

Մելիքշահյանը փորձում է պարզել նաև գիտական իմացության օբյեկտը, նրա միջոցներն ու հնարները։ Գոյը նա բաժանում է «նյութեղենի» («երևելիի») և «հոգեղենի» («աներևույթի»)։ Առաջինը ճանաչվում է գիտությամբ ու փիլիսոփայությամբ, երկրորդը՝ հավատով ու աստվածաբանությամբ։ Այսպիսի ըմբռնումը հայ իրականության մեջ դեռևս ուներ առաջադիմական, հակաաստվածաբանական բնույթ, առավել ևս, որ Մելիքշահյանը նախապատվությունը տալիս էր գիտության ճշմարտություններին։ Գիտական իմացության գլխավոր խնդիրը Մելիքշահյանը համարում է այն, թե ինչպես է մարդը ճանաչում աշխարհը։ Այս առիթով նա վերլուծում է ճանաչողության զգայական ու տրամաբանական միջոցները և դրանց հարաբերակցության հարցը։ Ըստ Մելիքշահյանի, թեև գիտելիքը ունի փորձնական ծագում, և ճանաչողությունը սկսվում է զգայությամբ, իմացության բարձրագույն աստիճանը տրամաբանականն է։ Մելիքշահյանը գերագնահատում է իմացության բնական եղանակը, ինչպես նաև տեղ է տալիս ներքին փորձին, որը ոչ մի առնչություն չունի արտաքին աշխարհի հետ և ուղղված է աննյութական, հավիտենապես անմահ հոգու ճանաչողությանը։ Այսպիսով, նա հերքում է գաղափարների փորձնական ծագում ունենալու մասին իր պաշտպանած էմպիրիստական մոտեցումը, հատկապես, երբ պնդում է, որ էության ու պատճառի մասին գիտելիքները տրված են նախօրոք, իսկ համընդհանուր և անհրաժեշտ գիտելիքները փորձնական ծագում չունեն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարությունյան Է., Հայ փիլիսոփայական միտքը 19-րդ դարի առաջին կեսին, Երևան, 1965:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 391 CC-BY-SA-icon-80x15.png