Պերճ Բոշնաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պերճ Բոշնաղյան
հայ․՝ Պերճ Բոշնաղյան
Ծնվել է սեպտեմբերի 1, 1920(1920-09-01)
Ծննդավայր Նոր Բայազետ, Երևանի նահանգ
Մահացել է հունվարի 5, 2004(2004-01-05) (83 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան Երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու և պրոֆեսոր
Մասնագիտություն քաղաքական գործիչ և երկրաբան
Աշխատավայր Երևանի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Պերճ Սերգեյի Բոշնաղյան (սեպտեմբերի 1, 1920(1920-09-01), Նոր Բայազետ, Երևանի նահանգ - հունվարի 5, 2004(2004-01-05), Երևան, Հայաստան), հայ խորհրդային, ինժեներ-երկրաբան, գիտնական, քաղաքական գործիչ: Երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։ ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1970 թ.)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ՀՀ ԱԺ պատգամավոր (1999-2003 թթ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերճ Բոշնաղյանը ծնվել է 1920 թվականին Նոր Բայազետ (Գավառ) քաղաքում, մտավորականի ընտանիքում: 1922 թվականին Բոշնաղյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1938 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1948 թվականին՝ Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:

Մասնակցություն Հայրենական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերճ Բոշնաղյանը Երևանի պետական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող էր, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Բոշնաղյանն ավարտելով հետևակային ռազմական ուսումնարանի դասընթացները լեյտենանտի կոչմամբ՝ ծառայության է անցել 89-րդ Հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայում: Կռվել է Թամանի թերակղզու, Կերչի, Սևաստոպոլի, Վարշավայի ազատագրման համար, աչքի ընկել 1-ին Բելոռուսական ռազմաճակատի, Ղրիմի դեսանտային ու Վիսլա-Օդերյան գործողությունների ընթացքում, մասնակցել Բեռլինի գրավմանը: Վարշավայի մատույցներում մարտերի ժամանակ մարտադաշտից դուրս է բերել ծանր վիրավորված գնդի հրամանատարին և փոխարինելով նրան՝ անձամբ գրոհի տարել գումարտակը: Պարգևատրվել է մարտական, կառավարական պարգևներով, այդ թվում՝ Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (3), Կարմիր աստղի (2) շքանշաններով, ինչպես նաև Կովկասի պաշտպանության համար, Բեռլինի գրավման համար և այլ մեդալներով, արժանացել մայորի կոչման, աշխատել դիվիզիայի 526-րդ հրաձգային գնդի շտաբի պետ: Պատերազմի ավարտից հետո Բոշնաղյանը շարունակել է ընդհատված ուսումը[1]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո Բոշնաղյանն աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտում, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանում, 1948-1999 թթ. դասավանդել է ԵՊՀ-ում, եղել պրոռեկտոր, երկրաբանական ֆակուլտետի դեկան, կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչ։ Հրատարակել է ՀՀ երկրաբանական և բնապահպանական հիմնախնդիրներին նվիրված շուրջ ութսուն աշխատություն և հաշվետվություն[2]:

Բոշնաղյանը մասնակցել է Հայաստանի շրջաններում կատարվող ճարտարագիտաերկրաբանական հետախուզական և կառույցների նախագծերի հիմնավորման աշխատանքներին.Կապանի հանքային դաշտի ճարտարագիտաերկրաբանական պայմանների բազմակողմանի գնահատում և քարտեզագրում, Վանաձորի հեռանկարային Նոր գլխավոր հատակագծի հիմնավորում, երկրաշարժի գոտու երկրաշարժակայուն և այլ արդիական հիմնախնդիրների ուսումնասիրություն: Որպես երկրաբան-փnրձագետ տվել է եզրակացnւթյnւն Ագարակի, Ազատի, Արթիկի և Մարմարիկի ջրամբարներից տեղի ունեցող ֆիլտրացման կորուստների պատճառների, ինչպես նաև Սևանա լճից ստորերկրյա արտահոսքի, նրա էկոլոգիական վիճակի վերաբերյալ[3]:

1999 թ. մայիսի 30-ին ՀԿԿ համամասնական ընտրացուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[4]։ ՀԿԿ խմբակցության անդամ։ ՀԿԿ անդամ։

Պերճ Բոշնաղյանի հուշատախտակը Երևանի Չարենցի փողոցում

1999-2004 թթ. եղել է Հայաստանի վետերանների միության նախագահը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան (21.02.1945 թ.)
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի երեք շքանշան (5.06.1944, 19.05.1945, 1985)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան (15.02.1944 թ., 19.05.1944 թ.)
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ (13.10.1944 թ.)
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ
  • Հայկական ԽՍՀ պատվավոր երկրաբան (1970 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պերճ Սերգեյի Բոշնաղյան, 01.09.1920-05.01.2004
  2. «ԲՈՇՆԱՂՅԱՆ ՊԵՐՃ ՍԵՐԳԵՅԻ»։ -= ԶԱՆԳԵԶՈՒՐ=- (ru-RU)։ 2010-04-28։ Վերցված է 2018-06-22 
  3. «ՊԵՐՃ ՍԵՐԳԵՅԻ ԲՈՇՆԱՂՅԱՆ»։ www.ysu.am։ Վերցված է 2018-06-22 
  4. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2018-06-22