Պետրոս Վելիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Վելիջանյան
Դիմանկար
Ծնվել է1580
ԾննդավայրՆոր Ջուղա
Մահացել է1649
Մահվան վայրՆոր Ջուղա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունվաճառական
Ծնողներհայր՝ խոջա Վելիջան, մայր՝ Շուշան
ԵրեխաներՊողոս, Մինաս, Հովհաննես և Ղուկաս

Պետրոս Վելիջանյան (անգլ.՝ Khajeh Petros Velijanian, 1580, Նոր Ջուղա - 1649, Նոր Ջուղա), խոջա Պետրոս Վելիջանյան, ջուղահայ վաճառական, բարերար, 1627 թվականին կառուցել է Սուրբ Բեթղեհեմ եկեղեցին[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոջա Վելիջանյանների տոհմը 17֊րդ դարում Ջուղայի ամենահայտնի առևտրական տոհմերից մեկն է եղել։ «Վելիջանը գաղթել է Հայաստանից, դառնալով Խոջա Վելիջանյանների ազգատոհմի նահապետը։ Նրանից ծնվել է խոջա Պետրոս և խոջա Մարտիրոսը, ովքեր օժտված են եղել թե՛ ունեցվածքի մեծությամբ և թե՛ հոգու ջերմեռանդությամբ[1][2]։ Պետրոս Վելիջանյանի գերդաստանից են եղել նաև խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը, խոջա Ոսկան Վելիջանյանը, խոջա Պողոս Վելիջանյանը, Մինաս Վելիջանյանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Վելիջանյանը ծնվել է Նոր Ջուղայում, հայրը՝ խոջա Վելիջանը, նույնպես վաճառական էր, մայրը՝ Շուշանիկը։ Սուրբ Բեթղեհեմ եկեղեցու բեմի արևելյան կողմի պատի կիսակոր մասում, շրջագծի մեջ պատկերված Հիսուսի ոտքերի տակ, ոսկեզօծ տառերով գրված է․

«Յիշեցէք ի Քրիստոս զԽաւջա Պետրոսն, որ շինեցաւ ձեռամբ մեծին Խաւջա Պետրոս այր ցանկալին, հօրն իւրոյ Վէլէջանին եւ մօրն Շուշանին, Տէր Աստուած ողորմեսցի սոցին, թիւն ՌՀԷ (1077 թվականին ըստ արևային օրացույցի, որը 1627 թվականին, Գրիգորյան օրացույց)[3][4]։

Խոջա Պետրոս Վելիջանյանը ունեցել է չորս որդի ՝ Պողոս, Մինաս, Հովհաննես և Ղուկաս[1][5]։ Ունեցել է նաև աղջիկներ, որոնց անունները գրված են եկեղեցու պատերին[6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Վելիջանյանը 1627 թվականին կառուցել է Սուրբ Բեթղեհեմ եկեղեցին՝ «Մէյդանի Բեթղահէմը», որը պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին[7]։ Այն գտնվում է Նոր Ջուղայի Մեծ Մեյդան թաղամասում։ Ըստ ավանդության, մի Զատկի կիրակի նա և կինը ցանկանում են մտնել խոջա Ավետիքի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին, սակայն մարդաշատության պատճառով չեն կարողանում մտնել։ Կա նաև մեկ այլ վարկած, ըստ որի խոջա Ավետիքը ծառային պատվիրում է խոչընդոտել խոջա Պետրոսի մուտքը, որպեսզի նա նույնպես եկեղեցի կառուցի։ Սուրբ Բեթղեհեմ եկեղեցու ներսում կան շատ արձանագրություններ, որոնցից մեկը վերաբերում է եկեղեցու կառուցմանը.

Հազար Հ եւ Է թուին
Որ էր անցեալ հայոց ազգին,
Աւարտեցաւ եկեղեցին երահռչակ եւ պանծալին,
Համանման ադին դրախտին,
Եւ կամ Նոյեան սուրբ տապանին,
Ի ժամանակս Շահ Աբբասին,
Եւ մեր սրբոյ Հայրապետին,
Տէր Մովսիսի քաջ հռետորին,
Դիտապետի այսմ նահանգին,
Հեզահոգի Տէր Խաչատրին,
Որ շինեցաւ ձեռամբ մեծին,
Խօջայ Պետրոս այր ցանկալին,
Խօջայ Պօղոս որդի նորին,
Եւ փափագմամբ աւարտեցին,
Սակս յիշման հոգի նոցին,
Ծնողաց սորին Վիլիջանին,
Շուշան անուն մաւրն նորին,
Տէր ողորմեսցի ամենեսին,
Որք հանդիպիք տեսլեամբ սորին,
զԽաւջայ Պետրոսն բաղձալին,
Յիշեալ լինէք միշտ արժանին,
Եւ որք յիշեն, յիշեալ լիցին,
Ի Քրիստոս յաւիտենին

[8]

Ըստ եկեղեցու խորանի մոտ եղած արձանագրությունների որմնանկարները Նոր Ջուղայի մեծ վարպետ Մինաս Ջուղայեցու աշխատանքներն են[4]։ 72 հրաշագեղ որմնանկարներն իրենց դետալներով աչքի են ընկնում հատկապես գմբեթի գեղեցկությամբ[9]։ Ըստ ավանդության, մի հայ վարպետ կառուցել էր Շահի Մզկիթի գմբեթը, և որպեսզի այլևս դրա նման մեծ գմբեթ չկառուցի, կտրում են նրա ձեռքը։ Բայց նա մեկ ձեռքով կառուցում է Բեթղեհեմի եկեղեցին։ Այս գմբեթի կառուցմանը պարսիկները ցանկացել են արգելել, և բողոքել են Շահին, սակայն նա ընթացք չէր տվել այդ բողոքին[10]։

Նոր Ջուղայում կա նաև Խոջա Պետրոսի անունով փողոց[11] Պետրոս Վելիջանյանի տունը 1997 թվականի օգոստոսի 1-ին, 1906 համարով գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում[12]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Վելիջանյանի և իր ընտանիքի շիրմաքար

Եկեղեցու բակի հյուսիսային կողմի դռան մոտ, ծածկի տակ գտնվում է խոջա Պետրոսի աճյունը, որի մարմարե տապանաքարն ունի հետևյալ արձանագրությունը.

«Ի տապանի աստ զետեղի,
Դի մահդասի մեծ Խօճայի,
Որոյ անուն Պետրոս կոչի,
Այր մեծաշուք եւ անւանի,
Ըստ անուանակցին իւրոյ վիմի,
Կարծր հաւատով գործովք բարի,
Քան գկար մարդոյ ողորմածի,
Եւ սրբութեան հետեւողի,
Եւ այլ գործօք անթերի լի,
Որ հաւատուն վկայ լինի,
Որոյ գործոց արդիւնքն յայտնի,
Եկեղեցեաւս հրաշալի,
Կացեալ մաքուր ի յաշխարհի,
Ըստ հաճոյից մերոյն Փրկչի,
Որպէս գործօք ալեօք ծաղկի,
Մինչ սահմանեալ կէտ կոչողի,
Ի նոյն Տեառնէ մեր հրաւիրի,
Ընդ անմահիցն դասակցի,
Խնդրեմք զԱստւածն կենդանի,
Սորա գործեալ մեղքն թողցի,
Եւ յիշողացն ամենայնի,
Թիվն ՌՂԸ-ի (1649)
Յաւուր մեծի պասեքի,
Ս. Յարութեան մէջ գիշերի»։

[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Reproducing the Resurrection: From European Prints to Armenian Manuscripts", in Toward a Global Middle Ages: Encountering the World through Illuminated Manuscripts, ed. Bryan C. Keene (Los Angeles: J. Paul Getty Museum, 2019), pp. 148-155.