Պատմական թեմատիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պատմական թեմատիկա, պատմական անցյալի երևույթներ, որոնք դարձել են գեղարվեստական արտացոլման նյութ։ Պատմական թեմատիկան կարևոր տեղ է գրավել ինչպես ժողովրդական բանահյուսության, այնպես էլ գեղարվեստական գրականության մեջ։ Ժողովրդի պատմության բախտորոշ իրադարձություններն ու նշանավոր գործիչները հիմք են դարձել ժողովրդական հերոսական էպոսների, վիպական երգերի ու բալլադների համար։ Նոր ժամանակների գրականության մեջ պատմական անցյալի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։ Վերածնության և կլասիցիզմի շրջանում գրվել են շատ ողբերգությոններ և հերոսական պոեմներ պատմական և դիցաբանական թեմաներով (օրինակ, Շեքսպիրի պատմական ողբերգությունները։ Պատմական վեպի ժանրը եվրոպական գրականության մեջ XIX-րդ դարում զարգացրել են Վալտեր Սկոտը, Վիկտոր Հյուգոն, Գուստավ Ֆլոբերը։ Դարավերջին Րաֆֆու, Ծերենցի, Մուրացանի ստեղծագործության մեջ զարգացում է ապրել պատմական թեմատիկան, որն արտահայտվել է նաև գրական ուրիշ ժանրերում(դրամա, պոեմ և այլն)։ Այսօրվա հուզող հարցերին պատասխան տալու համար գրողը դիմում է անցյալին։ «Մենք դիմում և հարցաքննում ենք անցյալը, - գրում էր Բելինսկին, - որպեսզի նա բացատրի մեր ներկան և ակնարկի մեր ապագայի մասին»։ Խորհրդային գրականության մեջ ևս պատմական թեմատիկան կարևոր տեղ է գրավել։ Դրա լավագույն օրինակներն են Ա. Տոլստոյի «Պետրոս Առաջին», Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք», Ստ. Զորյանի «Պապ թագավոր» պատմավեպերը, Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» պատմադիցաբանական ողբերգությունը և այլ երկեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 245