Չանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չանի (այլ կիրառումներ)
Չանի
Чаны

'
Կոորդինատներ
Տեղագրություն Ռուսաստան
Տեսակ աղի
Ավազանի մակերեսը 1400—2000 կմ²
Ամենամեծ խորությունը 7 մ
Միջին խորությունը 2,1 մ
Միջին բարձրությունը 106 մ

Չանի, անհոսք աղի լիճ Բարաբայի տափաստանում, Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի մարզում։ Ամենախոշոր լիճը Արևմտյան Սիբիրում։

Լիճը գտնվում է Նովոսիբիրսկի մարզի հինգ շրջանների՝ Զդվինսկի, Բարաբինսկի, Չանովսկի, Կուպինսկի և Չիստոօզյորնի տարածքում։ Իր անվանումը ստացել է թյուրքական չան բառից, որը թարգմանաբար նշանակում է «մեծ չափի տարա»։

Լիճն իրենից ներկայացնում է խոր ջրալայնուտների համակարգ, որոնք միացված են վտակներով և ծանծաղ տարածքներով։

Սառչում է հոկտեմբերի երկրորդ կեսին կամ նոյեմբերի առաջին կեսին, հալչում է մայիսին։

Լճի վրա գործում է տեղական նավագնացություն։ Լճի մեծ մասը գտնվում է անտառատափաստանային բնական գոտում։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանի լիճը գտնվում է ծովի մակարդակից 106 մետր բարձրության վրա։ Լիճն ունի 91 կմ երկարություն, 88 կմ լայնություն։ Լճի մակերեսը անկայուն է և ներկա դրությամբ, համաձայն տարբեր գնահատականների, կազմում է 1400-2000 կմ²։ Միջին խորությունը՝ մոտ 2 մետր։ Լճի գոգահովիտը հարթ է։ Լիճը ծանծաղ է, մինչև 2 մետր խորությունները կազմում են լճի ընդհանուր մակերեսի 60 %-ը։ Լճի ափերը բավականին ցածր են և խիստ կտրտված, ծածկված շամբիով, եղեգով, բոշխով և թփուտներով։ Հատակը ավազոտ է և տղմոտ։ Ամռանը ջրի առավելագույն ջերմաստիճանը կազմում է 28,3 ˚C:

Կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի վրա կա մոտ 70 կղզի։ Դրանցից ամենախոշորներն են՝ Ամելկինա Գրիվա, Շուլդիկով, Լեժան, Մեդվեժի, Կոլպաչոկ, Չինյաիխա, Չերյոմուխովի, Րեդկի կղզիները։ Չերյոմուշկին, Կոբիլի, Պերեկոպնի, Բեկարև, Կալինովա, Չինյաիխա, Շիպյագին, Կրուգլի, Կոլոտով, Կամիշնի կղզիները համարվում են մարզի բնական հուշարձաններ, քանի որ այնտեղ պահպանվել են յուրահատուկ լանդշաֆտներ, որտեղ տարածված են հազվագյուտ բույսեր և կենդանիներ։

Թերակղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշորագույն թերակղզիներից են՝ Զելենչակը, Կոնդակովը, Գոլենկին, Վասկին, Միսը, Դրովնիկովը, Ռոդյուշկինը, Կվաշնինոն, Մալինիխան, Տյոմնին, Տյումենսկին։ Լճի կղզիները և թերակղզիներն օժտված են բնութագրական առանձնահատկությամբ՝ դրանցից շատերը ձգվում են հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք։ Լճի աղիության մակարդակը ցածր է, իսկ հարավարևելյան հատվածում՝ ավելի ցածր է։ Լիճը հիմնականում սնվում է ձնհալքային ջրերից, ինչպես նաև Կարգատ և Չուլիմ գետերից։ Անցյալում լճի մեջ թափվում էր Սարայկա գետը, որն միացնում էր այն Սարտլան լճի հետ։ Չուլիմ և Կարգատ գետերի ընդհանուր ջրի հոսքը շատ մեծ չէ՝ 0,44 կմ³, բացի այդ հոսքերն աչքի են ընկնում մեծ փոփոխականությամբ։ Չանի լիճը Արևմտյան Սիբիրի յուրօրինակ ջրամբար է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանի լճի տարածքում կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -19,7 °C, իսկ հուլիսինը՝ +18,3 °C[1]: Ոչ սառնամանիքային ժամանակահատվածը տևում է 115-120 օր[1]։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 380 մմ[1]։ Ձնածածկույթի բարձրությունը՝ 20-30 սմ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի ծագումը պատկանում է սառցե դարաշրջանի վերջին՝ մոտ 10-13 հազար տարի առաջ[1]։ Ի սկզբանե լիճը գտնվում էր տափաստանային տեղանքում, իսկ առաջին թփուտային կեչիները լճի ափին ի հայտ են եկել մոտ 5,5 հազար տարի առաջ[2]։

Պատմականորեն լճի համար բնորոշ են ջրի մակարդակի փուլային տատանումներ, որոնք կապված են կլիմայական փոփոխությունների հետ։ Դրանք առաջացնում են բարձր խոնավության և երաշտի ժամանակաշրջաններ։ Սեզոնային և տարեկան տատանումներից բացի դիտվել են նաև ավելի զգալի տատանումներ՝ 30-45 տարի տևողությամբ[3]։ Սակայն նույնիսկ տատանումները հաշվի առնելով, հաստատվել է, որ լճի մակերեսը վերջին 200 տարիների ընթացքում կրճատվում է։ 18-րդ դարի վերջին գրանցվել է լճի ամենամեծ մակերեսը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ 12 000 կմ²[4]։ 19-րդ դարի սկզբին լճի մակերեսն արդեն կազմում էր 8000 կմ²[5][6]։ 1840-ական թվականներին տեղի է ունեցել լճի առանձնացումն առանձին ջրամբարների և ջրալայնուտների[4]։ Այդ պահից սկսած լճի մակերեսն արագորեն փոքրանում էր, և 19-րդ դարի վերջին այն կազմում էր 3170 կմ²[6]։ 1899-1914 թվականներին տեղի է ունեցել լճի մակարդակի բարձրացում 2 մետրով[6]։ 20-րդ դարի սկզբում լճի մակերեսը կազմում էր 3400 կմ²[7]։ 1914-1937 թվականներին տեղի է ունեցել լճի մակարդակի իջեցում 3 մետրով, սակայն 1920-1923 թվականներին գրանցվել է ոչ մեծ բարձրացում՝ 0,9 մետրով[6]։ Լճի մակարդակի հաջորդ զգալի բարձրացումները գրանցվել են 1937-1950 թվականներին[6]։ 1960-ական թվականներին լճի մակերեսը կրճատվել էր մինչև 2000 կմ²։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Виноградов В. Г., Огурцов Н. Е., Юрлов А. К. Չանի լճային համակարգ / Wetlands International. — 1998.
  2. Васильев С. К., Николаев С. В., Орлова Л. А., Петрин В. Т. Палеогеографические условия Барабы в позднем плейстоцене и голоцене — среда обитания древнего человека(չաշխատող հղում) // Сибирское археологическое обозрение. Выпуск 5 / Институт археологии и этнографии Сибирского отделения Российской академии наук. — Новосибирск, 2002.
  3. Шнитников А. В. Внутривековые колебания уровня степных озер Западной Сибири и Северного Казахстана и их зависимость от климата // Труды Институт озероведения РАН. — 1950. — Т. 1. − 129 с.
  4. 4,0 4,1 Пульсирующее озеро Արխիվացված 2008-04-21 Wayback Machine // Советская Сибирь. — 2000. — № 170.
  5. По страницам истории Արխիվացված 2008-04-21 Wayback Machine // Советская Сибирь. — 2000. — № 170.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Савкин В. Озеро Чаны — уникальный водоём Западной Сибири Արխիվացված 2008-05-07 Wayback Machine / Наука в Сибири. — 2002. — № 48—49.
  7. Чаны, озеро Томской губернии
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։