Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ
Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ անգլ.՝ "Other Voices, Other Rooms" | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | Հարավային գոթիկա և դաստիարակչական վեպ |
Հեղինակ | Թրումեն Կապոտե |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1948 |
Տեսարան | Ալաբամա |
Հրատարակչություն | Random House |
Հրատարակվել է | հունվար 1948 |
«Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ» (անգլ.՝ Other Voices, Other Rooms), Թրումեն Կապոտեի վեպը։
Ստեղծագործությունը տարբերվում է գոթական միջավայրի նկարագրությամբ և ինքնակենսագրական տարրերով։ Վեպն իր մեկնարկն սկսել է բեսթսելլերների ցանկի 9-րդ հորիզոնականում՝ ըստ The New York Times-ի վարկանիշի[1]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրումեն Կապոտեն գիրքն սկսել է գրել՝ ոգեշնչվելով Ալաբամայի անտառում զբոսանքից։ Նա անմիջապես մի կողմ է նետում «Summer Crossing» ձեռագրի սևագիրը և սկսում է աշխատել «Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ» գրքի վրա։ Ալաբամայից հեռանալուց հետո Կապոտեն ստեղծագործական աշխատանքը շարունակել է Նոր Օռլեանում՝ Լուիզիանա նահանգում։ Սկսնակ գրողի փառքը նպաստել է նրա ծանոթությանը հարավուհի գրողի՝ Կարսոն Մակկալերսի հետ։ Իբրև մտերիմ ընկեր՝ Կարսոնը Թրումենին օգնել է հրատարակչություն գտնելու հարցում (Random House): Կապոտեն շարունակել է աշխատել վեպի վրա Հյուսիսային Կարոլինայում և այն ավարտին է հասցրել Մասաչուսեթս նահանգում։ Վեպի ստեղծման համար Թրումենից պահանջվել է 2 տարի[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմության կենտրոնում 13-ամյա պատանի Ջոուլ Հարրիսոն Նոքսն է, ով ոչ վաղ անցյալում կորցրել է մորը։ Ջոուլը Նոր Օռլեանից տեղափոխվում է հոր մոտ, որը լքել է ընտանիքը տղայի ծնվելուց հետո։ Հասնելով Սկալլիզ-Լեդդինգ՝ Ալաբամա նահանգի գյուղական շրջանում՝ ընդարձակ պլանտացիայի կենտրոնում, Ջոուլը գտնում է մեծ, ավերված առանձանատուն։ Նրան դիմավորում են խորթ մայրը՝ Էյմին, խորթ մոր հորեղբորորդին՝ պարոն Ռանդոլֆը և Այդաբելան՝ մի չարաճճի սանձարձակ աղջիկ, որն էլ շուտով մտերմանում է տղայի հետ։ Սակայն ոչ ոք չի պատասխանում Ջոուլի այն հարցին, թե որտեղ է նրա հայրը։ Իսկ երբ նրան թույլատրում են տեսակցել հորը, Ջոուլը մնում է ապշած՝ տեսնելով նրան անդամալույծ և կիսամեռ վիճակում, որն ի վիճակի էր միայն արտաբերել մի քանի բառ և շարժել մեկ ձեռքը։ Պարզվում է, որ ատրճանակից սխալմամբ նրա վրա կրակել է Ռանդոլֆը։ Ջոուլը և Այդեբալան փախչում են ծերերով բնակեցված տնից, սակայն հիվանդանում են թոքաբորբով և հետ են վերադառնում։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոուլ Հարրիսոն Նոքս – պատմվածքի 13-ամյա հերոսը։
- Հելլեն Քենդալ – գլխավոր հերոսի բարի ու քնքուշ մորաքույրը։ Մոր մահից հետո Ջոուլին իր խնամակալության տակ է առել, հետո համաձայնել է նրան տալ հարազատ հորը։
- Էդվարդ Ռ. Սանսոմ – Ջոուլի անդամալույծ հայրը, բռնցքամարտի նախկին մենեջեր։ Նրանց առաջին հանդիպումը շփոթեցնում է տղային, ով հորը պատկերացրել էր որպես հարուստ, գեղեցկատես և բարեկազմ միլիոնատեր տղամարդ, սակայն հետագայում նա հաշտվում է իրականության հետ և հորն ընդունում է այնպիսին, ինչպիսին նա կա։
- Միսս Էյմի Սքալլի – Ջոուլի խորթ մայրը։ Անսահման սիրում է իր հորեղբորորդուն, և լիովին հաշվի է նստում նրա կարծիքի հետ։ Բնավորությամբ հիշեցնում է միսս Քելլի Ֆոլքին՝ բարեկամուհուն, որի մոտ Կապոտեն ապրել է Ալաբամայում։
- Ռանդոլֆ – Էյմիի հորեղբորորդին է, տառապում է ասթմայով, պերճախոս է և տաղանդավոր։ Սկզբում գլխավորը հերոսը ձգտում է նմանվել նրան, սակայն տարիքի հետ Ջոուլը հասկանում է, որ նա ընդամենը անօգնական և կամակոր անձնավորություն է։
- Զու (Միսսուրի) - գլխավոր հերոսի հայրական տան սպասուհին, որը խնամում է իր հարյուրամյա պապին՝ Ջիզուսին։ Վեպի սկզբում տեսնում ենք հմայիչ և գեղանի նեգրուհու, իսկ վերջում՝ տեղի ունեցած դեպքերից ընկճված մի աղջկա, և Զուն կորցնում է իր գրավչությունը Ջոուլի համար։
- Ֆլորաբելա Թոմփքինս - աշխույժ աղջիկ է՝ երկար, շիկահեր խոպոպներով, որն առաջին հայացքից նույնիսկ դուր է գալիս Ջոուլին, սակայն պարզվում է, որ արտաքինը խաբուսիկ է։
- Այդաբելա Թոմփքինս - Ֆլորաբելայի երկվորյակ քույրը և նրա հակապատկերը՝ լկտի և անդաստիարակ։ Կարելի է համարել, որ Ջոուլի առաջին մաքուր սերն է եղել։ Միասին փորձում են փախչել, սակայն ձախողում են, ինչն էլ կտրուկ փոխում է գլխավոր հերոսի բնավորությունը և աշխարհայացքը։
- Փոքրիկ Լույս – ճաղատ և տգեղ ճգնավոր սևամորթ, ապրում է լքված հյուրանոցում, խոր անտառում՝ պարուրված մահվան և տեսիլքների մասին լեգենդներով։
Թևավոր արտահայտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհը սարսափազդու վայր է, այո՛, նա գիտեր այդ մասին, աշխարհն անհուսալի է. ի՞նչն է նրա մեջ հավերժ։ Կամ, գուցե, այդպե՞ս է թվում։ Ժայռը հողմահարվում է, գետերը սառույցով են ծածկվում, խնձորը հոտում է. դանակի կտրածից միևնույն արյունն է հոսում թե՛ սևամորթից, թե՛ սպիտակամորթից. գիտնական թութակն ավելի ճշմարիտ մտքեր է հայտնում, քան շատ մարդիկ. և ո՞վ է ավելի միայնակ. բազե՞ն, թե՞ թրթուրը։ Ծաղիկը բացվում և չորանում է, թոշնում է, ինչպես խոտը, որի վրա աճել է, և ծերուկը նմանվում է պառաված օրիորդի, իսկ նրա կնոջ դեմքին մազեր են աճում. մի ակնթարթում, փոփոխություն փոփոխության հետևից, ինչպես սռնիի պտույտը սատանայի անիվում։ Խոտը և սերը ամենականաչն են. իսկ հիշու՞մ ես Փոքրիկ Երեքաչքանիին։ Երբ սիրում ես նրան, նույնիսկ խնձորները ոսկե երգ են երգում. սերը հաղթում է Ձյունե թագուհուն. սիրո միջոցով քեզ են ճանաչում՝ Ռումպելշտիլցխե՞նն ես, թե՞ ուղղակի Ջոուլ Նոքսը. ահա թե ինչն է հավերժ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Davis, Deborah Party of the Century: The Fabulous Story of Truman Capote and his Black and White Ball. — Hoboken: John Wiley and Sons, 2006. — P. 22 & 29.
- ↑ Capote, Truman The Dogs Bark: Public People and Private Places. — New York: Random House, 1973. — P. 3 & 10.
|