Jump to content

Ունիվերսալիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ունիվերսալիաներ (լատ․universalis-ընդհանուր), ընդհանուր հասկացություններ, միջնադարյան փիլիսոփայության կարևորագույն կատեգորիաներից և խնդիրներից։ Այդ խնդրի լուծումն ունեցել է գոյաբանական (ընդհանուրի ինքնակա գոյությունը), իմացաբանական (հասկացությունների և իմացության պրոցեսում դրանց առաջացման էությունը) և տրամաբանական (հասկացությունների և եզակի իրերի հարաբերությունը) տեսանկյուն։ Ըստ Պլատոնի, մտածողության մեջ ընդհանուրին համապատասխանում է գերզգայական աշխարհում ընդհանուրը։ Ըստ Արիստոտելի, ունիվերսալիաները թե՝ գոյաբանական, թե՝ իմացաբանական առումով ածանցված են եզակի իրերից։ Այդ պրոբլեմը, հատկապես ունիվերսալիաների գոյաբանական կարգավիճակի հարցը, առավել հստակ դրել է, թեև չի լուծել Պորփյուրը, որի ձևակերպմամբ էլ (Բոեցիուսի միջոցով) այն ներթափանցել է սխոլաստիայի մեջ և դարձել ամբողջ միջնադարյան փիլիսոփայության կենտրոնական և վիճարկելի խնդիրներից (տես Նոմինալիզմ և ռեալիզմ, Կոնցեպտուալիզմ)։ Արդի բուրժ․ փիլիսոփայության մեջ շեշտը դրվում է գիտության լեզվի վերլուծության կամ էլ գիտական տեքստերի համաձայնեցման վրա (հարցի սոցիալական տեսանկյունը)։ Ունիվերսալիաների պրոբլեմի դիալեկտիկամատերիալիստական ըմբռնման հիմքը եզակիի, առանձնահատուկի և համընդհանուրի դիալեկտիկան է։ Ունիվերսալիաների պրոբլեմը հայ փիլիսոփայության մեջ առաջին անգամ որոշակիորեն դրել և բազմակողմանիորեն վերլուծել է Դավիթ Անհաղթը։ Նա ցույց է տվել անտիկ նոմինալիզմի և ռեալիզմի տարատեսակների ակունքները և առաջ քաշել հարցի 3 հիմնական և հնարավոր լուծումներ (ընդհանուրը գոյություն ունի մինչ իրերի բազմությունը, իրերի բազմության մեջ և իրերի բազմությունից հետո)։ Թեև Դավիթ Անհաղթի ուսմունքը կրում է սինկրետիկ բնույթ, այնուամենայնիվ նշմարվում է հարցի նոմինալիստական լուծումը, որը հիմք ծառայեց Հայաստանում նոմինալիստական ուսմունքների առաջացման համար։ Ունիվերսալիաների հարցին անդրադարձել են Հովհան Օձնեցին, Խոսրովիկ թարգմանիչը, հետագայում այն դարձել է հայ փիլիսոփայության գլխավոր խնդիրներից Հովհաննես Իմաստասերը, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Հակոբ Ղրիմեցին և ուրիշներ դրսևորել են ակնհայտ նոմինալիստական դիրքորոշում, Վահրամ Րաբունին ստեղծել է նոմինալիստական ամբողջական ուսմունք։ Նոմինալիստական հայեցակետի գերիշխումը Հայաստանում պայմանավորված էր ինչպես բնագիտական մտքի զարգացմամբ և հայ փիլիսոփայության էմպիրիկ- սենսուալիստական ուղղվածությամբ, այնպես էլ պապության նկրտումների դեմ մղված գաղափարախոսական-դավանաբանական պայքարում ազգային ինքնուրույն եկեղեցու գոյության արդարացման գաղափարով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 251