Նոմինալիզմ և ռեալիզմ, միջնադարյանսխոլաստիկայի մեջ տարածված փիլիսոփայական ուղղություններ։ Նոմինալիզմը (լատ․ nominalis – անվանումներին վերաբերող) ընդունել է միայն եզակի, նյութական իրերի ռեալ գոյությունը և ժխտել ընդհանուրի՝ սեռի և տեսակի հասկացությունների (ունիվերսալիաների) ռեալականությունը՝ համարելով դրանք իրերի սոսկ անուններ։ Ռեալիզմը (լատ․ realis – իրական) ընդունել է ունիվերսալիաների ռեալ գոյությունը և գտել, որ դրանք նախորդում են եզակի իրերի գոյությանը։ Նոմինալիզմը, Կ․ Մարքսի բնորոշմամբ, մատերիալիզմի առաջին արտահայտությունն էր միջնադարում և հակադրվում էր ռեալիզմին, որն, իդեալիզմի դիրքերից լուծելով ունիվերսալիաների պրոբլեմը, առաջնությունը տալիս էր գաղափարներին։ Նոմինալիզմ և ռեալիզմի սաղմերը առաջ են եկել անտիկ փիլիսոփայության մեջ։ Ռեալիզմը փաստորեն շարունակել է Պլատոնի գիծը ընդհանուրի և եզակիի հարաբերակցության հարցի շուրջը։ Նոմինալիստական գաղափարներ առաջ են քաշել կինիկները, որոնք հանդես են եկել պլատոնյան գաղափարների (ընդհանուրի) բացարձականացման քննադատությամբ։ Չափավոր դիրք է բռնել Արիստոտելը, ըստ որի, ընդհանուրը գտնվում է իրերի մեջ։ Որպես ուրույն փիլիսոփայական հոսանքներ նոմինալիզմը և ռեալիզմը զարգացել են վաղ սխոլաստիկայի առաջացման շրջանում՝ զուգորդված աստվածաբանական խնդիրների հետ։ Նոմինալիզմի խոշոր ներկայացուցիչը Յո․ Ռոսցելինն էր, որը կտրականապես մերժել է ունիվերսալիաների գոյությունը։ Դա ծայրահեղ նոմինալիզմի դրսևորումն էր։ Պ․ Աբելարը զարգացրել է չափավոր նոմինալիզմը՝ կոնցեպտուալիզմը։ Չափավոր նոմինալիզմի տարատեսակ էր Ու․ Օկամի ուսմունքը՝ տերմինիզմը, ըստ որի ընդհանուր հասկացությունները ռեալ գոյություն ունեցող եզակի իրերի նշաններ–տերմիններ են, որոնց հետ գործ ունի մարդկային բանականությունը։ Ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչներ էին Անսելմ Քենթրբերցին, Գիյոմ Շամպոյացին (Գիյոմ դը Շամպո)։ Թովմա Աքվինացին փորձել է թուլացնել ծայրահեղ ռեալիզմի՝ աստծուց աշխարհի և մարդու բացարձակ կախվածության դրույթը և պլատոնյան ծայրահեղությունը փոխարինել չափավոր ռեալիզմով, որը մոտ էր Արիստոտելի և արաբական արիստոտելականության գաղափարներին։ Նոմինալիզմի և ռեալիզմի պայքարը ունեցել է շեշտված զուգահեռներ մատերիալիզմի և իդեալիզմի հակամարտության հետ։ Նոմինալիզմը հանդես է եկել որպես միջնադարի առաջավոր մատերիալիստական միտումների կրողը։ Նոմինալիզմը և ռեալիզմը ազդել են նոր ժամանակի մատերիալիստական ու իդեալիստական ուսմունքների ձևավորման վրա։ Նոմինալիզմը նպաստել է հատկապես անգլիական և ֆրանսիական առաջավոր փիլիսոփայության մտքի ձևավորմանը։ Նոմինալիզմում առկա սուբյեկտիվիստական տարրը աղբյուր է հանդիսացել նաև սուբյեկտիվ իդեալիստական ուսմունքների համար (Ջ․ Բերկլի, Դ․ Հյում)։ XIX դ․ այդ գիծը դրսևորվել է պոզիտիվիզմի մեջ, XX դ․ վերակենդանացել նեոպոզիտիվիզմի և իմաստաբանական փիլիսոփայության մեջ։ Ռեալիստական ըմբռնումները դարձել են օբյեկտիվ իդեալիստական ուսմունքների նախատիպ։ Իդեալիստական ռեալիզմի շրջանակներում զարգացել են նեոռեալիզմը և քննադատական ռեալիզմը։ Յուրօրինակ ձևով ռեալիզմը վերակենդանացել է XX դ․ որոշ ֆիզիկոսների աշխատանքներում։
Հայ փիլիսոփայության պատմության մեջ նոմինալիզմի և ռեալիզմի սաղմերը դրսևորվել են դեռևս նրա ձևավորման շրջանում (V– VI դդ․)։ Հայ փիլիսոփայությանը առավել բնորոշ է հակումը դեպի նոմինալիզմը։ Դավիթ Անհաղթը բարձրացրել է ընդհանուրի և եզակիի առնչակցության խնդիրը և նպաստել հետագա մտածողների նոմինալիստական գաղափարների ձևավորմանը, թեև ինքը տատանվել է նոմինալիզմի և ռեալիզմի միջև։ Ըստ Դավիթ Անհաղթի, ընդհանուրը գոյություն ունի և՛ իրերից առաջ, և՛ իրերի մեջ, և՛ իրերից հետո՝ մարդկային մտածողության մեջ որպես սեռի և տեսակի հասկացություն։ Այս բանաձևը նույնությամբ կրկնել են Ավիցեննան և Թովմա Աքվինացին։ Նոմինալիզմի, որպես ինքնուրույն փիլիսոփայական հոսանքի, առաջին խոշոր ներկայացուցիչը Վահրամ Րաբունին է։ Իր հետագա զարգացումը նոմինալիզմը ստացել է Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու, Սիմեոն Ջուղայեցու աշխատություններում։ Ռեալիզմի գաղափարներ են արտահայտված Ստեփանոս Լեհացու փիլիսոփայական հայացքներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 335)։