Jump to content

Ումոջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումոջա
Տեսակբնակավայր
Երկիր Քենիա
ՎարչատարածքRift Valley Province?
Ձևավորում1990
Քարտեզ
Քարտեզ

Ումոջա (սուահիլի՝ umoja «միասնություն»[1][2]), բնակավայր Քենիայում, որը 1990 թվականին հիմնադրել են սամբուրու ցեղի կանայք, որոնք համաձայն չէին հայրենի բնակավայրերում իրենց հանդեպ տեղի ունեցող բռնությունների և ենթակա դիրքի հետ[1]։ 2006 թվականին Ումոջայում ապրում էր 50 կին և մոտ 220 երեխա[3]։

Գյուղն արտաքուստ նման է սամբուրու ցեղի սովորական գյուղերին. հյուղակներն այստեղ ևս կառուցված են հողի և կովի թրիքի խառնուրդից, իսկ տները շրջապատում է փշոտ թփերի ցանկապատը[4]։ Սակայն սովորական բնակավայրերում գործում է խիստ հայրիշխանություն, կանանց վերաբերվում են որպես սեփականության, իսկ Ումոջան ոչ միայն բնակեցված է գրեթե բացառապես կանանցով, այլև հենց նրանք են հիմնադրել գյուղը և կառավարում այն[4][1]։ Գյուղում գլխավորը հիմնադիր առաջնորդ Ռեբեքա Լոլոսոլին է (սուահիլի՝ Rebecca Lolosoli)[4]։

2000-ական թվականներին Ումոջայում ստեղծվել են քեմպինգ և արհեստագործական կրպակ, որոնք գրավում են զբոսաշրջիկներին[5]։

Ռեբեքա Լոլոսոլի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբեքան ծնվել է 1962 թվականին Վամբա գյուղում (սուահիլի՝ Wamba), նա ստացել է նախնական կրթություն և ամուսնացել 18 տարեկանում։ Նրա ամուսինը՝ Ֆաբիանո Դավիդ Լոլոսոլին, Ռեբեքային թույլ է տվել առևտուր անել և զբաղվել բռնաբարվածների խնդիրներով, թեպետ դա առաջացրել է գյուղի մյուս տղամարդկանց դժգոհությունը. նրանք ծեծել են Ֆաբիանոյին, և Ռեբեքան որոշել է հեռանալ նրանից, որպեսզի չառաջացնի հարևանների զայրույթը։ 1990 թվականին նա 14 այլ կանանց հետ հիմնել է Ումոջան և սկսել է սննդամթերք վաճառել[6], իսկ 1992 թվականին անցել է ուլունքների վաճառքին[1][5]։

2009 թվականին Ռեբեքայի ամուսինը զենքի սպառնալիքով փորձել է գտնել կնոջը՝ սպանելու նպատակով, բայց նա տանը չի եղել[7]։

Կանայք ունեն Ումոջա տեղափոխվելու երկու հիմնական պատճառ։ Առաջին ալիքն այստեղ է եկել բռնության պատճառով. կանայք հայտնում են, որ բրիտանացի զինվորների կողմից բռնաբարվելուց հետո ամուսիններն իրենց վռնդել են տներից կամ նույնիսկ փորձել սպանել՝ պատճառաբանելով, որ բռնաբարված կինը «անարգում է» ամուսնուն[4][2][7]։ Ումոջան համագործակցում է փաստաբան Մարտին Դեյի հետ, որն ասում է, որ քանի որ քենիացիները փոխհատուցում են ստանում, եթե Բրիտանիայի քաղաքացին մեղավոր ճանաչվի, հայտնվել են մի քանի կեղծ վկաներ, սակայն շեշտում է, որ բռնաբարության մասին առաջին երկու հարյուր հաղորդումների մեջ ինքը չի գտել ոչ մի կեղծ վկայություն[8]։ Բրիտանացի զինվորականները ցանկություն են հայտնել համագործակցել սամբուրու ցեղի կանանց բռնաբարության հարցով և հետաքննություն են սկսել, հետագայում հետաքննությունը շարունակել է կազմակերպություն, որը մասնագիտացած է բրիտանական կառավարության դեմ հայցերի քննությամբ[8]։

Երկրորդ պատճառը սամբուրու կանանց ստորադաս դիրքն է՝ կանանց թլփատում, բռնի ամուսնություններ ավագների հետ (սամբուրուների մեջ ամուսնանալ կարող է միայն ավագը)[9], բռնաբարություններ, ծեծ[7][1][10]։ Ընտանիքը կարող է վտարել այրուն, քանի որ կինը համարվում է միայն նյութական վնասների աղբյուր[1]։

Փող կուտակելով՝ գյուղի բնակչուհիները գնել են այն հողատարածքը, որտեղ ապրում են[6]։

Առօրյա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ումոջայի բնակիչ սամբուրու կինը երեխաների հետ իր տան մոտ

Ումոջայի բնակիչները զբաղվում են սամբուրուների ավանդական արհեստներով. նրանք պատրաստում են բազմագույն ուլունքներ, որոնք վաճառում են դեպի Սամբուրու արգելոց տանող ճանապարհի երկայնքով և իրենց կայքում, ինչպես նաև վաճառքի համար պատրաստում են գարեջրի տեղական ցածր ալկոհոլային տարատեսակը[5], ինչը նրանց թույլ է տալիս բավականաչափ գումար վաստակել ապրելու համար[10]։ Սամբուրուների ավանդական հասարակությունում երեխաները վեց-յոթ տարեկանից զբաղվում են անասնապահությամբ[11], սակայն Ումոջա գյուղում բոլոր երեխաները դպրոց են հաճախում[4][2]։ Բնակչուհիներն էլ հնարավորություն ունեն հաճախելու դպրոց, որտեղ սովորում են կարդալ, գրել և հիմնական այլ հմտություններ[1]։

Ումոջայում գործում են հստակ կանոններ․ պետք է կրել ավանդական հագուստ, ուլունքներ[1][12], կանանց թլփատումն արգելված է[1][2]։ Հակասական տեղեկություններ կան, թե արդյոք գյուղում թույլատրվում է քնել այն տղամարդկանց, ովքեր կին բնակիչների երեխաները չեն[1][4][10]։ Կանայք նաև վարձում են տղամարդկանց՝ անասուններ արածացնելու և գյուղը փշոտ թփերով պարսպապատելու համար[4]։ Կնոջ մոտ կարճ ժամանակով կարող է գալ սիրեկանը։

Բացի սեփական օրինակից և ապաստան տրամադրելուց, գյուղի բնակիչներն օգնում են մոտակա գյուղերի կանանց՝ անցկացնելով դասեր, որտեղ նրանք խոսում են կանանց իրավունքների, գենդերային հավասարության մասին և սովորեցնում՝ ինչպես կանխել բռնությունը[1]։ Գյուղ են գալիս ոչ միայն սամբուրու ցեղի ներկայացուցիչները, այնտեղ ապրում են նաև տուրկանա ցեղից մի քանի հոգի[1]։

Սամբուրու շրջանի տարածքում բացի Ումոջայից կա ևս մեկ նմանատիպ կանանց գյուղ՝ Սենչեն (սուահիլի՝ Senchen)[13]։

Տղամարդիկ փորձել են ստեղծել մրցակից գյուղ Ումոջայից մեկ կիլոմետր հեռավորության վրա, բայց մի քանի ամիս անց հրաժարվել են այդ գաղափարից[5][7]։ Հարևան Արչերս Փոստ քաղաքի բնակիչները 2005 թվականին փորձել են կանգնեցնել արգելոց գնացող մեքենաները՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել, եթե նրանք մտնեն Ումոջա[5]։ Բացի այդ, գյուղի վրա պարբերաբար հարձակվում են գողերը[5]։

Սամբուրուները ամուսնալուծություն չունեն, ուստի այլ գյուղերի ամուսինները պարբերաբար փորձում են վերադարձնել իրենց կանանց, որոնք առաջինների համառելու դեպքում դիմում են իշխանություններին[4]։

Ռեբեքա Լոլոսոլին արդեն լսել է իր հասցեին սպառնալիքներ, երբ նրան հրավիրել են Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գենդերային հավասարության կոնֆերանսին․ այդ ժամանակ հարևան գյուղի տղամարդիկ խոստացել են սպանել նրան, բայց նա այնուամենայնիվ գնացել է[7]։

Սամբուրու տարածաշրջանի չորությունը և Էվասո-Նգիրո գետի վարարումները նույնպես պարբերաբար սպառնում են գյուղի գոյությանը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 ipsnews
  2. 2,0 2,1 2,2 2,3 seattletimes
  3. rfr
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 NewYorkTimes
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 telegraph
  6. 6,0 6,1 satyamag
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 newamericamedia
  8. 8,0 8,1 bonus
  9. Holtzman, 1995, էջ 36
  10. 10,0 10,1 10,2 TheDailyActivist
  11. Holtzman, 1995
  12. alarabiya
  13. CulturesofResistance
  14. «Umoja: The village». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]