Սուրեն Ուզունյան
Ծնվել է | 1883 |
---|---|
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 23, 1927 |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Կրթություն | Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Գելիբոլուի զինվորական հիվանդանոց |
Պաշտոն | առողջապահական քննիչ բժշկապետ |
Ամուսին | Մարգարիտ Ավետիսյան |
Սուրեն Ուզունյան (1883, Կ. Պոլիս - 23 փետրվարի, 1927, Բուխարեստ), հայ բժիշկ, Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1883 թվականին Կ. Պոլսում։ Մանկությունը ծնողների հետ անցկացրել է Կարին քաղաքում։ Վերադառնալով Կ. Պոլիս՝ սովորել է Պերպերյան վարժարանում։ Հետագայում կրկին տեղափոխվել է Կարին և սովորել Սանասարյան վարժարանում։ Այնուհետև ուսանել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո մեկնել է Փարիզ և «Օդել Դիեո» հիվանդանոցում հետևել Դիյոլաֆուայի դասերին։
Վերադառնալով Կ. Պոլիս՝ թուրք-ռուսական սահմանագլխի առողջապահական քննիչ է նշանակվել։ 1911 թվականին հրաժարվելով պաշտոնից՝ հաստատվել է Կ. Պոլսի ասիական կողմի Սկյուտար թաղամասում։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ Ռազմաճակատում վիրավորվել է, բուժվել, ապա Գելիբոլուի զինվորական հիվանդանոցի բժշկապետ նշանակվել։ 1918 թվականին՝ պատերազմի ավարտից հետո վերահաստատվել է Սկյուտարում, ուր լայն ժողովրդականություն է վայելել։ Եղել է Տարագրելոց, Որբախնամի, Կարմիր խաչի և Հայ բժիշկներու միությունների անդամ։ Եղել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը։
1920 թվականին ամուսնացել է հանրաճանաչ գրագիտուհի տիկին Անայիսի (Եվփիմե Ավետիսյան) դստեր՝ Մարգարիտ Ավետիսյանի հետ։ 1922 թվականի աշնանը ընտանիքով գաղթել է Ռումինիա և հաստատվել Բուխարեստ մայրաքաղաքում, ուր շարունակել է բժիշկ աշխատել և հանրային գործունեությամբ զբաղվել։ Բուլղարական դումայում ուշագրավ ատենախոսություն է կատարել։
Մահացել է 1927 թվականի փետրվարի 23-ին Բուխարեստում՝ 44 տարեկանում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, 1928, Փարիզ, 1929։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։