Որովայնի ուղիղ մկան
Որովայնի ուղիղ մկան | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս և chiral muscle organ type? |
Ենթադաս | muscle of abdomen?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | muscle of abdomen? |
Զարկերակ | inferior epigastric artery? |
Նյարդայնացած | sixth intercostal nerve?[2], seventh intercostal nerve?[2], eighth intercostal nerve?[2], ninth intercostal nerve?[2], tenth intercostal nerve?[2], eleventh intercostal nerve?[2], subcostal nerve?[2], iliohypogastric nerve? և ilioinguinal nerve? |
MeSH | A02.633.567.050.800 |
Foundational Model of Anatomy | 9628 |
Terminologia Anatomica 98 | A04.5.01.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3] |
Rectus abdominis muscle Վիքիպահեստում |
Որովայնի ուղիղ մկան, (լատին․՝ straight abdominal), հայտնի նաև որպես «որովայնի մկան», զույգ հատվածավորված կմախքային մկաններ, տեղակայված որովայնի առաջային պատին: Զույգ մկանները միջին գծի երկայնքով բաժանված են միմյանցից շարակցական հյուսվածքի շերտով, որը կոչվում է սպիտակ գիծ (լատին․՝ linea alba), իսկ կողմնային եզրերը սահմանող շարակցական հյուսվածքը կոչվում է կիսալուսնաձև գիծ (լատին․՝ linea semilunaris): Մկանը ներքևում սկիզբ է առնում ցայլային համաճոնից, ցայլոսկրի բարձրությունից, ցայլոսկրի թմբկությունից, իսկ վերևում՝ կրծոսկրի թրաձև ելունից և 5-7-րդ կողաճառների առաջային մակերեսներից[4][5]:
Որովայնի ուղիղ մկանը գտնվում է ուղիղ բունոցում, որը կազմված է որովայնի կողմնային մկանների ջլոններից: Ուղիղ մկանների մկանաթելերը ունեն ջլային ընդհատումներ (լատին․՝ inscreptiones tendinae), որոնք ամուր են կպած բունոցի առաջային պատին և թույլ՝ հետին պատին, և բաժանում են ուղիղ մկանը առանձին փորիկների (2-ից 12, սակայն ավելի հաճախ՝ 6): Օրգանիզմում ճարպի ցածր քանակություն ունեցող մարդկանց մոտ այս մկանային փորիկները կարող են արտաքինից տեսանելի լինել[6]:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Որովայնի ուղիղ մկանը երկար, տափակ մկան է, որը ամբողջ երկարությամբ բաժանված է մյուս կողմի համանուն մկանից սպիտակ գծով (linea alba): Ջլային ընդհատումները լատին․՝ (intersectiones tendineae) յուրաքանչյուր կողմի ուղիղ մկանը բաժանում են մի քանի փոքր մկանային փորիկների: Երբ որովայնի ուղիղ մկանը լարվում է, լայնանում է ջլային ընդհատումների միջև հատվածը[7]:
Վերին հատվածը, որ կպած է հիմնականում հինգերորդ կողի աճառին, սովորաբար ունի մի քանի մկանաթելեր, որոնք շրջապատում են հենց կողոսկրի առաջային ծայրը:
Չափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որովայնի ուղիղ մկանի հաստությունը սովորաբար կազմում է մոտ 10 մմ[8], չնայած որոշ մարզիկների մոտ այն կարող է հասնել մինչև 20 մմ-ի[9]: Հիմնական ծավալը ֆիզիկապես ոչ ակտիվ մարդկանց մոտ 300 սմ3 է, իսկ մարզիկների մոտ՝ 500 սմ3[10]:
Անոթավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որովայնի ուղիղ մկանն ունի զարկերակային արյան մատակարարման բազմաթիվ աղբյուրներ: Մկանի անոթային անատոմիայի դասակարգում. վերորովայնային ստորին զարկերակը և երակը (կամ երակները) անցնում են ուղիղ մկանի հետին պատով, մտնում են փակեղի մեջ Դուգլասյան թեք գծի շրջանում, ապահովում են մկանի ստորին հատվածի արյունամատակարարումը (պորտից ցած): Վերորովայնային վերին զարկերակը՝ ներքին կրծքային զարկերակի վերջնաճյուղը, ապահովում է արյան հոսքը մկանի վերին հատվածում: Պորտի մակարդակին այս 2 զարկերակները բերանակցվում են: Որովայնի ուղիղ մկանի արյան մատակարարումն ապահովում են նաև ստորին 6 միջկողային զարկերակները:
Նյարդավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որովայնի ուղիղ մկանը նյարդավորվում է կրծքաորովայնային նյարդերով, որոնք միջկողային T7-T11 նյարդերի շարունակությունն են և թափանցում են մկանի առաջային պատը: Զգայությունը ապահովում են կրծքային 7-12-րդ նյարդերը:
Բազմազանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծոսկրային մկանը կարող է լինել մեծ կրծքամկանի կամ որովայնի ուղիղ մկանի անատոմիական տարբերակ: Որոշ մկանաթելեր կարող են կպած լինել կողաթրաձև կապաններով, կամ հենց թրաձև ելունի կողմնային մակերեսին:
Գործառույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որովայնի ուղիղ մկանը կեցվածքի կարևոր մկան է: Այն պատասխանատու է ողնաշարի գոտկային հատվածի թեքման համար, ինչպես նաև ձգում կատարելու: Կոնքի անշարժացման դեպքում մկանը կծկվելիս կրծքավանդակը մոտենում է կոնքին, իսկ կրծքավանդակի անշարժացման դեպքում՝ կոնքն է մոտենում (օրինակ ոտքերը և կոնքը բարձրացնելիս): Մկանի 2 կպման տեղերը կարող են մոտենալ իրար միաժամանակ, երբ նրանցից ոչ մեկը անշարժացված չէ տարածության մեջ:
Որովայնի ուղիղ մկանն օգնում է շնչառական շարժումներ իրականացնելիս, և կարևոր դեր է խաղում հարկադիր արտաշնչման ժամանակ, օրինակ ֆիզիկական վարժություններից հետո, կամ այն դեպքերում, երբ արտաշնչումը դժվարացած է, օրինակ՝ թոքերի էմֆիզեմայի ժամանակ: Այն նաև օգնում է պահպանել ներքին օրգանները բնականոն դիրքում, մասնակցում է ներորովայնային ճնշման առաջացմանը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ծանր առարկաներ բարձրացնելիս, աղիների պերիստալտիկայի, ծննդաբերության ժամանակ:
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որովայնի ուղիղ մկանի գերձգումը, որ նաև կոչվում է դիաստազ, որովայնի առաջային պատի մկաններից մեկի վնասվածքն է: Մկանային լարվածություն առաջանում է, երբ մկանը չափից շատ է ձգվում և մկանաթելերը պատռվում են, կամ որովայնի պատի ամրության թուլացման պատճառով: Ամենից հաճախ, գերլարումը հանգեցնում է մկանների մեջ մանրադիտակային պատռվածքների, բայց երբեմն, ծանր վնասվածքների դեպքում, մկանը կարող է պատռվել իր կպման տեղի երկայնքով:
Որովայնի ուղիղ մկանի հեմատոման արյան կուտակում է ուղիղ մկանի բունոցում: Այն առաջացնում է որովայնի ցավ՝ զանգվածով կամ առանց զանգվածի։ Հեմատոմայի պատճառ կարող է լինել կամ վերորովայնային զարկերակի պատռվածքը, կամ մկանային պատռվածքը: Հեմատոմայի առաջացման պատճառներն են հակամակարդիչների օգտագործումը, հազը, հղիությունը, որովայնի խոռոչի վիրաբուժական միջամտությունները և վնասվածքները։ Բնակչության ծերացման և հակամակարդիչ դեղամիջոցների համատարած օգտագործման պատճառով կան տվյալներ, որ այս պատմականորեն բարորակ վիճակը գնալով ավելի տարածված և լուրջ է դառնում[11]:
Որովայնը զննելիս կարող է նկատվել դրական Կարնետի ախտանշան։
Հեմատոմաների մեծ մասը վերանում է առանց բուժման, սակայն դրա համար կարող է պահանջվել մի քանի ամիս:
Այլ կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու որովայնի ուղիղ մկանը նման է ողնաշարավորների մեծ մասի համանուն մկաններին: Կենդանիների և մարդկանց որովայնի այս մկանների միջև ամենաակնառու տարբերությունն այն է, որ կենդանիներն ունեն տարբեր քանակով ջլային ընդհատումներ:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Որովայնի ուղիղ մկանի բունոցի սխեմա
-
Իրանի մկաններ
-
Տղա մարզիկ՝ տեսանելի որովայնի ուղիղ մկանով
-
Կին մարզուհի՝ տեսանելի որովայնի ուղիղ մկանով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Palastanga N., Soames R. Anatomy and Human Movement Structure and Function 6th edition — 6 — 2012. — ISBN 978-0-7020-3553-1
- ↑ http://www.bartleby.com/107/118.html
- ↑ Gray's Anatomy for students, 2nd edition, Page:176
- ↑ «Rectus Abdominis Muscle | Actions | Attachments | Origin & Insertion». www.getbodysmart.com. Վերցված է 2016-11-29-ին.
- ↑ Lefave, Samantha; Shannon-Karasik, Caroline (16 November 2023). «There Are Actually Many Ways To Achieve 6-Pack Abs». Women's Health. Վերցված է 20 July 2024-ին.
- ↑ Abdomen, in Moore, K.L., Dalley, A.F., Agur, A.M.R. (eds). 2014. Clinically Oriented Anatomy: Seventh Edition. Lippincott Williams & Wilkins. Philadelphia. PA. pg:191.
- ↑ Kim, Jungmin; Lim, Hyoseob; Lee, Se Il; Kim, Yu Jin (2012). «Thickness of Rectus Abdominis Muscle and Abdominal Subcutaneous Fat Tissue in Adult Women: Correlation with Age, Pregnancy, Laparotomy, and Body Mass Index». Archives of Plastic Surgery. 39 (5): 528–33. doi:10.5999/aps.2012.39.5.528. PMC 3474411. PMID 23094250.
- ↑ Anteroposterior diameter comparison of dominant (D) and nondominant (ND) rectus abdominis in elite handball players. Pedret; Balius; Pacheco, Sra.; Gutierrez; Escoda; Vives (1 July 2011). «Rectus abdominis muscle injuries in elite handball players: management and rehabilitation». Open Access Journal of Sports Medicine. 2: 69–73. doi:10.2147/oajsm.s17504. PMC 3781885. PMID 24198573.
- ↑ Sanchis-Moysi, Joaquin; Idoate, Fernando; Dorado, Cecilia; Alayón, Santiago; Calbet, Jose A. L. (31 December 2010). «Large Asymmetric Hypertrophy of Rectus Abdominis Muscle in Professional Tennis Players». PLOS ONE. 5 (12): e15858. Bibcode:2010PLoSO...515858S. doi:10.1371/journal.pone.0015858. ISSN 1932-6203. PMC 3013134. PMID 21209832.
- ↑ Fitzgerald, J. E. F.; Fitzgerald, L. A.; Anderson, F. E.; Acheson, A. G. (2009). «The changing nature of rectus sheath haematoma: Case series and literature review». International Journal of Surgery. 7 (2): 150–154. doi:10.1016/j.ijsu.2009.01.007. PMID 19261556.