Մինչև 1 մ բարձրությամբ կարճ կոճղարմատով, երկար, սրածայր արմատամերձ տերևներով, մերկ բազմամյա խոտաբույս է։ Հաստացումներով արմատափնջերը առաջանում են կոճղարմատի ստորին մասում։ Մոտ 3 սմ լայնությամբ սրածայր, նեղ-գծային, կանաչ տերևները ծալված են կենտրոնական ջղի երկարությամբ։ Տերևազուրկ ցողունի գագաթին գտնվող հուրանաձև ճյուղավոր ծաղկաբույլերում հավաքված են խոշոր, անհոտ, կարճակոթ, վեցանդամ ծաղիկները։ Դեղին կամ նարնջագույն ծաղկապատի թերթիկները ներսից կարմրավուն են կամ շագանակագույն-կարմիր։ Կաշվեկերպ ձվաձև պտուղը եռանիստ տուփիկ է, որի բներում սև, փայլուն, եռակող սերմերը դասավորված են երկու շարքով[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են ոսկեղնիկի արմատները։ Ասիական երկրներում այս բույսի ծաղիկները, կոկոնները, երիտասարդ տերևները և կոճղարմատները թարմ, չորացրած կամ եփած վիճակում օգտագործում են որպես սնունդ։ Երբեմն կոճղարմատներից ստանում են նաև օսլա[1]։