Ոսկեղնիկ շիկավուն (լատին․՝ Hemerocalis fulva), շուշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր բույս է։ Վայրի վիճակում տարածված է Չինաստանում և Հեռավոր Արևելքում։ Բարձրությունը հասնում է մինչև 1 մետրի, ծաղկակիր ցողունը զուրկ է տերևներից, ծաղիկները խոշոր են, մուգ նարնջագույն։ Ունի նաև լիաթերթիկ ծաղկավոր և շերտավոր գունավորված տերևներով այլատեսակներ։ Տերևները գծանման են, սրածայր, ուղղաձիգ կամ աղեղնաձև թեքված։ Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ․ գերադասում է հումուսով հարուստ բավականին խոնավ հողեր։ Լուսասեր է, սակայն լավ է աճում նաև կիսաստվերում։ Կոճղարմատները մշտապես դեպի վեր են աճում, ուստի և անհրաժեշտ է հողով դրանք մշտապես ծածկել, 3-4 տարին մեկ անգամ ամռան վերջում վերատնկել՝ կոճղարմատների մի մասն օգտագործելով բազմացման նպատակով։ Կարելի է բազմացնել նաև սերմերով` ցանքը կատարելով աշնանը կամ գարնանը ստրատիֆիկացիայից հետո։ Մեր հանրապետությունում մեծ կիրառում ունի (բացառությամբ բարձր լեռնային շրջանների) որպես հեշտ բազմացվող և դեկորատիվ բարձր արժանիքներ ունեցող ծաղկաբույս։ Կարելի է օգտագործել լանդշաֆտային ոճի ծաղկադեկորատիվ բոլոր ձևավորումներում, հատկապես միքսբորդերներում, եզրաշերտերում, գազոնի ֆոնի վրա՝ խմբերով, քարապարտեզներում, ջրամբարների ու գետակների ափերին և այլն։ Միանգամայն պիտանի է նաև կտրած ծաղիկներ ստանալու համար, որոնք կարելի է օգտագործել ինչպես ծաղկեփնջերում, այնպես էլ ծաղկակոմպոզիցիոն վերադաշնակումներում[1]։
Մինչև 1 մ բարձրությամբ կարճ կոճղարմատով, երկար, սրածայր արմատամերձ տերևներով, մերկ բազմամյա խոտաբույս է։ Հաստացումներով արմատափնջերը առաջանում են կոճղարմատի ստորին մասում։ Մոտ 3 սմ լայնությամբ սրածայր, նեղ-գծային, կանաչ տերևները ծալված են կենտրոնական ջղի երկարությամբ։ Տերևազուրկ ցողունի գագաթին գտնվող հուրանաձև ճյուղավոր ծաղկաբույլերում հավաքված են խոշոր, անհոտ, կարճակոթ, վեցանդամ ծաղիկները։ Դեղին կամ նարնջագույն ծաղկապատի թերթիկները ներսից կարմրավուն են կամ շագանակագույն-կարմիր։ Կաշվեկերպ ձվաձև պտուղը եռանիստ տուփիկ է, որի բներում սև, փայլուն, եռակող սերմերը դասավորված են երկու շարքով[2]։
Աճում է ստորին, երբեմն նաև միջին լեռնային գոտիների խոնավ վայրերում, այգիներում, գետերի և լճերի ափերին։ Հանդիպում է Արմավիրի, Արարատի, Սյունիքի մարզերում և Արցախում[2]։
Բուժական նպատակներով օգտագործում են ոսկեղնիկի արմատները։ Ասիական երկրներում այս բույսի ծաղիկները, կոկոնները, երիտասարդ տերևները և կոճղարմատները թարմ, չորացրած կամ եփած վիճակում օգտագործում են որպես սնունդ։ Երբեմն կոճղարմատներից ստանում են նաև օսլա[2]։
- ↑ Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
- ↑ 2,0 2,1 2,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Տաքսոնի նույնացուցիչներ |
---|
| Hemerocallis fulva | |
---|
| Hemerocallis lilioasphodelus var. fulvus | |
---|
|