Նիկոլաե Պետրեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաե Պետրեսկու
ռումիներեն՝ Nicolae S. Petrescu-Găină
Ի ծնեռումիներեն՝ Nicolae Petrescu
ԿեղծանունGăină
Ծնվել էմարտի 31, 1871(1871-03-31)
ԾննդավայրԿրայովա, Ռումինիա
Վախճանվել էփետրվարի 15, 1931(1931-02-15) (59 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի ազգային արվեստների համալսարան
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ
ԺանրԾաղրանկար
ԹեմաներԾաղրանկար
Ներշնչվել էՕնորե Դոմիե
ստորագրություն
Изображение автографа
 Nicolae Petrescu-Găină Վիքիպահեստում

Նիկոլաե Պետրեսկու-Գեյնե (ռումիներեն՝ Nicolae Petrescu-Gǎjnǎ, մարտի 31, 1871(1871-03-31), Կրայովա, Ռումինիա - փետրվարի 15, 1931(1931-02-15), Բուխարեստ, Ռումինիա) - ռումին նշանավոր ծաղրանկարիչ, համարվում է ծաղրանկարչության սկզբնավորողը ռումինական իրականության մեջ, ստեղծել է իր ժամանակի (տասնիններորդ դարի վերջին տասնամյակի և քսաներորդ դարի առաջին երեք տասնամյակների) քաղաքական գործիչների, արվեստագետների, աչքի ընկած այլ մտավորականների կատականկարներն ու ծաղրանկարները, որոնց բնորոշ է բարեկամական հեգնանքը։ Նրա ծաղրանկարներն ունեն թե՛ փաստագրական և թե՛ գեղարվեստական արժեք։

Պետրեսկուն իր ժամանակին շատ հայտնի արվեստագետ էր, քննադատների կողմից բարձր գնահատանքի արժանացած ծաղրանկարիչ, ում համարում էին տասնիններորդ դարավերջի լավագույն ծաղրանկարիչներից մեկը, և ում գործերը մեծ սիրով տպագրում էին հեղինակավոր թերթերն ու ամսագրերը՝ «Գրական էջեր»-ը, «Քմծիծաղ»-ը, «Մրջյուն»-ը և այլ պարբերականներ։

Նկարչի հայրենի քաղաքի՝ Կրայովայի գեղարվեստի թանգարանի հովանու ներքո ամեն տարի անցկացվող ծաղրանկարների միջազգային ցուցահանդեսը 2007 թվականից կրում է Նիկոլաե Պետրեսկուի անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաե Պետրեսկուն ծնվել է 1871 թվականի մարտի 31-ին, Կրայովայում, համեստ միջոցների տեր ընտանիքում[1]։ Հայրը՝ Ստեֆանը, և մայրը՝ Պոլիքսենիան, զբաղվում էին մանր առևտրով, գիտեին ուսման հարգը, բարձր էին գնահատում այն և չնայած միջոցների սղությանը՝ ամեն ջանք գործադրեցին, որ իրենց վեց զավակներն էլ պատշաճ կրթություն ստանանան, որը կօգներ կյանքում հաջողության հասնելուն[1]։ Եվ պետք է ասել, որ նրանց երեխաները արդարացրին ծնողների հույսերը. Նիկոլաեի եղբայրներից Ջոն-Յանկուն դարձավ Բուխարեստի Սուրբ Սավվայի քոլեջի ֆրանսերենի ու լատիներենի պրոֆեսոր, ժամանակի ընթացքում՝ նաև այդ ուսումնական հաստատության տնօրեն, մյուս եղբայրը՝ Ստիվենը, ճանաչված դիզայներ, օպերայի ռեժիսոր էր, Իլարիոնը՝ բնական գազի արդյունահանման ու կիրառման բնագավառի ինժեներ, Գրիգորին՝ զինվորական սպա, Յուլիցեն՝ Կրայովայի վճռաբեկ դատարանի փաստաբան...[1][2][3]

Նիկոլաեն հայրենի քաղաքի գիմնազիան ավարտելուց հետո ուսումը շարունակել է Բուխարեստի գեղարվեստի դպրոցում[4], ուր ընդունվել է 1891 թվականին։ Փողի սղության պատճառով քսանամյա արվեստագետը հիմնականում սնվում էր բոված շագանակներով, որ բարեկամներն էին ուղարկում։

Ստեղծագործական աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականի մայիսի 2-ին Բուխարեստում՝ անկախ նկարիչների նորակառույց ցուցասրահում բացվեց առաջին ցուցահանդեսը, որը Նիկոլաե Պետրեսկուի համար նշանակալից էր նաև նրանով, որ այստեղ առաջին անգամ ցուցադրվեցին իր գործերից շուրջ չորսուկես տասնյակը։ Ցուցահանդեսի բացման կապակցությամբ լույս ընծայված նկարազարդ գրքույկում, որտեղ թվարկված էին նաև Պետրեսկուի «նկարներն ու ծաղրանկարները», կային այսպիսի՝ ընդգծված տողեր. «Մենք ուզում ենք մեզանից հեռու թողնել անցյալը, կտրվել նրանից և ամբողջ ձայնով հայտարարել մեր անկախության մասին։ Արվեստը պետք է ազատ լինի»։ Անկախների ցուցասրահում իր կողքին ներկայացած մյուս նկարիչներից շատերի հետ Պետրեսկուն երկար տարիներ մտերիմ հարաբերություններ պահպանեց։

Երկու տարի անց՝ 1898 թվականին նա հրատարակեց իր 26 ծաղրանկարներն ամփոփող ալբոմը, որը կրում էր «Contimporanul» խորագիրը։ Դա Ռումինիայում տպագրված ծաղրանկարների առաջին ալբոմներից մեկն էր, և նրա վրա զգացվում էր Հոնոր Դաումիերի համանման ալբոմի խոր ազդեցությունը։ Ալբոմում տեղ գտած աշխատանքներում երգիծական շնչով պատկերված էին ժամանակի հայտնի դեմքերից քսանվեցը։

Դրան հաջորդեց մի բավականին երկար ժամանակաշրջան, երբ Նիկոլաեն ստիպված էր բավարարվել իր աշխատանքները միայն պարբերականներում հրատարակելով։ Մտերիմ ընկերներից մեկի՝ Ստեֆանե Լուչիանի միջնորդության շնորհիվ Պետրեսկուն 1904 թվականին վերջապես հնարավորություն ստացավ մասնակցելու ցուցահանդեսի։ «Ateneul Român»-ում նրա աշխատանքներից ցուցադրվեցին ընդամենը երկուսուկես տասնյակը. խանգարեցին քաղաքական տարաձայնությունները գեղարվեստական ղեկավարի հետ, որը ծաղրանկարը համարում էր արվեստի երկրորդական ժանր և հենց այդ նկատառումով էլ սահմանափակել էր ներկայացվելիք աշխատանքների քանակը, անտեսելով նույնիսկ այն հանգամանքը, որ զանգվածային լրատվամիջոցները Պետրեսկուի տեսակետն էին պաշտպանում։

Վարպետ ծաղրանկարիչն իր գործերի մեծ մասն ստեղծել է Բուխարեստի զանազան սրճարաններում, այսպես ասած՝ «ծնկի վրա», քանի որ սեփական արվեստանոցը կամ ստուդիան այդպես էլ չունեցավ։ Աղքատ մարդ էր, բայց միանգամայն արժանապատիվ ձևով էր վարում մենակեցի իր կյանքը։ Ապրուստի միջոցներ վաստակում էր միայն ու միայն իր աշխատանքները վաճառելով, առանց որևէ մեծահարուստի առջև խոնարհվելու։

1908 թվականի սկզբներին նա հնարավորություն ունեցավ մասնակցելու ռումինական խորհրդարանի նիստերին և մարտ ամսին ստեղծեց ծաղրանկարների մի նոր ալբոմ, որը հրատարակեց «Կիրակնօրյա հանգիստը Սենատում» խորագրով։ 1913 թվականին լույս ընծայեց հերթական ալբոմը, որն այդպես էլ վերնագրել էր՝ «Իմ ալբոմը»։ Այն իր մեջ ամփոփում էր գուաշով ու ջրաներկով արված 42 սև-սպիտակ նկարազարդումներ։

Նկարազարդումներից, զարդանկարներից, իր ժամանակակից քաղաքական գորժիչների, ճանաչված արվեստագետների, անվանի այլ մտավորականների ծաղրանկարներից բացի՝ Նիկոլաե Պետրեսկուն ստեղծել է հակապատերազմական թեմաներով բազմաթիվ աշխատանքներ, որոնք արվեստի սեղմ միջոցներով, բայց և չափազանց պատկերավոր, ցցուն կերպով ներկայացնում են պատերազմի սարսափները և ուղղված էին մասնավորապես գերմանական միլիտարիզմի դեմ։ Քաղաքական իր այս կողմնորոշման համար նրան իշխանությունները ստիպեցին հատուցել. նետեցին հատուկ պատժաճամբար և մեկ տարուց ավելի պահեցին այնտեղ անտանելի պայմաններում։

Նիկոլաե Պետրեսկու-Գեյնեն մահացել է կյանքի վաթսուներորդ տարում, Բուխարեստում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Paul Rezeanu... pag. 5
  2. Opera Română - Primul deceniu Արխիվացված 2016-04-18 Wayback Machine (stagiunile 1923-1924;1924-1925)
  3. Scriitorii români și filmul - Năpasta lui Caragiale pe ecran
  4. Alexandru Obedenaru în Revista „Rampa”, București, 19 februarie 1931.