Jump to content

Նեֆրիտի կայսր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեֆրիտի կայսր
ՏեսակTaoist deity? և theonym?
Սեռարական
Երևի համընկնում էShangdi? և Աստված
ԶավակներՆյույվա
 Jade Emperor Վիքիպահեստում

Նեֆրիտի կայսր (Յույ-հուան շան-դի; 玉皇, Յույ-հուան կամ 玉帝, Յուհ-Դի), դաոսական պանթեոնի գերագույն աստվածությունը, երկնային գերագույն տիրակալը (Շան-դի) և մարդկային ճակատագրերի առաջնորդը: Իր երկնային նեֆրիտե պալատից կառավարել է ամբողջ տիեզերքը, նրան ենթակա էին երկինքները, երկիրը և անդրաշխարհը։ Նրա տրամադրության տակ էին աստվածությունները և ոգիները։ Դաոսական պանթեոնի հիերարխիայում նա երկրորդ տեղն է զբաղեցրել երեք ոլորտների աստվածների եռյակի մեջ (Սան Ցի)[1]։

Առաջին հիշատակումները վերաբերել են 6-7-րդ դարերին, երբ նրա անունը սկսել է հայտնվել դաոսական գրականության մեջ, իսկ վերջնական պատկերը ձևավորվել է 10-րդ դարում։ Համազգային պաշտամունք է հայտարարվել Սոնգ դինաստիայի կայսրերի օրոք (960-1279)։ Ամբողջ երկրում աստվածության պատվին տեղադրվել են բազմաթիվ տաճարներ և արձաններ։ Նա հայտարարվել է դաոյի անձնավորում՝ դաոսականության ամենակարևոր կրոնական կատեգորիան։ Մին դինաստիայի ժամանակաշրջանում (1368-1644) նրա պաշտամունքը գործնականում դադարեցվել է պաշտոնական մակարդակով, իսկ Ցին կայսրության ժամանակաշրջանում (1644-1912) նրա պաշտամունքը արգելվել է։ Այնուամենայնիվ, չնայած այդ ամենին, նա պահպանել է իր երկրպագությունը ժողովրդի մեջ:

Բնութագիր և պաշտամունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յու-Հուան անունը առաջին անգամ հիշատակվել է դաոսական գրականության մեջ 6-7-րդ դարերում[2]: Դրանից հետո չինական պանթեոնում առաջացել է այս աստվածության հայտնվելու վերաբերյալ դիցաբանական բացատրությունը: Ըստ վաղ վարկածի՝ նա ի սկզբանե տհաճ տղամարդ էր և հմուտ կախարդ։ Նման ամբարիշտ կյանքով ապրելուց և մահանալուց հետո նա զղջացել է իր նախկին պահվածքի համար և շտկվել ՝ ժամանակի ընթացքում արժանանալով նեֆրիտի կայսր դառնալու իրավունքը[3]: Սոնգ դինաստիայի ժամանակաշրջանի լեգենդի համաձայն, այս պատմությունը լրացվել է[3][4].

Յու-դին երազում եկել է մի չինացի կայսրի մոտ, որը նրա երկրպագությունը դարձրել է պաշտամունքի պաշտոնական առարկա
Նեֆրիտի կայսրը, Մին դարաշրջանի պատկեր

Յու-դի կերպարի վերջնական ձևավորումը վերագրվել է VII—X[5] կամ VIII-X[6] դարերին: Նեֆրիտի կայսեր պաշտամունքը համազգային բնույթ է ստացել Սոնգ դինաստիայի կայսրերի օրոք (960-1279): Նրանք կիսում էին դաոսականության իդեալները և այս աստվածության ճանաչմամբ ձգտել են հավասարակշռել Կոնֆուցիոսի համընդհանուր երկրպագումը: Չժեն-ցզոն կայսրը (997-1022) հայտարարել է, որ Յուհ-Դին իրեն հայտնվել է «հրաշալի տեսիլքով», որից հետո նա պաշտոնապես հայտարարվել է տոհմի առաջին նախահայր և գլախվոր հովանավորը[7]։

Այսպիսով, 1012 թվականին Չժեն-ցզոնը հաստատել է նրա գերիշխող տեղը ամենակարևոր պետական աստվածությունների շարքում, իսկ հաջորդ տարի աստվածության պատկերը տեղադրվել է նրա կայսերական պալատում: Դրանից հետո հայտնվել են պատկերագրական դիմանկարներ, որտեղ նա նստած է երկնային պալատում[8]։ XI դարի սկզբին նրա պատվին կառուցվել է պետական տաճար, որտեղ տեղադրվել է Յուհ-Դիի արձանը: Այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ կայսրը, զոհաբերություններ են մատուցել[9]։ 12-րդ դարի սկզբին նրան նվիրել են ավելի շքեղ տաճար, ինպես նաև հանձնարարվել է նման շինարարություն տարածել ամբողջ երկրում և տեղադրել արձաններ, որտեղ նա ներկայացված էր կայսերական հագուստով: Նրա պաշտամունքը տարածվել է ամբողջ կայսրությունում և նա դառձել է չինական մշակույթի սիրված աստվածներից մեկը: Միևնույն ժամանակ, նրանիր ավանդույթին վերագրելու պատվի համար մրցել են ինչպես դաոսականության, այնպես էլ բուդդայականության ներկայացուցիչները[9]։ Այս ժամանակահատվածում հայտնվել է նոր պատմություն նեֆրիտի կայսեր լեգենդար ծագման մասին, ըստ որի՝ նա մի փոքր թագավորության տիրակալի կնոջ որդին էր, որը երկար ժամանակ չի կարողացել երեխա ւնենալ և աղոթել է աստվածներին, որ երեխա ունենա։ Գիշերը թագուհին երազ է տեսել, որ իրեն այցելել է Թայշան աստվածը (կա նաև Լաո Ցզիի տարբերակը)։ Նա եկել է «հինգ գույնի վիշապի» վրա՝ գրկին երեխա։ Թագուհին խնդրել է աստծուն, որ նա իրեն տա այդ երեխային և արթնանալուց հետո նա հասկացել է, որ հղի է և մեկ տարի չանցած լույս աշխխարհ է բերել երկար սպասված ժառանգին։ Տղան մեծացել է և դարձել թագավոր՝ փառավորված բազմաթիվ առաքինություններով։ Իր հայրական գահը ժառանգելուց հետո նա կատարել է բազմաթիվ քաջարի գործեր, բայց ինքնակամ լքել է թագավորությունը՝ հանջնելով թագավորության կառավարումը նախարարին, և գնացել է լեռներ՝ վանական դառնալու, որտեղ նա բուժել է հիվանդներին և զբաղվել հոգևոր հարցերով: Դրանից հետո նա արժանացել է անմահության և իրավունք ստացել դառնալ տիեզերքի տերը և իշխել երկնային (նեֆրիտե) պալատում[9][10]։ Այս առասպելում ծամանակակից հետազոտողները տեսել են աշխարհի չինական կրոնական պատկերի բնութագրական առանձնահատկությունը, որտեղ հաճախ ներկայացվել է ոչ թե աստվածության առեղծվածային սկիզբը, իռացիոնալ բաղադրիչը, այլ նրա մարդկային հատկությունները, որոնց թվում պետք է գերակշռեն կոնֆուցիական առաքինությունները[11]։

Երբ դաոսականության պանթեոնի վերջնական ձևավորման ժամանակ (12-րդ դար) Յուհ-Դին հայտարարվել է դաոսի անձնավորում (դաոսականության ամենակարևոր կրոնական կատեգորիա[12]) նա դաոսական հիերարխիայում փոխարինել է Հուանն Դի աստվածությանը՝ Չինաստանի լեգենդար տիրակալին, դաոսականության հիմնադրին և բոլոր չինացիների առասպելական նախնիին[13]։ Որոշ դպրոցների տեսակետներում այն ճանաչվել է Լին-Բաո Թիան-Ցզունի մարմնացումը: Նրա աստվածային մականուներից են՝ «ամենաողորմած», «բարձրագույն», «ամենաիմաստուն» և այլն[14]։ Ենթադրվել է, որ Յուհ-Դի կերպարը ազդեցություն է ստացել հինդուական պանթեոնի աստվածություն Ինդրայից, որը բուդդիզմի ազդեցության տակ մտել է չինական մշակույթ[15]։

Նեֆրիտի կայսրին պատկերել են, որպես անտարբեր (ինչը դաոսականության ավանդույթների համաձայն հարի էր անմահներին) իմաստւն, որը իր երկնային պալատոից՝ սուրբ երկնակամարի սրահից (երկնքի ամենաբարձր մակարդակում՝ 36) իշխել է երկնքին և մարդկանց գործերին։ Պատկերներում նա սովորաբար եղել է գահին հանդիսավոր կայսերական պատմուճանով (խալաթով), ասեղնագործված վիշապների կերպարներով (Լուի), թանկարժեք գլխաշորով (մյանգուան), ձեռքին նեֆրիտե ցուցանակով։ Նրա երկնային ջադե պալատում եղել են տարբեր «բյուրոկրատական» վարչություններ, նախարարություններ (կրակի, ամպրոպի, հիվանդությանն, հարստության և այլն)[16]։ Նրա երկնային արքայությունը նման է եղել երկրային արքայությանը՝ իր բարդ ինստիտուտներով և բազմաթիվ պաշտոնյաներով[17]։ Այսպիսով, ըստ «Ճանապարհորդություն դեպի արևմուտք», չինարեն լեզվով չորս դասական վեպերից մեկը, որը վերագրվել է ու Չենգենգին (1500-1582)[18], դաոսական աստծուն ենթակա են եղել և նա կարողացել է պալատ կանչել «երեք երկնքի կայսրերին, չորս գրաքննիչներին, հինգ երեցներին, վեց վարչության պետերին, յոթ երեցներին, աշխարհի բոլոր կողմերի ութ ոգիներին, ինը լուսատուների ոգիներին և տասը վարչության պետերին»[19]։ Բոլոր պալատականները պետք է հաշվետու լինեն նրան տարվա որոշակի օրը, հաճախ նոր տարուն: Հաջողության համար նրանք պարգևատրվել են, որպես կանոն, հաջորդ տարի առաջխաղացմամբ և հաջորդ տարի բախտավոր լինելով: Ենթակաների զանցանքները համապատասխանաբար պատժվել են երկնային հիերարխիայի իջեցմամբ[20]։ «Ճանապարհորդություն դեպի արևմուտք» վեպը պարունակլ է երկնային կայսեր պալատի բանաստեղծական նկարագրություններից մեկը, որը ներկայացվել է կապիկների թագավոր Սուն Ուկունի այցելության ժամանակ։

«Նեֆրիտի կայսր» տիտղոսը կապված է չինական մշակույթում նեֆրիտի նկատմամբ սրբազան վերաբերմունքի հետ, որտեղ այն հայտնի է որպես «կյանքի քար», և չինացիները համարում են այն իրենց ազգային քար-թալիսմանը։ Չինաստանում նեֆրիտը ոսկուց և արծաթից բարձր է գնահատվել, քանի որ համարվել է, որ այն ունի բուժիչ ազդեցություն, բերում է բարեկեցություն և խորհրդանշում է մարդկային բարձրագույն առաքինությունները։ Դեռևս նեոլիթի ժամանակաշրջանում մարդիկ հավատում էին, որ նեֆրիտը թույլ է տալիս մարդկանց հաղորդակցվել աստվածների հետ, ուստի այս քարը միջնորդի դեր էր խաղում երկրային և երկնային աշխարհների միջև։ Ին և յան կատեգորիաների երկվությունում նեֆրիտը խորհրդանշում էր արական սկիզբը՝ յնաը և կենսական ուժը։ Նեֆրիտի հետ կապված էին մաքրության, գեղեցկության և վեհության պատկերացումները: «Նեֆրիտի կայսր» անվանումը պայմանավորված է կոնֆուցիականության ազդեցությամբ, որտեղ նեֆրիտի պաշտամունքը մարմնավորվել է յուրօրինակ «նեֆրիտե էթիկայում»։ Այն արտահայտվում է հետևյալ սենտենցիայով. «Ազնվական մարդը համեմատում է իր առաքինությունները նեֆրիտի հետ»։ Այս էթիկայից հետագայում առաջացել է նեֆրիտե ծիսակարգի համակարգը, որն արտացոլված է «Ծեսերի գիրք» կանոնական կոնֆուցիական տեքստում (մ.թ.ա. IV-I դարեր)։[21]

Քաղաքական և կրոնական նախապատվությունների փոփոխությամբ պետական կառավարման բարձրագույն համակարգում Յու-դիի դերը վերանայվել է: Այսպես, Մին կայսրությունում (1368-1644 թվականներ) նրա պաշտամունքը գործնականում դադարեցվել է պաշտոնական մակարդակում, իսկ Ցին դինաստիայի ժամանակ (1644-1912 թվականներ) նրա պաշտամունքն արգելված է եղել որպես հերետիկոսական։ Սրա սկիզբը դրվել է Ցյան-լուն կայսեր (1711-1799 թվականներ) գահակալության ժամանակ։ Չնայած այս հետապնդումներին, ժողովրդական մշակույթում նա պատկանել է առավել պաշտելի աստվածություններին, իսկ նրա ծննդյան օրը (տարվա առաջին ամսվա իններորդ օրը) նշվել է տոնական մթնոլորտում չինական տաճարներում և ընտանեկան շրջանակում, այդ թվում՝ տնային զոհասեղաններին նվիրաբերություններով։ Ռուս պատմաբան-սինոլոգ Լեոնիդ Վասիլևի գնահատմամբ, ցինական Չինաստանում դաոսական աստվածության արգելքը առաջին հերթին կապված է եղել ընդդիմադիր կրոնական խմբերում նրա պաշտամունքի տարածման հետ: Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այլ գործոններ։

Դարեր շարունակ նեֆրիտի կայսրը դարձել է չինական մշակույթի և դրա հիմնական տեքստերի, օրինակ՝ «Ճանապարհորդություն դեպի արևմուտք»-ի առավել ճանաչելի կերպարներից մեկը: Նրա պրոֆիլը հաճախ զարդարել են չինական ծիսական փողերը[20]։

Նեֆրիտի կայսեր կերպարը ֆիլմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Титаренко и др., 2007, էջ 206, 762
  2. Васильев, 2001, էջ 385
  3. 3,0 3,1 Королёв, 2007, էջ 147
  4. Васильев, 2001, էջ 387
  5. Юань Кэ, 1987, Комментарии, էջ 258
  6. Титаренко и др., 2007, էջ 24
  7. Титаренко и др., 2007, էջ 99
  8. Васильев, 2001, էջ 282
  9. 9,0 9,1 9,2 Васильев, 2001, էջ 386
  10. Королёв, 2007, էջ 146
  11. Васильев, 2001, էջ 386—387
  12. Титаренко и др., 2007, էջ 239
  13. Королёв, 2007, էջ 144
  14. Королёв, 2007, էջ 278
  15. Титаренко и др., 2007, էջ 762
  16. Титаренко и др., 2007
  17. «Jade Emperor». World History Encyclopedia (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-11-30-ին. Վերցված է 2021-12-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Королёв, 2007
  19. У Чэн-энь, 1959
  20. 20,0 20,1 Нефритовый император, Ленин и Бен Ладен // Купюры для взяток // Водяной знак. — 2015. — № 6 (116). — С. 86—91. Архивировано из первоисточника 24 Դեկտեմբերի 2021.
  21. «Liji : Yu Zao - Chinese Text Project». ctext.org (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2021-12-24-ին. Վերցված է 2021-12-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Васильев Л. С. Культы, религии, традиции в Китае. — М.: Восточная литература, 2001. — 488 с. — ISBN 5-02-018244-3
  • Китайская мифология / Сост. К. М. Королёв. — СПб.: Мидгард, 2007. — 412 с.
  • У Чэн-энь. Путешествие на Запад / Перевод с китайского, вступ. ст. и прим. А. Рогачева; перевод стихов под ред. А. Адалис и И. Голубева. — М.: Государственное издательство художественной литературы, 1959.
  • Юань Кэ. Мифы древнего Китая / Ответственный редактор и автор послесловия Б. Л. Рифтин. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1987. — 532 с.
  • Духовная культура Китая: энциклопедия в 5 томах. Том / Ред. М. Л. Титаренко и др.. — М.: Восточная литература, 2007. — Т. 2: Мифология. Религия. — 887 с. — ISBN 978-5-02-018430-5