Նավահո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
նավահո
Ընդհանուր քանակ

300.460 (2015)

Բնակեցում
Արիզոնա
Նյու Մեքսիկո
Յուտա
Լեզու(ներ)
նավահո, անգլերեն
Հավատք(ներ)
քրիստոնեություն, անիմիզմ

Նավահո (ինքնանվանումը` դենե, դինե), հնդկացիական ցեղ, որ հիմնականում բնակվում է ԱՄՆ-ի տարածքում։ Նավահո ցեղի լեզուն աթաբասկյան լեզվաընտանիքից է։ Նավահոները Հյուսիսային Ամերիկայի հնդկացիական ամենաբազմաքանակ ժողովուրդներից են` մոտ 300.460 մարդ (2015)[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթաբասկների ցեղային առանձին խմբեր Կանադայի հյուսիս-արևմուտքից և Ալյասկայի արևելքից սկսել են հարավ գաղթել 11-12-րդ դարերում, իսկ ժամանակակից նավահոների նախնիները ցեղակից ապաչների խմբերի հետ` 14-րդ դարում[3]։ Մոտ 200 տարի պահանջվեց, որ նրանք հաստատվեն ԱՄՆ-ի հարավ-արևմուտքի Մեծ հարթավայրերում։ Այստեղ նավահոների հիմնական զբաղմունքներն են դառնում հողագործությունն ու անասնապահությունը։ Նրանք յուրացնում են այնպիսի արհեստներ, ինչպիսիք են մանածագործությունը, խեցեգործությունը։ Նավահոների հյուսիսային ծագման մասին են վկայում ոչ միայն լեզվական ընդհանրությունները Կանադայի աթաբասկների հետ, կացարանի` հոգանի նմանությունը, այլև մշակութային ու հոգևոր այլ առանձնահատկություններ։

Պատմականորեն ճշգրիտ առաջին տեղեկությունները նավահոների մասին վերաբերում են 17-րդ դարի 20-ական թվականներին։ «Аpachu» բառը հնդկացիական պուեբլոներից մեկի լեզվով նշանակել է «թշնամի», իսկ «Nabajo» բառը` «մշակված հողեր»։ Այդպիսով, նավահո ժողովրդի սկզբնական անվանումը, որ իսպանացիները փոխառել են տեղի հնդկացիներից, նշանակել է «հողագործությամբ զբաղվող թշնամի»։ Նրանք, ի տարբերություն ապաչների ցեղային այլ խմբերի, դեռ չէին անցել նստակյաց կյանքի։ Այդ ժամանակաշրջանում նավահոները տեղակայված են եղել պատմական Չամա շրջանում, որ գտնվում է ներկայիս Նյու Մեքսիկո և Կոլորադո նահանգների սահմանի կենտրոնական մասում։

17-րդ դարի վերջին և 18-րդ դարասկզբին պուեբլո ցեղի ներկայացուցիչները իսպանացի գաղութարարների կողմից հսկվող տարածքներից ներթափանցում են այն տարածք, որ նախկինում բնակեցրել էին նավահոները։ Դա հանգեցնում է նրան, որ նավահոները տեղաբնիկ պուեբլոներից մի շարք ավանդույթներ են փոխառում, այդ թվում` պուեբլիտո ամրոցների կառուցումը։ Այդ ամրոցները պաշտպանական միջոց են հանդիսացել ինչպես իսպանացիներից, այնպես էլ յուտաների ու կոմանչների հարձակումներից։ Նավահոների ավանդական կացարանը` հոգանը, կավով ծեփված գերաններով կառույց է։

Նավահոների ավանդական կացարան` հոգան

Մինչև 19-րդ դարը շարունակվել է համայնական հասարակարգի աստիճանական անկումը, ընդ որում նավահոները փաստորեն կարողացել են պահպանել իրենց անկախությունը իսպանացի գաղութարարներից, այնուհետև նաև մեքսիկական իշխանություններից։ Նրանք իրենց անկախությունը կորցրել են ավելի ուշ, երբ 1848 թվականին ԱՄՆ-ը նվաճում է Հյուսիսային Ամերիկայի հարավարևմտյան մասը։ 1860-ական թվականների նավահոները բնակեցրել էին հիմնականում Արիզոնա (140.236 մարդ), Նյու Մեքսիկո (108.306 մարդ) և Յուտա նահանգները[4]։

Մեր օրերում նավահոների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, տարածված են նաև արհեստները։ Նրանք ակտիվ մասնակցություն ունեն հնդկացիների կյանքի համար առավել լավ պայմաններ ստեղծելու պայքարում։ Հավատացյալների մեծ մասը քրիստոնյա է, կան նաև կրոնների միախառնմամբ ստեղծված հավատալիքների հետևորդներ։

Նավահոների պատմական հողերը հայտնի են «Դինետա» անունով։ Ներկայումս նավահո հնդկացիների մեծ մասը` մոտ 60 %-ը, ապրում է կիսաինքնավար տարածքում, որ հայտնի է Նավահո ազգ (անգլ.՝ Navajo nation) անունով։ Տարածքի ամբողջ շրջակայքը բնակեցված է փոքրաթիվ հոպի ժողովրդի կողմից։ Քանի որ հոպիները ակտիվ համագործակցում են արտաքին աշխարհի հետ, դա հաճախ կոնֆլիկտի առիթ է հանդիսանում նավահոների հետ։ Չնայած բազմաթիվ փորձերին` ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռևս չի կարողանում լուծել նավահոների ու հոպիների միջև եղած կոնֆլիկտը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Donovan, Bill. "Census: Navajo enrollment tops 300,000." Navajo Times 7 July 2011 (retrieved 8 July 2011)
  2. "Arizona's Native American Tribes: Navajo Nation." University of Arizona, Tucson Economic Development Research Program. Retrieved 19 Jan 2011.
  3. Watkins, Thayer. "Discovery of the Athabascan Origin of the Apache and Navajo Language." San Jose State University. (retrieved 28 Nov 2010)
  4. American Factfinder, United States Census Bureau

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավահո» հոդվածին։