Նախադպրոցական դաստիարակությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախադպրոցական դաստիարակություն, 2011 թվականից Երևանի ավելի քան 160 համայնքային մանկապարտեզներ գործում են անվճար։

Առաջին մանկապարտեզի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական առաջին մանկապարտեզը հիմնել է Գայանե Հովհաննիսյանը (Մատակյան) 1882 թվականին Թիֆլիսում (այնտեղ աշխատել է նաև Ղազարոս Աղայանը), իսկ 1883 թվականին նա մանկապարտեզ է բացել նաև Երևանում։ 19-րդ դարի նախադպրոցական դաստիարակության հայ երախտավորներից են նաև Սոֆյա Արղության-Երկայնաբազուկը, Սոֆյա Բաբայանը և ուրիշներ։ 1920-ական թվականների սկզբներին ՀԽՍՀ լուսժողկոմատում ստեղծվել է նախադպրոցական դաստիարակության բաժին։ 1921 թվականին Երևանում բացվել է մանկապարտեզ, որը դարձել է նաև նախադպրոցական կրթության կենտրոն։ 1922 թվականին կազմակերպվել են նախադպրոց, դաստիարակության աշխատողների պատրաստման և վերապատրաստման առաջին դասընթացները։ 1928 թվականին ՀԽՍՀ-ում գործել են 51 նախադպրոցական հիմնարկներ՝ մանկամսուրներ և մանկապարտեզներ պատրաստելու նպատակով մանկավարժական տեխնիկումներում ստեղծվել են նախադպրոց, բաժիններ, իսկ 1938 թվականին Երևանում հիմնադրվել է նախադպրոց, ուսումնարան՝ հեռակա բաժնով։ 1939 թվականին Երևանի մանկավարժական ինստիտուտում բացվել է նախադպրոց, (այժմ՝ նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության) ֆակուլտետը։

Հետպատերազմյան շրջանից մինչև մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմյան տարիներին զգալիորեն ավելացել է նախադպրոցական հիմնարկների ցանցը։ Ստեղծվել է նախադպրոցական հիմնարկի նոր տիպ՝ մսուր-մանկապարտեզ։ 1989 թվականին հանրապետությունում գործել են1335 նախադպրոցական հիմնարկներ, ինչպես նաև գերատեսչական ենթակայության 80 մսուր-մանկապարտեզ (130 հազար երեխա), որոնց ավելի քան 70 %-ը՝ տիպային շենքերում։

ՀՀ-ի անկախացումից հետո անցումային փուլի դժվարությունները բացասաբար են անդրադարձել նաև նախադպրոցական հիմնարկների վրա. բազմաթիվ մանկապարտեզներ դադարել են գործելուց, նվազել է նաև դրանցում ընդգրկված երեխաների թիվը։ 1990-ական թվականների կեսերից, հանրապետությունում կրթական բնագավառի բարեփոխումների իրականացմանը զուգահեռ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրտսեր տարիքի երեխաների կրթությանը և դաստիարակությանը։ Դրան նպաստում է նաև «Նախադպրոցական կրթության մասին» (2005) ՀՀ օրենքը, որով կարգավորվում են նախադպրոցական կրթության համակարգի գործունեության և զարգացման իրավական, կազմակերպչական և ֆինանսական հիմքերը։

Նախադպրոցական կրթությունը ՀՀ-ում իրականացվում է հիմնականում համայնքային ենթակայության (1996 թվականից) նախադպրոցական հաստատություններում և մասնակիորեն՝ գերատեսչական ենթակայության մանկապարտեզներում, ինչպես նաև 17 ոչ պետական նախակրթարաններում (առաջինը բացվել է 1999 թվականին), կրթահամալիրների կազմում գործող առանձին բաժիններում (մանկապարտեզ-կրտսեր դպրոց) կամ նախադպրոցական դասարաններում։ Նախադպրոցական հաստատություններում ապահովվում են երեխայի խնամքը, առողջությունը, դաստիարակությունը, կրթությունը։

Նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և խնամքի կազմակերպման աջակցության ծրագրեր են իրականացրել տարբեր միջագգային կառույցներ՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Բաց հասարակության ինստիտուտը, «Վորլդ Վիժն» և «Փրկեցեք երեխաներին» կազմակերպությունները, Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը։ Ներկայումս ՀՀ-ում գործում է պետական և համայնքային ենթակայության (2011 թվականից՝ անվճար հիմունքներով) նախադպրոցական 622 հաստատություն (403-ը՝ քաղաքներում, 219-ը՝ գյուղերում), որտեղ հաճախում է 1-6 տարեկան շուրջ 54 երեխա՝ տարիքային 3 փուլով՝ վաղ տարիքի (մինչև 3 տարեկան), կրտսեր տարիքի (3-5 տարեկան) և ավագ տարիքի (5-6 տարեկան)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։