Յուլի Թամիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլի Թամիր
 
Կուսակցություն՝ Ավոդա
Կրթություն՝ Օքսֆորդի համալսարան և Երուսաղեմի հրեական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, մանկավարժ, քաղաքագետ, փիլիսոփա և համալսարանի դասախոս
Ծննդյան օր փետրվարի 26, 1954(1954-02-26)[1][2] (70 տարեկան)
Ծննդավայր Թել Ավիվ, Իսրայել կամ Միացյալ Թագավորություն[3]
Քաղաքացիություն  Իսրայել

Յուլի (Յաել) Թամիր (եբրայերեն՝ ‏יולי תמיר‏‎‎, փետրվարի 26, 1954(1954-02-26)[1][2], Թել Ավիվ, Իսրայել և Միացյալ Թագավորություն[3]), իսրայելցի քաղաքական և պետական գործիչ, փիլիսոփայության պրոֆեսոր և «Շենքար» քոլեջի նախագահ։ Զբաղեցրել է կրթության նախարարի և կլանման (ներգաղթի) նախարարի պաշտոնները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թել Ավիվում 1954 թվականին։ Ավարտել է Ալյանս դպրոցը Ռամաթ-Ավիվում։ Ծառայել է Իսրայելի բանակի ռազմական հետախուզության 848-րդ ստորաբաժանումում, Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ որպես սպա ծառայել է Սինայի թերակղզում։ Զորացրվել է լեյտենանտի կոչումով[4]։

Թամիրը Երուսաղեմի հրեական համալսարանից ստացել է կենսաբանության բակալավրի և քաղաքագիտության մագիստրոսի կոչումներ։ Նա Օքսֆորդում քաղաքական փիլիսոփայության բնագավառում ստացել է դոկտորական աստիճան։ 1989 -1999 թվականներին Յուլի Թամիրը Թել Ավիվի համալսարանում դասավանդել է փիլիսոփայություն, ինչպես նաև աշխատել է Երուսաղեմի «Շալոմ Հարտման» ինստիտուտում, Փրինսթոնի և Հարվարդի համալսարաններում, որպես գիտաշխատող։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլի Թամիրը եղել է «Շալոմ Ահշավ» շարժման հիմնադիրներից, իսկ 1980-1985 թվականներին նա եղել է «Ռաց» շարժման ակտիվիստներից[5]։ 1998-1999 թվականներին Յուլին եղել է Իսրայելի քաղաքացիական իրավունքների ասոցիացիայի նախագահը։

1995 թվականից նա սկսեց ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել «Ավոդա» կուսակցությունում։ Չնայած Յուլի Թամիրին չհաջողվեց 1999 թվականի ընտրություններում դառնալ Քնեսեթի պատգամավոր, նա Էհուդ Բարաքի կառավարությունում նշանակվեց Կլանման նախարար։

Քնեսեթի 2003 թվականի ընտրություններում Թամիրն ընտրվել է պատգամավոր և մասնակցել խորհրդարանի ֆինանսական, սահմանադրական, օրենսդրական, հասարակայնության, սպորտի և մշակույթի կոմիտեների աշխատանքներին։ Աշխատել է նաև կառավարությունում կոռուպցիայի հետաքննության խորհրդարանական կոմիտեում։ 2006 թվականին նորից ընտրվել է Քնեսեթի պատգամավոր և մինչև 2009 թվականը Էհուդ Օլմերտի կառավարությունում զբաղեցրել կրթության նախարարի պաշտոնը։ 2006 թվականի նոյեմբերին Օֆիր Պինես-Պազի պաշտոնաթողությունից հետո, Թամիրը կատարել է նաև գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները մինչև 2007 թվականի մարտը, երբ նրա փոխարեն նշանակվել է Ռալեբ Մաջադլեն։ Կուսակցության ցուցակում զբաղեցնելով իններորդ հորիզոնականը` նա պահպանեց իր տեղը 2009 թվականի խորհրդարանական ընտրություններում։

Քաղաքական գործունեության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ապրիլի 11-ին Յուլի Թամիրը հայտարարեց քաղաքական ասպարեզից հեռանալու մասին և հրաժարական ներկայացրեց։ Նրա տեղը Քնեսեթում զբաղեցրեց Ավոդա կուսակցությունից մեկ այլ ակտիվիստ` Ռալեբ Մաջադլեն[6]։

Քաղաքականությունից հեռանալուց հետո Յուլի Թամիրը պատրաստվում է զբաղվել ակադեմիական աշխատանքով։ «Շենքար» քոլեջը հայտարարում է, որ Յուլին համաձայնվել է զբաղեցնել քոլեջի նախագահի պաշտոնը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 חה"כ יולי תמירKnesset.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «Правительство Израиля. Краткие биографии 25 министров». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  5. «Карточка Юли Тамир на сайте Кнессета». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  6. «Юли Тамир покидает Кнессет». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  7. «Юли Тамир официально подала в отставку из Кнессета». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլի Թամիր» հոդվածին։