Յան Կոստրան ծնվել է 1910 թվականին Ժիլինի երկրամասի Շտայավնիչկա գյուղում, անվագործի ընտանիքում։ Ավարտել է Ժիլինի ռեալական ուսումնարանը, սովորել է Պրահայի Կարլի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում, 1930-1933 թվականներին՝ Չեխիայի տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում, 1934 թվականին ուսումը կիսատ է թողել։ Աշխատել է բանվորական թատրոնում, 1933 թվականին մասնակցել է Մոսկվայի թատերական փառատոնին։ Զինվորական ծառայությունից հետո բնակվել է Բրատիսլավայում, աշխատել է որպես գրագիր, թերթերի խմբագիր, 1938-1942 թվականներին որպես խմբագիր աշխատել է Սլովակիայի ռադիոյում։ Գրական գործունեությունն սկսել է 1956 թվականից։
Իր ստեղծագործություններում Կոստրան պատկերել է Չեխոսլովակիայի այդ տարիների մռայլ իրականությունը՝ տնտեսական ճգնաժամ, գործազրկություն։ Առաջին ժողովածուն՝ «Բույնը», լույս է տեսել 1937 թվականին։ Կոստրայի 1930-1940-ական թվականների լիրիկական բանաստեղծություններում արտացոլված է բանաստեղծի դժգոհությունը բուրժուական իրականությունից, շփոթվածությունն այդ իրականության առաջ և ձգտումը փախչելու նրանից դեպի մանկության լուսավոր հիշողություններ, հայրենի բնաշխարհ։ Ժողովրդա-դեմոկրատական կարգերի շրջանում ընդարձակվեց Կոստրայի բանաստեղծական ըմբռնման հորիզոնները։ Նրա բանաստեղծություններում ի հայտ եկավ նոր, ստեղծագործ կյանքի զարկերակը[2]։