Յանիս Վոլդեմարի Լուսիս (լատիշ․՝ Jānis Lūsis, մայիսի 19, 1939(1939-05-19)[1], Ելգավա, Լատվիա - ապրիլի 29, 2020(2020-04-29)[2][3], Ռիգա, Լատվիա), լատվիացի խորհրդային նիզականետորդ, օլիմպիական չեմպիոն (1968, Մեխիկո), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1972, Մյունխեն), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1964, Տոկիո)։ Եվրոպայի չեմպիոն (1962, 1966, 1969, 1971)։ ԽՍՀՄ չեմպիոն (1962—1966, 1968—1973, 1976)։ Աշխարհի ռեկորդակիր (1968—1969, 1972—1973)։ ԻԱԱՖ փառքի դահլիճի (անգլ.՝ IAAF Hall of Fame, Թեթև աթլետիկայի միջազգային միության փառքի դահլիճ) անդամ։
Յանիս Լուսիսը ծնվել է 1939 թվականի մայիսի 19-ին Լատվիայի Ելգավա քաղաքում։ 1961 թվականին ավարտել է Լատվիայի մարզական մանկավարժության ակադեմիան (լատիշ․՝ Latvijas Sporta pedagoģijas akadēmija)։ 1968 թվականին Մեխիկոյում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ 1965 թվականին ստացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ Պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան սկսել է 1957 թվականին և ավարտել 1976 թվականին՝ Մոնրեալում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ (այդ ժամանակ գարավել է 8-րդ տեղը)։ Յանիս Լուսիսը Լատվիան ներկայացնող միակ մարզիկն է, ում հաջողվել է վաստակել Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ։ Անձնական ռեկորդն է՝ 93 մ 80 սմ (1972)։
Խորհրդային նիզականետորդ Յանիս Լուսիսն անկասկած անցած տասնամյակի լավագույն թեթև աթլետն է։
Յանիս Լուսիսի կինը՝ Էլվիրա Օզոլինյան (ծնվել է 1939 թվականին), 1960 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն նիզակի նետում մարզաձևում։ Նրանց որդին՝ Վոլդեմար Լուսիսը (ծնվել է 1974 թվականին) նույնպես դարձել է նիզականետորդ և մասնակցել է 2000 և 2004 թվականների Օլիմպիական խաղերին, սակայն հաջողության չի հասել։