Jump to content

Մոնետարիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնետարիզմ, մոնետար տնտեսագիտության դպրոցներից մեկը, որը ընդգծում է կառավարության դերը շրջանառության մեջ գտնվող փողի քանակի կառավարման մեջ։ Մոնետարիստական տեսությունը հաստատում է, որ փողի առաջարկի փոփոխությունները կարճաժամկետում կարող են մեծ ազդեցություն ունենալ ազգային եկամտի վրա, իսկ երկարաժամկետում՝ գների մակարդակի վրա։ Մոնետարիստները պնդում են, որ դրամավարկային քաղաքականության նպատակներին կարելի է հասնել՝ փողի առաջարկի աճի որոշակի տեմպ նպատակադրելով, քան հայեցողական դրամավարկային քաղաքականություն վարելով[1]։

Մոնետարիզմը հիմա ասոցացվում է Միլթոն Ֆրիդմենի աշխատանքների հետ, որոնք տնտեսագետները օգտագործում են Քեյնսյան տնտեսագիտությունը հասկանալու և տնտեսական անկումը հաղթահարելուն ուղղված ֆիսկալ քաղաքականության Քեյնսյան տեսությունը քննադատելու համար։ Միլթոն Ֆրիդմենը և Աննա Շվարցը միասին գրել են «ԱՄՆ-ի մոնետար պատմությունը 1867-1960 թվականներին» ազդեցիկ աշխատությունը, որտեղ պնդում էին, որ «գնաճը միշտ և ամենուր փողով պայմանավորված երևույթ է»[2]։

Չնայած Ֆրիդմենը հակադրվում էր Դաշնային պահուստների համակարգի գործունեությանը[3], նա պաշտպանում էր կենտրոնական բանկերի վարած քաղաքականությունը, որը նպատակ ունի պահել փողի առաջարկի աճը այնպիսի մակարդակի վրա, որ համապատասխանի արտադրողականության և բարիքների նկատմամբ պահանջարկի աճին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնետարիզմը տնտեսագիտական տեսություն է, որը կենտրոնանում է փողի առաջարկի և կենտրոնական բանկի գործունեության մակրոտնտեսական էֆեկտների վրա։ Ձևակերպվելով Միլթոն Ֆրիդմենի կողմից՝ այն պնդում է, որ փողի առաջարկի չափազանց մեծ աճը առաջացնում է գնաճ, և որ դրամավարկային քաղաքականությունն իրականացնող իշխանությունները պետք է կենտրոնանան միայն գների կայունության պահպանման վրա։

Այս տեսությունը բխում է պատմականորեն իրարամերժ երկու դպրոցներից. 19-րդ դարի վերջին մոնետար մտածողության մեջ գերիշխող փողային քաղաքականությունը և Ջոն Մեյնարդ Քեյնսի դրամական տեսությունները։ Քեյնսը, աշխատելով միջպատերազմյան շրջանում՝ վերականգնված «ոսկու ստանդարտի» ձախողման ժամանակ, առաջարկեց փողի պահանջարկի վրա հիմնված մոդել[4]։ Մինչ Քեյնսը կենտրոնացած էր ազգային արժույթի կայունության վրա, տնտեսությունում ցնցումները կապված էին փողի անբավարար առաջարկի հետ, որը հանգեցնում էր այլ արժույթների օգտագործմանը և դրամավարկային համակարգի փլուզմանը, իսկ Ֆրիդմանը կենտրոնացած էր գների կայունության վրա։

Արդյունքը շարադրվեց դրամավարկային քաղաքականության պատմական ուսումնասիրության մեջ՝ «ԱՄՆ-ի մոնետար պատմությունը 1867-1960 թվականներին», որը Ֆրիդմենը գրեց Աննա Շվարցի հետ միասին։ Գրքում գնաճը վերագրվում է կենտրոնական բանկի կողմից գեներացված փողի ավելցուկային առաջարկին։

Ֆրիդմենը առաջարկեց հաստատուն մոնետար կանոն՝ Ֆրիդմենի k-տոկոս կանոնը (Friedman's k-percent rule), համաձայն որի՝ փողի առաջարկը յուրաքանչյուր տարի ինքնաբերաբար հաստատուն տոկոսադրույքով աճում է։ Այս կանոնով, բիզնեսը կարող է կանխատեսել փողի առաջարկի փոփոխությունները[5][6]։ Մյուս մոնետարիստների հետ միասին նա հավատում էր, որ փողի առաջարկի կամ դրա աճի տեմպերի ակտիվ մանիպուլյացիան ավելի հավանական է, որ կապակայունացնի, քան կկայունացնի տնտեսությունը։

Հակադրությունը «ոսկու ստանդարտին»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնետարիստների մեծ մասը դեմ են «ոսկու ստանդարտին»։ Այսպես, Ֆրիդմենը զուտ «ոսկու ստանդարտը» համարում էր ոչ պրակտիկ[7]։ Օրինակ, չնայած «ոսկու ստանդարտի» մի առավելություն այն է, որ ոսկու օգտագործմամբ պայմանավորված փողի առաջարկի աճի զսպման ներքին սահմանափակումները կանխում են գնաճը, այնուամենայնիվ, եթե բնակչության կամ առևտրի աճը առաջ են ընկնում փողի առաջարկից, դեֆլյացիան և նվազած իրացվելիությունը (և ցանկացած սպասվող անկում) չեզոքացնելու հնար չկա, բացի ավելի շատ ոսկի արդյունահանելուց։

Քլարկ Վարբուրթոնին (Clark Warburton) վերագրվում է գործարար տատանումների մոնետարիստական մեկնաբանության առաջին ճշգրիտ էմպիրիկ ուսումնասիրությունը՝ 1945 թվականից մնացած մի շարք աշխատություններում[1]։ Հիմնարար տնտեսագիտության մեջ մոնետարիզմի վերելքը արագացավ Միլթոն Ֆրիդմենի՝ 1956 թվականի՝ փողի քանակական տեսության վերափոխումներում։ Ֆրիդմենը պնդում էր, որ փողի պահանջարկը կարող է նկարագրվել որպես մի քանի տնտեսական փոփոխականներից կախվածություն[8]։

Այսպիսով, երբ փողի առաջարկը մեծանում է, մարդիկ պարզապես չեն ցանկանում ավելցուկային փող պահել, այսինքն՝ եթե նրանք հավասարակշռության մեջ էին մինչև փողի ավելացումը, նրանք արդեն ունեն բավարար հաշիվներ իրենց պահանջմունքները բավարարելու համար, և հետևաբար, ավելացումից հետո նրանք կունենան փողի հաշվի ավելցուկ իրենց պահանջմունքների նկատմամբ։ Այդ ավելցուկային գումարը կծախսվի, և հետևաբար ագրեգացված պահանջարկը կավելանա։ Նմանապես, եթե փողի առաջարկը նվազի, մարդիկ կցանկանան համալրել իրենց դրամական խնայողությունները՝ կրճատելով ծախսերը։ Սրանով Ֆրիդմենը մարտահրավեր նետեց Քեյնսի այն պարզեցմանը, որ «փողը ոչինչ չի նշանակում»[8]։ Այստեղից էլ առաջացել է «մոնետարիստ» բառը։

Մոնետարիզմի հայտնիության մեծացումը իր տեղն ունեցավ նաև քաղաքական շրջանակներում, երբ Քեյնսյան տնտեսագիտությունը անկարող էր բացատրել կամ վերացնել աճող գործազրկության և գնաճի՝ հակասական թվացող խնդիրները, որոնք առաջացան ի պատասխան Բրետտոն Վուդսի համակարգի փլուզմանը՝ 1972 թվականին, և 1973 թվականի նավթային ճգնաժամերին։ Մյուս կողմից, բարձր գործազրկությունը պահանջում էր Քեյնսյան խթանողական քաղաքականություն, իսկ բարձր գնաճը՝ Քեյնսյան զսպողական քաղաքականություն։

1979 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը Դաշնային պահուստների համակարգի գլխավոր տնօրեն նշանակեց Փոլ Վոլքերին, ով գնաճի հաղթահարումը դարձրեց իր գլխավոր նպատակը և խստացրեց փողի առաջարկը (համաձայն Ֆրիդմենի կանոնի), որպեսզի տնտեսությունում զսպի գնաճը։ Արդյունքը տոկոսադրույքների զգալի աճն էր՝ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում։ «Վոլքերի շոկը» շարունակվեց 1979 թվականի ամռանից մինչ 1982 թվականի ամառ և իրենից ներկայացնում էր գնաճի կտրուկ նվազում և գործազրկության կտրուկ աճ։ Մոնետարիստ տնտեսագետները երբևէ չեն ընդունել, որ 1979 թվականի՝ Դաշնային պահուստների համակարգի քաղաքականությունը եղել է մոնետարիստական։ Այնուամենայնիվ, մոնետարիզմի ազդեցությունը Դաշնային պահուստների համակարգի վրա երկակի էր․ ուղղակի ազդեցություն՝ Բաց շուկայի դաշնային կոմիտեի(Federal Open Market Committe, FOMC) անդամների՝ մոնետարիզմին հավատարմությամբ, և անուղղակի ազդեցություն, քանի որ մոնետարիստական հայացքները սկսեցին հաշվի առնվել ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականությունը որոշելիս[9]։

Մարգարետ Թետչերի ժամանակ, ով Պահպանողական կուսակցության առաջնորդն էր Մեծ Բրիտանիայում և 1979 թվականի գլխավոր ընտրություններում հաղթեց իշխող լեյբորիստական կառավարությանը՝ Ջեյմս Կալագանի գլխավորությամբ, Մեծ Բրիտանիան մի քանի տարի շարունակ բարձր գնաճի փուլում էր․, որը հազվադեպ էր իջնում 10%-ից և 1979 թվականի մայիսի գլխավոր ընտրությունների ժամանակ 15.4% էր[10]։ Թետչերը որդեգրեց մոնետարիզմը որպես զենք գնաճի դեմ պայքարում, և հաջողության հասավ՝ գնաճը նվազեցնելով ընդհուպ մինչև 4.6%՝ 1983 թվականի դրությամբ։ Այնուամենայնիվ, գործազրկությունը Մեծ Բրիտանիայում կտրուկ աճեց 1979 թվականի 5.7%-ից մինչև 12.2%՝ 1983 թվականի դրությամբ՝ 1982 թվականին հասնելով 13.0%-ի։ Սկսած 1980 թվականի առաջին եռամսյակից՝ Մեծ Բրիտանիայի տնտեսությունում իրական ՀՆԱ-ն 6 եռամսյակ շարունակ նվազում էր[11]։

Մոնետարիստները ձգտում էին լուծել ոչ միայն ընթացիկ խնդիրները, այլև մեկնաբանել պատմականները։ Միլթոն Ֆրիդմենը և Աննա Շվարցը իրենց «ԱՄՆ-ի մոնետար պատմությունը 1867-1960 թվականներին» գրքում պնդում էին, որ 1930-ական թվականների Մեծ ճգնաժամը տեղի է ունեցել փողի առաջարկի մասսայական կրճատման հետևանքով, այլ ոչ թե ներդրումների պակասի, ինչպես Քեյնսն էր պնդում։ Նրանք նաև պնդում էին, որ հետպատերազմյան գնաճը տեղի է ունեցել փողի առաջարկի գերընդլայնման հետևանքով։

Փողի առաջարկը մեծապես նվազեց «Սև երեքշաբթիի» և Բանկերի արձակուրդի ընթացքում 1933-ի մարտին՝ ԱՄՆ-ի տարածքում մասսայական բանկային գործարքների պատճառով։

Նրանք հանչաճանաչ դարձրին մոնետարիզմի այն պնդումը, որ «գնաճը միշտ և ամենուր փողով պայմանավորված երևույթ է»։ Շատ քեյնսյան տնտեսագետներ սկզբնապես կարծում էին, որ քեյնսյան տեսություն-մոնետարիզմ բանավեճը միայն այն մասին է, թե որ քաղաքականությունն է պահանջարկի կառավարման տեսանկյունից ավելի արդյունավետ գործիք՝ ֆիսկալ քաղաքականությունը, թե դրամավարկային քաղաքականությունը։ 1970-ական թվականների կեսերին, այնուամենայնիվ, պայքարը տեղափոխվեց այլ խնդիրների տիրույթ, քանի որ մոնետարիստները ներկայացրին հիմնարար մարտահրավեր քեյնսականությանը։

Շատ մոնետարիստներ ձգտում էին վերակենդանացնել մինչքեյնսյան այն մոտեցումը, որ շուկայական տնտեսություններն ի սկզբանե կայուն են՝ փողի առաջարկի խոշոր անսպասելի տատանումների բացակայության պայմաններում։ Ազատ շուկայական տնտեսությունների կայունության այս համոզմունքի հետևանքով նրանք պնդում էին, որ պահանջարկի ակտիվ կառավարումը (օրինակ՝ կառավարության ծախսերը ավելացնելու միջոցով) անտեղին է և իսկապես կարող է լինել վնասաբեր։ Այս փաստի հիմքը խթանող ֆիսկալ ծախսերի և ապագայի տոկոսադրույքների միջև կապն է։ Արդյունքում, Ֆրիդմենի մոդելը պնդում է, որ ընթացիկ ֆիսկալ ծախսերը մեծապես ազդում են տնտեսության վրա՝ աճած տոկոսադրույքների միջոցով, քանի որ այն ստեղծում է ընթացիկ սպառումը։ Այն իրական ազդեցություն չի թողնում ընդհանուր պահանջարկի վրա, պարզապես պահանջարկը ներդրումների հատվածից տեղափոխում է սպառողական հատված։

Ընթացիկ դրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականից սկսած՝ դասական իմաստով մոնետարիզմը կասկածի տակ է դրվել։ Սա այն իրադարձությունների պատճառով էր, որոնք շատ տնտեսագետներ մեկնաբանում էին որպես անբացատրելի մոնետարիզմի տեսանկյունից․ փողի առաջարկի աճի և գնաճի միջև կապի բացակայությունը 1990-ական թվականներին և 2001-2003 թվականներին տնտեսությունը խթանելու մաքուր դրամավարկային քաղքականության կիրառման ձախողումը։ Ալան Գրինսփանը պնդում էր, որ 1990-ական թվականներին այդ կապի քայքայման պատճառը մի կողմից արտադրողականության և ներդրումների «արատավոր շրջանն» էր, մյուս կողմից ներդրումների սեկտորում իռացիոնալ առատությունը։

Կան որոշ փաստարկներ, որ մոնետարիզմը Քեյնսյան տեսության հատուկ դեպքն է։ Այս փաստարկների ճշգրտության գլխավոր ստուգումը կարող է լինել իրացվելիության ծուղակի հնարավորությունը, ինչպես տեղի է ունեցել Ճապոնիայում։ Բեն Բերնանկեն,ով Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր է և ԱՄՆ-ի Դաշնային պահուստների համակարգի մեկ այլ նախկին տնօրեն, պնդում էր, որ դրամավարկային քաղաքականությունը կարող է արձագանքել զրոյական տոկոսադրույքների պայմաններին փողի առաջարկի ուղղակի ավելացմամբ։ Ինչպես ինքն է ասում՝ «Մենք ունենք տպարանի բանալիները և չենք վախենում դրանք օգտագործել»։

Այս անհամաձայնությունները՝ առևտրի ազատականացման մեջ մոնետար քաղաքականությունների դերի, միջազգային ներդրոմների և կենտրոնական բանկերի վարած քաղաքականությունների հետ մեկտեղ, մնում են հետազոտության և բանավեճի համար արդիական թեմաներ։

Հայտնի ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Phillip Cagan, 1987. "Monetarism", The New Palgrave: A Dictionary of Economics, v. 3, Reprinted in John Eatwell et al. (1989), Money: The New Palgrave, pp. 195–205, 492–97.
  2. Friedman, Milton (2008). Monetary History of the United States, 1867-1960. Princeton University Press. ISBN 0691003548. OCLC 994352014.
  3. Doherty, Brian (June 1995). «Best of Both Worlds». Reason. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  4. Mankiw, N. Gregory. "Real Business Cycles: A New Keynesian Perspective". Journal of Economic Perspectives 3.3 (1989): 79–90. Web.|date=October 2013
  5. Thomas Palley (2006 թ․ նոյեմբերի 27). «Milton Friedman: The Great Conservative Partisan». Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.Կաղապար:Unreliable source?
  6. Ip, Greg; Whitehouse, Mark (2006 թ․ նոյեմբերի 17). «How Milton Friedman Changed Economics, Policy and Markets». The Wall Street Journal.
  7. «Monetary Central Planning and the State, Part 27: Milton Friedman's Second Thoughts on the Costs of Paper Money». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. 8,0 8,1 Friedman, Milton (1970). «A Theoretical Framework for Monetary Analysis». Journal of Political Economy. 78 (2): 193–238 [p. 210]. doi:10.1086/259623. JSTOR 1830684.
  9. Reichart Alexandre & Abdelkader Slifi (2016). 'The Influence of Monetarism on Federal Reserve Policy during the 1980s.' Cahiers d'économie Politique/Papers in Political Economy, (1), pp. 107–50. https://www.cairn.info/revue-cahiers-d-economie-politique-2016-1-page-107.htm
  10. «Economy tables: GDP, interest rates and inflation history, unemployment». This Is Money. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  11. «Real Gross Domestic Product for United Kingdom, Federal Reserve Bank of St. Louis». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Andersen, Leonall C., and Jerry L. Jordan, 1968. "Monetary and Fiscal Actions: A Test of Their Relative Importance in Economic Stabilisation", Federal Reserve Bank of St. Louis Review (November), pp. 11–24. PDF (30 sec. load։ press +) and HTML.(չաշխատող հղում)
  • _____, 1969. "Monetary and Fiscal Actions: A Test of Their Relative Importance in Economic Stabilisation — Reply", Federal Reserve Bank of St. Louis Review (April), pp. 12–16. PDF (15 sec. load; press +) and HTML.(չաշխատող հղում)
  • Brunner, Karl, and Allan H. Meltzer, 1993. Money and the Economy: Issues in Monetary Analysis, Cambridge. Description and chapter previews, pp. ixx.
  • Cagan, Phillip, 1965. Determinants and Effects of Changes in the Stock of Money, 1875–1960. NBER. Foreword by Milton Friedman, pp. xiii–xxviii. Table of Contents.
  • Friedman, Milton, ed. 1956. Studies in the Quantity Theory of Money, Chicago. Chapter 1 is previewed at Friedman, 2005, ch. 2 link.
  • _____, 1960. A Program for Monetary Stability. Fordham University Press.
  • _____, 1968. "The Role of Monetary Policy", American Economic Review, 58(1), pp. 1–17 Արխիվացված 2010-05-29 Wayback Machine (press +).
  • _____, [1969] 2005. The Optimum Quantity of Money. Description and table of contents, with previews of 3 chapters.
  • Friedman, Milton, and David Meiselman, 1963. "The Relative Stability of Monetary Velocity and the Investment Multiplier in the United States, 1897–1958", in Stabilization Policies, pp. 165–268. Prentice-Hall/Commission on Money and Credit, 1963.
  • Friedman, Milton, and Anna Jacobson Schwartz, 1963a. "Money and Business Cycles", Review of Economics and Statistics, 45(1), Part 2, Supplement, p. p. 32–64. Reprinted in Schwartz, 1987, Money in Historical Perspective, ch. 2.
  • _____. 1963b. A Monetary History of the United States, 1867–1960. Princeton. Page-searchable links to chapters on 1929-41 and 1948–60
  • Johnson, Harry G., 1971. "The Keynesian Revolutions and the Monetarist Counter-Revolution", American Economic Review, 61(2), p. p. 1–14. Reprinted in John Cunningham Wood and Ronald N. Woods, ed., 1990, Milton Friedman: Critical Assessments, v. 2, p. p. 72 88. Routledge,
  • Laidler, David E.W., 1993. The Demand for Money: Theories, Evidence, and Problems, 4th ed. Description.
  • Schwartz, Anna J., 1987. Money in Historical Perspective, University of Chicago Press. Description and Chapter-preview links, pp. vii-viii.
  • Warburton, Clark, 1966. Depression, Inflation, and Monetary Policy; Selected Papers, 1945–1953 Johns Hopkins Press. Amazon Summary in Anna J. Schwartz, Money in Historical Perspective, 1987.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]