Մհեր Ջուլհաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մհեր Արամի Ջուլհաճյան
նոյեմբերի 28, 1967(1967-11-28) - օգոստոսի 23, 1993(1993-08-23) (25 տարեկան)
ԾննդավայրԼիբանան Լիբանան, Բեյրութ
Մահվան վայրԼՂՀ Արցախ, Մարտունու շրջան
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Լիբանան
Ծառայության տարիներ1992-1993
Մարտեր/
պատերազմներ
Մարտունու շրջանի ինքնապաշտպանական մարտեր
Պարգևներ«Արիության համար» մեդալ

Մհեր Արամի Ջուլհաճյան, (նոյեմբերի 28, 1967 Բեյրութ, Լիբանան - օգոստոսի 23, 1993 Մարտունու շրջան, Արցախ), լիբանանահայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 28-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Դամասկոսի Թարգմանչաց վարժարանում։

1978 թվականին Մհեր Ջուլհաճյանը ծնողների հետ հաստատվել է Պուրճ Համուտում, որտեղ և անդամակցել է ՀՅԴ «Նավասարդյան» պատանեկան միությանը։ Միջնակարգ և երկրորդական ուսումը շարունակել է Խորեն Խանամիրյանի անվան քոլեջում։

1984 թվականին անդամակցել է ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության (ԼԵՄ) «Րաֆֆի» մասնաճյուղին։ 1986 թվականի փետրվարին ընդունվել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության բաժին։

1989 թվականի դեկտեմբերին ստացել է գիտության պսակավորի վկայական և նույն թվականին էլ նշանակվել ՀՅԴ «Բաբկեն Սյունի» պատանեկան միության վարիչ և իր պարտականությունները կատարել մինչև 1991 թվականի մարտ ամիսը։ 1990 թվականի հոկտեմբերին երդում է տվել և անցել ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության շարքերը։

1990 թվականի սկզբից մինչև 1992 թվականի հունիս ամիսը բնագիտություն է դասավանդել Ազգ. Գևորգ Չաթալպաշյան և Գերմանական երկրորդական վարժարաններում։ Աշխատել է նաև Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության լաբորատորիայում։

1992 թվականին ամուսնացել է և տեղափոխվել Հայաստան։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, զուգահեռ մասնակցել Արցախի ազատագրական պայքարին։

Մհեր Ջուլհաճյանը զոհվել է 1993 թվականի օգոստոսի 23-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի մոտ, երբ իր չորս մարտական ընկերների հետ (Մերուժան Մոսիյան (ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ), Արտակ Մնացականյան, Լևոն Համբարձումյան և Ռուդիկ Ավագյան) ստուգում էին ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ուժերի դիրքերը։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում։ Նկարահանվել է ֆիլմ՝ նվիրված Մհեր Ջուլհաճյանին և կրում է «Մհեր» վերնագիրը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ նախագահի 2003 թվականի մայիսի 8-ի ՆՀ37 հրամանով Մհեր Ջուլհաճյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Նրա անունով է կոչվել Արցախի պետական համալսարանի և ՀՀ ՊՆ համակարգչային կենտրոնները, ՀՅԴ Լիբանանի Զավարյան ուսանողական միության գրադարանները, ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության «Րաֆֆի» մասնաճյուղի սրահը, ՀՅԴ Կանադայի պատանեկան միությունը։ 2007 թվականի նոյեմբերին ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների և հանքավայրերի կաբինետը անվանակոչվել է Մհեր Ջուլհաճյանի անվամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։