Մկրտիչ Քոլոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Քոլոզյան
Ծնվել է1922
ԾննդավայրՆոր Բայազետ, Հայկական ԽՍՀ
Մահացել է1990
Մահվան վայրԿամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունtobacco grower
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «Բեռլինի գրավման համար» մեդալ

Մկրտիչ Բագոյի Քոլոզյան (1922, Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ - 1990, Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ծխախոտագործ, գյուղատնտեսական արտադրության առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1949)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Բագոյի Քոլոզյանը ծնվել է 1922 թվականին Հայկական ԽՍՀ Նոր-Բայազետի շրջանի Նոր-Բայազետ քաղաքում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաք)[2][3]։ Նրա հայրը մինչև 1924 թվականը զբաղվել է բատրակությամբ, որից հետո եղել է հովիվ, իսկ 1929 թվականին տեղի կոլտնտեսության հիմնադրումից հետո դարձել է կոլտնտեսական[2]։

1936 թվականին Մկրտիչ Քոլոզյանն ընդունվել է կոմերիտմիության շարքեր[4]։ 1938 թվականին ավարտել է Նոր-Բայազետի միջնակարգ դպրոցը և աշխատանքի անցել Բատիկ Բատիկյանի անվան կոլտնտեսությունում[5]։ 1941 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի սկզբում, Քոլոզյանը զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի շարքերը[5]։ 1943 թվականին ընդունվել է ՀամԿ(բ)Կ /ԽՄԿԿ շարքերը[4]։ 1944 թվականին Ստալինգրադի մոտ երկրորդ ծանր վիրավորումը ստանալուց հետո Քոլոզյանը զորացրվել է որպես Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ[5][3]։ Պարգևատրվել է մարտական պարգևներով[3]։

Զորացրվելուց հետո Մկրտիչ Քոլոզյանը վերադարձել է Նոր-Բայազետ և աշխատանքի անցել Բատիկ Բատիկյանի անվան կոլտնտեսությունում։ 1945 թվականին դարձել է կոլտնտեսության 2-րդ ծխախոտագործական օղակի օղակավար[3]։ Կարճ ժամանակում յուրացնելով ծխախոտի մշակաբույսերի աճեցման ագրոտեխնիկական հիմունքները՝ Քոլոզյանի ղեկավարությամբ օղակն իր աշխատանքներն ուղղել է ծխախոտի բերքատվության բարձրացմանը։ Օղակին հաջողվել է յուրաքանչյուր հեկտարի վրա թմբերի երկու կողմերում տնկել 130000 ծխախոտի սածիլ՝ սահմանված 100000-ից 110000 սածիլների փոխարեն, ինչի արդյունքում ստացվել է բարձր բերք[5]։ 1946 թվականին, որպես բարձր բերքատվություն ապահովող երիտասարդական օղակի օղակավար, Քոլոզյանն արժանացել է Կոմերիտմիության Կենտկոմի պատվոգրի[3]։ 1948 թվականին օղակը 3 հեկտար տարածքից ստացել է Տիկ-Կուլակ ծխախոտի տեսակի 25 ցենտներ բերք[5]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1949 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով տարեկանի, բամբակի և ծխախոտի բարձր բերք ստանալու և գարնանացանի բոլոր մշակաբույսերի սերմացուով ապահովելու համար 1949 թվականին Մկրտիչ Բագոյի Քոլոզյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[6]։

Շարունակելով զբաղվել ծխախոտի աճեցմամբ Մկրտիչ Քոլոզյանը 150-200%-ով կատարել է սահմանված պլանները՝ ներդնելով գիտական ձեռքբերումներն ու առաջավոր փորձը։ 1949 թվականին Քոլոզյանի օղակն անցել է Սամսուն տեսակի ծխախոտի մշակմանը և ստացել հեկտարից 35 ցենտներ բերք, իսկ 1950 թվականին՝ 34 ցենտներ։ Զգալի ձեռքբերումների և բարձր բերքատվության հասնելու համար օղակավար Քոլոզյանը պարգևատրվել է Լենինի երկրորդ և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Հետագա տարիներին Քոլոզյանն արժանացել է այլ պարգևների՝ բարձր բերքատվություն ապահովելու համար[7]։

Մկրտիչ Քոլոզյանը մինչև 1957 թվականը ղեկավարել է ՀԽՍՀ Նոր-Բայազետի շրջանի Բատիկ Բատիկյանի անվան կոլտնտեսության ծխախոտագործական օղակը։ 1958 թվականին կոլտնտեսության բազայի վրա կազմակերպվել է անասնապահական սովխոզ և Քոլոզյանը նշանակվել է սովխոզի արհմիութենական կոմիտեի նախագահ[7]։

Մկրտիչ Բագոյի Քոլոզյանը մահացել է 1990 թվականին, Հայկական ԽՍՀ Կամո քաղաքում։ Թաղված է տեղի գերեզմանատանը[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1949 թվականի ապրիլի 16-ի հրամանագիր, Լենինի շքանշան և Մուրճ և մանգաղ մեդալ)՝ տարեկանի, բամբակի և ծխախոտի բարձր բերք ստանալու և գարնանացանի բոլոր մշակաբույսերի սերմացուով ապահովելու համար[6]։
  • Լենինի շքանշան (3.07.1951)[6][7]։
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (6.04.1985)[9]։
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1950)[7]։
  • «Արիության համար» մեդալ[3]։
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (1952)[7]։
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ[3]։
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ[3]։
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր (1953)[7]։
  • Կոմերիտմիության Կենտկոմի պատվոգիր (1946)[3]։
  • Հայաստանի Կոմերիտմիության Կենտկոմի պատվոգիր (1951)[7]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саакян В. М., Геворкян В. А. Колозян Мкртыч Багоевич // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 188—191. — 325 с.
  • Касарджян О. К., Карагёзян Г. А. Герои Социалистического Труда табаководства Армянской ССР = Հայկական ՍՍՌ-ի ծխախոտագործության սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1950. — 40 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 666. — 688 с.
  2. 2,0 2,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 188
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Касарджян, Карагёзян, 1950, էջ 12
  4. 4,0 4,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 191
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 189
  6. 6,0 6,1 6,2  Մկրտիչ Քոլոզյան «Երկրի հերոսներ» կայքում
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 190
  8. «Мкртыч Багоевич Колозян». hush.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]