Միքայել Չամանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Չամանյան
Ծնվել էապրիլի 7 (20), 1908 (116 տարեկան)
ԾննդավայրԱխալցխա
Մասնագիտությունսցենարիստ և դրամատուրգ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1934)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Միքայել Քրիստափորի Չամանյան (ապրիլի 7 (20), 1908, Ախալցխա - մահվան մասին տվյալները բացակայում են), հայ դրամատուրգ, կինոսցենարիստ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ 1966 թվականից[1]։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Չամանյանը ծնվել է 1908 թվականի ապրիլի 7-ին, Ախալցխա քաղաքում։ 1924 թվականին ավարտել է տեղի 9-ամյա հայկական դպրոցը, 1934 թվականին Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի գրական-սցենարական ֆակուլտետը, 1954 թվականին՝ ԽՄԿԿ Կոնտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ Կինոյի բնագավառում աշխատել է 1929 թվականից։ Այդ նույն թվականին Մոսկվայի «Մեժռաբպոմ-ֆիլմ» ստուդիայում մասնակցել է սցենարական արվեստանոցի սկզբնական դասընթացներին։ Առաջին կինոսցենարը գրել է 1931 թվականին։ 1934-1942 թվականներին աշխատել է «Սոյուզդետֆիլմ», «Վոստոկֆիլմ» (Մոսկվա) և «Հայֆիլմ» (Երևան) կինոստուդիաներում՝ որպես ռեժիսորի ասիստենտ, կինոխմբի ղեկավար և սցենարիստ։ 1942-1943 թվականներին աշխատել է Երևանի «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում, 1943-1945 թվականներին ավագ խորհրդական էր ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարությունում։ 1945-1948 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղարի օգնականը։ 1952-1955 թվականներին աշխատել է ՀԽՍՀ մշակույթի նախարարությունում՝ որպես գլխավոր խմբագիր։ 1958-1969 թվականներին եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղարը, 1969-1970 թվականներին՝ Երևանի վավերագրական և փաստագրական ֆիլմերի ստուդիայի տնօրենը, 1965-1978 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական կինոստեղծագործության ընկերության վարչության նախագահը։ 1978 թվականից աշխատում է որպես կինոֆոտոինֆորմացիայի բաժնի վարիչ։ Նրա սցենարներով նկարահանվել են «Արարատյան դաշտի աղջիկը» («Հայֆիլմ», 1949, մինչ այդ բեմադրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան և Թբիլիսիի հայկական թատրոններում), «Ում է ժպտում կյանքը» («Հայֆիլմ», 1958-1959), «Հանդիպում ցուցահանդեսում» («Հայֆիլմ», 1967-1968), «Երգ հայրենյաց» («Հայֆիլմ», 1970) կինոնկարները։ Չամանյանի «Մեր թանկագին հյուրերը» պիեսը 1950 թվականին բեմադրվել է Երևանում և Լենինականում։ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը 1978 թվականին բեմադրել է Չամանյանի «Պոեմ մեր մեծ բարեկամի մասին» (նվիրված Վալերի Բրյուսովին) պիեսը[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1929 «Նայիր շուրջդ»
1949 «Արարատյան դաշտի աղջիկը»
1957 «Ում է ժպտում կյանքը»
1968 «Հանդիպում ցուցահանդեսում»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Михаил Чаманян». Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 359-360

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Справочник Союза кинематографистов СССР 1981 года (сост. Г. Мирнова) // М., БПСК, Московская типография № 6.