Միսս Լա Լան Ֆեռնանդո կրկեսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսս Լա Լան Ֆեռնանդո կրկեսում
տեսակգեղանկար
նկարիչԷդգար Դեգա[1]
տարի1879
բարձրություն117,2 սանտիմետր
լայնություն77,5 սանտիմետր
ստեղծման վայրՓարիզ
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[2]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաՄիսս Լա Լա
կայք
Ծանոթագրություններ
 Paintings of Miss Lala au cirque Fernando Վիքիպահեստում

«Միսս Լա Լան Ֆեռնանդո կրկեսում» (ֆր.՝ Miss Lala au cirque Fernando), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Էդգար Դեգայի յուղաներկով 1879 թվականին ստեղծված նկարն է։ Նույն թվականին ցուցադրվել է Փարիզի չորրորդ իմպրեսիոնիստական ցուցահանդեսում[3], այժմ գտնվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահի հավաքածուում։ Դա Դեգայի միակ կրկեսային թեմայով նկարն է, և Միսս Լա Լան Դեգայի խոշոր ստեղծագործություններում միակ նույնականացված անձնավորությունն է։ Միսս Լա Լայի առանձնահատուկ ինքնությունը և այն մեծ հմտությունները, որոնք Դեգան օգտագործել է կրկեսում նրա ելույթը նկարելիս, արվեստի այս գործը դարձրել են կարևոր, լայնորեն գնահատված, բայց միևնույն ժամանակ՝ հակասական։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1879 թվականի հունվարի 19-ից 25-ը Դեգան առնվազն չորս անգամ այցելել է վերջերս բացված Ֆեռնանդո կրկես[4]։ Օդային ակրոբատ միսս Լա Լան հայտնի էր որպես «կին թնդանոթ»[4]։ Մականունն առաջացել է նրա ամենաաղմկահարույց հնարքից՝ երբ ուղղահայաց ձողից ոտքերով կախված, ատամներով պահում էր շղթաներով կախված թնդանոթ, որից կրակում էին[4]։

Դեգան, այցելությունների ժամանակ բազմաթիվ էսքիզներ է արել իր նոթատետրում, իսկ դրանից հետո առնվազն չորս պաստելային ուսումնասիրություն[5]։ Այս ուսումնասիրությունների միջոցով նա մանրամասն ստացել է նկարի վերջնական կոմպոզիցիան, և գունապնակը[5]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է ատամների միջև սեղմված պարանից կախված միսս Լա Լան, որը կրկեսի գմբեթի տակ է[6][7]։ Տեսարանը կարծես անիմացիայի կադր լինի և համահունչ է անցողիկ պահերը ֆիքսելու Դեգայի մեծ հետաքրքրությանը[8]։

Այս աշխատանքը Դեգայի միակ կրկեսային թեմայով նկարն է։ Ի տարբերություն իր ժամանակակիցների, ինչպիսիք են Անրի դը Տուլուզ-Լոտրեկը և Ժորժ Սյուրան, նրա ուշադրությունը արենայի ներսում գործողության կամ ամբոխի արձագանքի վրա չէ. դիտողը տեսնում է տեսարանը այնպես, ինչպես հանդիսատեսը կաներ՝ հայացքը հառելով վերևում տեղի ունեցող համարձակ սխրանքին[7]։

Դեգան մանրակրկիտ ուսումնասիրել և պատկերել է միսս Լա Լայի շարժումը։ Իր նախկին ուսումնասիրությունների ժամանակ նա փորձեր է կատարել պատկերել միսս Լա Լային դիմացից՝ պրոֆիլի փոխարեն։ Էսքիզներում միսս Լա Լայի գլուխը հետ է շրջված՝ թաքցնելով դեմքը հանդիսատեսից, ինչը նման է նրա ելույթը գովազդող պաստառների դիրքին։ Այնուամենայնիվ, Դեգան հետագայում փոխել է դեմքը պրոֆիլի։ Որոշ ուսումնասիրողներ այս կեցվածքը կապում են ժամանակակից ազգագրական լուսանկարչության հետ՝ ենթադրելով, որ պրոֆիլից պատկերված կինը առավել է «ներկայացնում իր ռասան»[6]։

Դեգան հավանաբար փորձել է ընդօրինակել իտալացի նկարիչների՝ հատկապես Ջովանի Բատիստա Տիեպոլոյի առաստաղի պատկերները, որոնք նա կարող էր տեսել Իտալիա կատարած իր ճամփորդությունների ժամանակ[7][9]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոնի էսքիզ

Որպես իմպրեսիոնիստ՝ Դեգան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել անցողիկ պահեր ֆիքսելու նկատմամբ և դրան հասնելու համար օգտագործել է իր յուրահատուկ կոմպոզիցիա։ Նրա շատ բալետային նկարներում ֆիգուրները կտավի կենտրոնում չեն։ Փոխարենը դրանք դասավորված են կողքերում կամ անկյուններում՝ թողնելով կենտրոնը դատարկ[10]։ Թեև որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ նա այս մեթոդը սովորել է լուսանկարչությունից, մյուսները նշել են, որ այդ ժամանակ լուսանկարչությունը դեռ այդպիսի հնարավորություն չուներ անցողիկ էֆեկտներ ֆիքսելու համար, և այդ ժամանակաշրջանից նմանատիպ կոմպոզիցիաներով լուսանկարներ չեն հայտնաբերվել[11]։

Դեգան մանրակրկիտ ծրագրել է միսս Լա Լայի և ճարտարապետության տարածական հարաբերությունները։ Նա կախված է օդում, բայց հետին պլանի հատվող գծերը կազմում են ցանց, որն օգնում է ապահովել նրա դիրքը կոմպոզիցիայի մեջ[4]։ Կոմպոզիցիայում կան բազմաթիվ ուղղահայացներ և անկյունագծեր, բայց հորիզոնականներ չկան՝ ստեղծելով շարժման և լարվածության զգացողություն[4]։ սա մեկնաբանվել է որպես մեծամասամբ սպիտակամորթ հանդիսատեսի և թխամորթ կատարողի միջև հանրորեն սպասվող հիերարխիկ հարաբերությունների հակադարձում[6]։

Գունային լուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեգան հիմնականում օգտագործում էր չհագեցած նարնջագույնն ու կանաչ՝ մոխրագույնի տարբեր երանգներով, ինչը համահունչ է նրա կանանց պատկերող բազմաթիվ այլ նկարներում առկա ներկապնակին։ Միսս Լա Լայի ձեռքերն ու ոտքերը բացառապես շագանակագույն չեն, այլ նարնջագույնի և կանաչի խառնուրդ են։ Նա սովորել էր «կանաչի օգտագործումը որպես մարմնի երկրորդ տոն» 14-րդ դարի իտալացի նկարիչ Չենինո Սեննինիից, որը մշակել է այն և սովորեցրել իր աշակերտներին[8]։

Այս վերջին նկարում Դեգան միտումնավոր բացել է պատկերել միսս Լա Լայի մաշկի գույնը և ներկել նրա զգեստը դեղին և մանուշակագույնով, որ թաքցնի նրա խառը ռասայական ինքնությունը[6]։ Նա իր նախկին ուսումնասիրությունների ժամանակ տարբեր գույների փորձեր էր արել։ Օրինակ, 1879 թվականի հունվարի 21-ին Դեգայի արված պաստելային էսքիզը (երկրորդ էսքիզը ցույց է տրված ստորև) ցույց է տալիս, որ միսս Լա Լան մաշկի շատ ավելի մուգ գույն ունի և հագած է կապույտ։ Մաշկի գույնն ավելի բաց է դարձել նրա հետագա էսքիզում՝ 1879 թվականի հունվարի 24-ին (երրորդ էսքիզը ներկայացված է ստորև)[6]։

Նկարի ֆոնը՝ կրկեսի առաստաղը, պատկերված է հիմնականում կարմրավուն նարնջագույն և կապտականաչ գույներով։ Դեգան պատը նկարել է շերտերով` խառնելով սառը կանաչ գույնը տաք նարնջագույնի հետ, մինչև այն հասել է հաճելի ներդաշնակության[8]։ Գույների յուրաքանչյուր բաժին տարբերվում է. Նարնջագույն տարածքում կարելի է տեսնել կանաչի երանգ և հակառակը։ Լրացուցիչ գույների այս հավաքածուն ներդաշնակեցված է միսս Լա Լային ներկայացնելու համար՝ ինտեգրելով նրան հետին պլանում[6]։

Էսքիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն և բանավեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները տարբեր են եղել նկարում ռասայի դերի մեկնաբանման հարցում։ Մի կողմից, Դեգան ցույց չի տալիս միսս Լա Լայի կարծրատիպային հատկանիշները, և որոշ քննադատներ ենթադրում են, որ նա ցանկանում էր վիճարկել սևամորթ կանանց ավանդական տեսակետը։ Մյուս կողմից, նա միտումնավոր բացել է միսս Լա Լայի մաշկի գույնը և թաքցրել նրա դեմքը՝ մասամբ թաքցնելով նրա ինքնությունը։ Արվեստի պատմաբան Մերիլին Ռ. Բրաունը պնդում էր, որ այս փոփոխությունները կարող են լինել Դեգայի անհանգստության արտացոլումն իր ռասայական ինքնության վերաբերյալ[6]։

Բանավեճ կա նաև այն մասին, թե արդյոք «Միսս Լա Լան Ֆերնանդոյի կրկեսում» միսս Լա Լայի դիմանկարն է, թե կրկեսի ժանրային նկար։ Միսս Լա Լան այս նկարում ցուցադրված միակ կերպարանքն է։ Դեգան չի ներառել որևէ հանդիսատես կամ այլ ակրոբատներ՝ ուշադրությունը կենտրոնացնելով միսս Լա Լայի վրա և նկարը դարձնելով դիմանկար։ Այնուամենայնիվ, Դեգան չի ցուցադրել նրա դեմքը հանդիսատեսին, ինչը տեսարանն ավելի շատ նմանեցրել է ժանրային նկարի, որտեղ թեմայի ինքնությունը չի կարող հաստատվել[5][6]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը գնել են Սամուել Կորտոյ հիմնադրամի հոգաբարձուները 1925 թվականին։ Սկզբնապես ցուցադրվել է Թեյթում, հետագայում՝ 1950-ականներին տեղափոխվել է Ազգային պատկերասրահ Մանեի, Ռենուարի, Սյուրաի և Վան Գոգի գլուխգործոցների հետ միասին, երբ դրանք այլևս ժամանակակից չեն համարվել[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://artuk.org/discover/artworks/miss-la-la-at-the-cirque-fernando-114759
  2. http://www.nationalgallery.org.uk/paintings/hilaire-germain-edgar-degas-miss-la-la-at-the-cirque-fernando
  3. National Gallery Catalogue entry
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Growe, Bernd (2016). Degas. TASCHEN. էջեր 67–68. ISBN 978-3836532716.
  5. 5,0 5,1 5,2 Murrell, Denise (2018). Posing modernity: the black model from Manet and Matisse to today. New Haven, New York: Yale University Press (in association with The Miriam and Ira D. Wallach Art Gallery). էջեր 82–83. ISBN 9780300229066.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Brown, Marilyn R. (December 2007). «"Miss La La's" Teeth: Reflections on Degas and "Race"». The Art Bulletin. 89 (4): 738–765. doi:10.1080/00043079.2007.10786372. JSTOR 25067359.
  7. 7,0 7,1 7,2 «Miss La La at the Cirque Fernando». National Gallery. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. 8,0 8,1 8,2 Schacherl, Lillian (1997). Edgar Degas: dancers and nudes. Germany: Prestel. էջ 100. ISBN 978-3791317380.
  9. Rosenberg, Karen (2013 թ․ փետրվարի 21). «A Painterly Eye Capturing a High-Flying Muse». The New York Times. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  10. Gardner, Helen; Kleiner, Fred S. (2017). Gardener's Art Through the Ages: The Western Perspective, Volume II. Cengage Learning. էջեր 729–732. ISBN 978-1305645059.
  11. Varnadoe, Kirk (January 1980). «The Artifice of Candor: Impressionism and Photography Reconsidered». Art in America.
  12. National Gallery: Samuel Courtauld