Միհրիմահ սուլթան մզկիթ (Էդիրնեքափը)
Միհրիմահ սուլթան մզկիթ թուրքերեն՝ Mihrimah Sultan Camii | |
---|---|
Տեսակ | ջումա մզկիթ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Էդիրնեկապի և Ստամբուլ |
Հիմնվել է | 1562 |
Կառուցման սկիզբ | 1562 |
Կառուցման ավարտ | 1565 |
Կարգավիճակ | գործող մզկիթ |
Անվանված է | Միհրիմահ Սուլթան |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Սինան Միմար |
Ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ |
Գմբեթ | 1 |
Արտաքին գմբեթի բարձրություն | 37 մետր |
Արտաքին գմբեթի տրամագիծ | 19 մետր |
Մինարեթներ | 1 |
Շինանյութ | գրանիտ |
![]() | |
![]() |
Միհրիմահ սուլթան մզկիթ (թուրքերեն՝ Mihrimah Sultan Camii), 16-րդ դարի մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Էդիրնեքափը թաղամասում։ Մզկիթը գտնվում է Ստամբուլի վեցերորդ բլուրի վրա, որը քաղաքի ամենաբարձր կետերից մեկն է[1]։ Համարվում է Օսմանյան կայսրության մայրաքաղաքի միջնադարյան ճարտարապետության ամենավառ խորհրդանիշներից մեկը։
Միհրիմահ սուլթան մզկիթը կառուցվել է հայազգի օսմանյան ճարտարապետ Միմար Սինանի կողմից՝ օսմանյան Սուլեյման I սուլթանի սիրելի դստեր Միհրիմահ սուլթանի պատվին։ Մզկիթի կառուցումը շարունակվել է չորս տարի՝ 1562-1565 թվականներին։ Մզկիթի համալիրի շենքերը մի քանի անգամ (1719, 1766, 1814 թվականներ) տուժել են երկրաշարժից։ 1894 թվականին, հերթական երկրաշարժի ժամանակ, մինարեթը ընկել է և վնսավել է տանիքը։ 1999 թվականին տեղի ունեցած Իզմիթի երկրաշարժի ժամանակ մզկիթի տանիքը և մինարեթը դարձյալ վնասվել են։
Մզկիթի հիմքն ունի խորանարդի տեսք։ Մզկիթի արտաքին գմբեթի տրամագիծը կազմում է 19 մետր։ Գմբեթը եզրափակվում է 4 անկյունային աշտարակներով։ Շինության ընդհանուր բարձրությունը կազմում է 37 մետր։ Բոլոր չորս պատերը բոլոր կողմերից զարդարված են տիմպաններով, որոնք զուգահեռ զարդարում են պատուհանների շրջանակները։ Պատուհանների ևս մեկ շարքն էլ անցնում է մզկիթի գմբեթի մոտով։ Այդպիսով, Միհրիմահ սուլթան մզկիթը համարվում է Միմար Սինանի ամենալուսավոր ճարտարապետական կոթողներից մեկը։ Հաճախ այն անվանում են նաև «Արևով ողողված մզկիթ»։ Թեթևության և հիասքանչության զգացումը ուժեղանում է ի շնորհիվ մզկիթում սյուների բացակայության։ Թվում է թե ողջ շինությունը սավառնում է օդում։
Որոշ լուսամուտներ վիտրաժային են։ Մզկիթի մուտքը զարդարված է շքեղ պորտալով, որին կից առկա են գրանիտե և մարմարե սյուներ։
Մզկիթի ներքին հատվածում զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում է մարմարե մինբարը։ Դռները և պատուհանների շրջանակները պատրաստված են փայտից՝ ամրացված պերլամուտրով և փղոսկրով[2]։
Բացի կենտրոնական կառույցից, 1100 քառակուսի մետր տարածք ունեցող ճարտարապետական համալիրի մեջ մտնում են նաև մեդրեսեն, համամը, թյուրբեն և մի քանի խանութներ, որոնք հանձնված են վարձավճարի։ Վարձավճարի համար հատկացվող գումարը օգտագործվում է մզկիթի կարիքների համար։ Մզկիթի բակում կա շատրվան` նախատեսված լվացվելու համար։
Գոյություն ունի օսմանյան մի լեգենդ, համաձայն որի պալատական ճարտարապետ Սինանը գաղտնի սիրահարված է եղել ոսկեծամ Միհրիմահ սուլթանին, չնայած որ նրանց մեջ կար 33 տարվա տարիքային տարբերություն։ Մզկիթի միակ բարձր և նեղ մինարեթը, որը համարվում է իսլամական կանոնների խախտում, կոչված է խորհրդանշելու անբաժան սերը։ Լեգենդը պատմում է, որ մարտի 21-ին՝ Միրհրիմահի ծննդյան օրը, որի անունը նշանակում է «Արև և լուսին», երբ արևը թաքնվեց մզկիթի հետևը, լուսինը դուրս եկավ Միհրիմահին նվիրված Յուսքյուդարում գտնվող մյուս մզկիթի հետևից[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Архитектурный ансамбль Михримах Султан в Эдирнекапы Archived 2013-10-01 at the Wayback Machine. ibb.gov.tr
- ↑ Мечеть Михримах Archived 2013-08-28 at the Wayback Machine. stambul4you.ru
- ↑ Мечеть Михримах Султан в Едирнекапы. Archived 2018-07-21 at the Wayback Machine. russianistanbul.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Faroqhi Suraiyah (2005)։ Subjects of the Sultan: Culture and Daily Life in the Ottoman Empire։ I B Tauris։ ISBN 1-85043-760-2
- Freely John (2000)։ Blue Guide Istanbul։ W. W. Norton & Company։ ISBN 0-393-32014-6
- Rogers J.M. (2007)։ Sinan: Makers of Islamic Civilization։ I B Tauris։ ISBN 1-84511-096-X