Միհրիմահ սուլթան մզկիթ (թուրք.՝ Mihrimah Sultan Camii) կամ Իսքելե մզկիթ (թուրք.՝ İskele Camii), 16-րդ դարի սուննի մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում՝ Յուսքյուդար շրջանում:
Միհրիմահ մզկիթը համարվում է Յուսքյուդար շրջանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: Իր երկրորդ անվանումը՝ Իսքելեն, ստացել է իր գտնվելու վայրի անվանումից: Մզկիթի մոտակայքում գտնվում է նավակառամատույցը (թուրք.՝ İskele: Մզկիթը երկու համալիր մզկիթներից մեկն է (երկրորդը գտնվում է Էդիրնեքափըում), որը կառուցվել է օսմանյան սուլթան Սուլեյման I Քանունու և Հյուրեմ սուլթանի դստեր Միհրիմահ սուլթանի հովանավորությամբ: Մզկիթի նախագիծը մշակվել է օսմանյան հայտնի ճարտարապետ Միմար Սինանի կողմից: Մզկիթը կառուցվել է 1546-1548 թվականներին: Մզկիթում նկատվում են օսմանյան ճարտարապետական ոճի վաղ շրջանին բնորոշ առանձնահատկությունները: Այդ առանձնահատկություններից են մզկիթի ընդարձակությունը, բարձր կամարակապ հիմքերը, գեղակազմ մինարեթները, գլխավոր գմբեթի շուրջը կառուցված են երեք կիսագմբեթներ և ունի լայն երկմաս սյունասրահ: Ժամանակակիցների կարծիքով, մզկիթը հիշեցնում է «շրջազգեստով կնոջ, ով մեկնվել է երկրի վրա»:
Մզկիթի համալիրի կազմում մտնում են բուն մզկիթը, մեդրեսեն, մեքթեբը (տարրական դպրոց), հիվանդանոցը, իմարեթը (խոհանոց) և քարվան-սարայը: Մեդրեսեն գտնվում է համալիրի հյուսիսային հատվածում: Ներկայումս այնտեղ տեղակայված է առողջության կենտրոն: Տարրական դպրոցը գտնվում է համալիրի այն հատվածում, որի ուղղությամբ գտնվում է Մեքքան: Հիվանդանոցի մասնաշենքը, խոհանոցը և քարվան-սարայը չեն պահպանվել: Թաբհանեն (հյուրատունը) այրվել է 1772 թվականին տեղի ունեցած հրդեհի արդյունքում[2]: Մզկիթի և մեդրեսեի մասնաշենքերի միջև ընկած տարածքում պահպանվել են Միհրիմահի և Ռուստեմ փաշայի երկու որդիների գերեզմանները: Մզկիթից ոչ շատ հեռու գտնվում է Ահմեդ III սուլթանի շատրվանը, որը կառուցվել է 1728 թվականին[3]: