Միկրոմերիա թփային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկրոմերիա թփային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շրթնազգիներ
Տեսակ Միկրոմերիա թփային
Լատիներեն անվանում
Micromeria fruticosa


Միկրոմերիա թփային (լատին․՝ Micromeria fruticosa), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8-15 սմ բարձրությամբ, բարակ և ուղիղ չճյուղավորված ճյուղերով, կիսաթփիկ բույս է։ Տերևները համարյա նստադիր են, մանր, ձվաձև-երկարավուն և եզրից շրջված։ Ծաղկաբույլը փուխր է և կազմված կարճ, կոթունավոր, 1-5 ծաղիկներից բաղկացած կիսահովանոցներից։ 13-15 ջղերով բաժակը նեղ խողովակաձև է և բութ ատամներով։ Պսակը երկշուրթ, նուրբ մանուշակագույն է։ Պսակի ներսում իրար մոտեցած առէջները գտնվում են վերին շուրթի տակ։ Պտուղը կազմված է 4 մասերից՝ էլիպսաձև էրեմներից[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Վեդի և Խոսրով գետերի ավազաններ, Երախի լեռնաշղթա)։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Հայաստանը, Ղրիմը, միջերկրածովյան ավազանի արևելյան մասը և Հյուսիսարևելյան Թուրքիան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000-1800 մ բարձրությունների վրա, ինչպես նաև ֆրիգանոիդ բուսականության մեջ՝ ժայռոտ տեղերում, քարաթափվածքների վրա և ժայռաճեղքերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Կովկասում հայտնի է միայն Հայաստանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակի համաշխարհային մասշտաբով շատ լայն տարածման պատճառով կատեգորիան իջեցվել է մեկ աստիճանով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկրոմերիա թփային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկրոմերիա թփային» հոդվածին։