Մեծ պասի կիրակիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ պասի կիրակիներ, Մեծ պասի շրջան, ուր ամեն կիրակին ունի իր խորհուրդը և բոլորը միասին ներկայացնում են Եդեմական պարտեզից մինչև Գողգոթա տանող ճանապարհը։ Մեծ Պասն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ[1]։

Բուն բարեկենդան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ պահքի առաջին կիրակին կոչվում է Բուն բարեկենդան։ Ըստ Հայ Առաքելական եկեղեցու, պասի բոլոր շաբաթների կամ շրջանների նախընթաց օրը, բացառությամբ Ծննդյան պասի, միշտ կիրակի է լինում և կոչվում է բարեկենդան։ Մեծ պասի նախընթաց օրն էլ կոչվում է Մեծ կամ Բուն բարեկենդան[2]։ Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան։ Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է։ Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է։ Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության։ Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը[3]։

Արտաքսման կիրակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Է. Դելակրուա, Ադամ ու Եվա

Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման։ Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր» (Ծննդ. 3:23)[4]:Այն հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին։ Օրվա շարականը այդ դրվագի եղերերգությունն է.

Որ զօրենս սրբութեան պահոց

Նախ ի դրախտին աւանդեցեր,

Զոր ոչ պահելով նախաստեղծիցն`

Ճաշակմամբ պտղոյն ճաշակեցին

Զդառնութիւն մեղաց և մահու։

Վասն որոյ շնորհեա մեզ, Տէր, ճաշակել

Զքաղցրութիւն Քոց պատուիրանաց։

Որ զանազան վիրօք մեղաց

Հարաք յոգիս ի թշնամւոյն

Եւ ի բազմապատիկ հիւանդութեանս

Կարօտացաք Մարդասիրիդ

Բառնալոյ զցաւս մեր։

Վասն որոյ բժշկեա զմեզ, Քրիստոս,

Որպես մարդասեր[2]։

Նախապատմությունը հետևյալն է. մարդն (Ադամ) ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից։ Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց։ Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «...հող էիր և հող կդառնաս»(Ծննդ.3.19)[4]

Անառակ որդու կիրակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմբրանտ,«Անառակ որդու վերադարձը», մոտ 1666—1669 թվականներ, Էրմիտաժ

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32)[5]

Մի մարդ երկու որդի ուներ. նրանցից կրտսերը հորն ասաց. «հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»։ Եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր հետո, կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը` խոզեր արածեցնելու։ Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ Ապա խելքի եկավ եւ ասաց. «քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛վ իբրեւ քո աշխատավորներից մեկը»։ Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գթաց. վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան։ Եւ որդին ասաց նրան. «հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու»։ Հայրը իր ծառաներին ասաց. «անմիջապես հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրեք եւ նրա ոտքերին` կոշիկներ. բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց». եւ սկսեցին ուրախանալ։ Իսկ նրա ավագ որդին ագարակում էր. և մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը. և իր մոտ կանչելով ծառաներից մեկին` հարցրեց, թե այդ ի՞նչ է։ Եվ սա նրան ասաց. «քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան»։ Նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով` աղաչում էր նրան։ Որդին պատասխանեց եւ ասաց հորը. «այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»։ Հայրը նրան ասաց. «որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց»։

Տնտեսի կիրակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի։ «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամ արեք» (Ղուկ. ԺԶ 9)։ Առակը հիշատակում է միայն Ս. Ղուկաս ավետարանիչը։ Առակի բովանդակությունը հետևյալն է[6].

Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. « Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը։ Տէրը կանչեց նրան եւ ասաց. այս ի՞նչ եմ լսում քո մասին. տու´ր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող։ Տնտեսը իր մտքում ասաց. ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները։ Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով` առաջինին ասում է` իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես։ Եւ սա ասում է` հարիւր տակառիկ ձէթ. եւ տնտեսը նրան ասում է` ա´ռ քո մուրհակը եւ նստի´ր ու անմիջապէս գրի´ր «յիսուն»։ Ապա դարձեալ միւսին ասում է` դու ինչքա՞ն պարտք ունես. եւ սա ասաց` հինգ հարիւր պարկ ցորեն։ Տնտեսը նրան ասաց` ա´ռ քո մուրհակը եւ նստի´ր ու գրի´ր «չորս հարիւր»։ Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ» (Ղուկ. ԺԶ 1-8)

Դատավորի կիրակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոզաիկա Սան Ջովանիի բապտիստերիայում, Ֆլորենցիա, 1300 թվական

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի։ Այս օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը.

Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան։ Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. իմ ոսոխի դէմ իմ դատը տես։ Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի»։ Եւ Տէրն ասաց. «Լսեցէ´ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը։ Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի։ Այո´, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կանի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞» (Ղուկ. ԺԸ 1-8)[7]։

Գալստյան կիրակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան։ Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է։ Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի։ Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ Գալստյանը նվիրված շատ հատվածներ կան։ Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն։ Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ։ Սակայն այս ամենը սկիզբն է երկանց … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։ Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի։ Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13)[8]:

Ծաղկազարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, 13-րդ դարի ավետարան, ծաղկող՝ վարպետ Մարգարե

Մեծ պահքի յոթերորդ կիրակին կոչվում է Ծաղկազարդ։ Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ) գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է։ Կատարվում էր Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տոներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  2. 2,0 2,1 Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան, «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»
  3. «Տոներ, Բուն բարեկենդան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  4. 4,0 4,1 «Տոներ, Արտաքսման կիրակի». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  5. Անառակ որդու առակը
  6. Մեծ պահք. Տնտեսի կիրակի
  7. Պեծ պահք. Դատավորի կիրակի
  8. «Տոներ. Գալստյան կիրակի». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.