Մեծ Բրիտանիայի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ Բրիտանիայի հայկական տպագրություն, Մեծ Բրիտանիայում հայերեն գրքեր տպագրվել են դեռևս 18-րդ դարի 1-ին կեսից Լոնդոնում, Մանչեստրում, Օքսֆորդում։

Լոնդոնում առաջին գիրքը՝ Մովսես Խորենացու «Պատմութիւն եւ աշխարհագրութիւն»-ը (հայերեն և լատիներեն), տպագրվել է 1736 թվականին Կարոլի Ակքերսի տպարանում (տպագրող՝ Վիստոն եղբայրների)։ 1780 թվականին Գրիգոր Խալդարյանը Ջոն Ռիվինգտոնի տպարանում լույս է ընծայել «Դաւանութիւն հաւատոյ եկեղեցեաց Հայաստանեայց» և Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքը (մեկ գրքով)։ 1858 թվականին Կ. Մ. Ուադսի տպարանում տպագրվել է «Նոր կտակարան տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (վերահրտ.՝ 1859), 1868 թվականին՝ «Գիրք Սաղմոսաց Դաւթի»-ն (վերահրտ.՝ 5 անգամ՝ 1871–1892): Կյուլբերտի և Ռիվինգտոնի տպարանում տպագրվել է միայն «Նոր կտակարան» (6 անգամ, 1871–1895), «Հայկական Ազատ» տպարանում՝ 4 անուն (1891–1895), «Հնչակի» տպարանում՝ 2 անուն (1895, 1896) գիրք։

Մանչեստրում 1864 թվականին Կարապետ Շահնազարյանը տպագրել է Միքայել Ասորու «Ժամանակագրութիւնը», լույս է ընծայել նաև Մեծ Բրիտանիայում առաջին պարբերականը՝ «Երկրագունդը»։ 1889 թվականին Թորոս Ջուղայեցին տպագրել է «Թուղթ հովուական»-ը, 1900-1901 թվականներին լույս է ընծայել «Եկեղեցի Հայաստանեայց» աստվածաբանական հանդեսը։

Օքսֆորդում՝ «Կալդերոն Պրես» տպարանում, 1892 և 1898 թվականներին տպագրվել են Ֆ. Կոնիբերի գրքերից երկուսը։

Մեծ Բրիտանիայի անդրանիկ պարբերականներից են «Հայաստան» (հայերեն, ֆրանսերեն, 1888-1892) հանդեսը, «Լ՚Արմենի» (1889–98, 1898–1906 թվականներին՝ Փարիզում), ՍԴՀԿ-ի «Հնչակ» (1894-1904, 1887 թվականից՝ Ժնև, Աթենք, Փարիզ) պաշտոնաթերթը, երգիծական-քաղաքական «Ապտակ» (1895-1897, 1894 թվականին՝ Աթենք), Վերակազմյալ հնչակյան կուսակցության «Մարտ» (1897-1901, խմբագիր՝ Արփիար Արփիարյան) ամսաթերթը, «Պատանի» (1902-1907) պատկերազարդ հանդեսը (բոլորը՝ Լոնդոն), «Վաղուան ձայնը» (1898, Մանչեստր) և այլն։ Լոնդոնում լույս են տեսել նաև հասարակական, գրական «Արեգակ» (1964–1968) ամսաթերթը, Լոնդոնի հայ երիտասարդական միության «Սարտարապատ» (1971–1973, հայերեն, անգլերեն) ամսագիրը, «Արեգակի» շարունակությունը համարվող «Լոնդոն» (1974–76) ամսաթերթը, ազգային, հասարակական, մշակութային «Էրեբունի» (1979–1994) երկշաբաթաթերթը և այլն, Մանչեստրում՝ «Սևան» պարբերաթերթը (1959-1960)։ Ցայսօր հրատարակվել է շուրջ 20 անուն պարբերական։

Ներկայում լույս է տեսնում հասարակական, քաղաքական «Նոր սերունդի ձայն» (1998 թվականից, Լոնդոն) ամսաթերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։