Մարդկային հաղորդակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդկային հաղորդակցություն կամ անտրոպոսեմիոտիկա, ուսումնասիրում է մարդկանց միջև հաղորդակցումը։ Մարդկանց՝ միմյանց հետ շփվելու ունակությունը անհնար կլիներ առանց հասկանալու այն, թե մենք ինչ նկատի ունենք կամ ինչ ենք մտածում։ Քանի որ մարդիկ չեն կարող լիովին հասկանալ միմյանց, անհրաժեշտ է ստեղծել ընդհանրություն մտածելակերպի կամ տեսակետի նույնության միջոցով[1]։ Հաղորդակցության ոլորտը շատ բազմազան է․ ունի բազմաթիվ շերտեր, և կարևոր է թե մենք, որպես մարդկային էակներ, ինչպես ենք օգտագործում դրա տարբեր հատկանիշները։

Մարդիկ ունեն հաղորդակցվելու այնպիսի ունակություններ, որոնք չունեն մյուս կենդանի էակները։ Օրինակ՝ մարդիկ ժամանակի և տեղի մասին կարող են արտահայտվել այնպես, կարծես դրանք գոյություն ունեցող առարկաներ են։ Մարդիկ շփվում են կապ ստեղծելու համար՝ օգնություն խնդրելով, ուրիշներին տեղեկացնելով և ունեցած վերաբերմունքով կիսվելու միջոցով[1]։ Հաղորդակցությունը միասնական գործողություն է, որը մեծապես կախված է ընդհանուր ուշադրությունը պահպանելու կարողությունից։ Մենք ունենք համապատասխան բազային գիտելիքներ և համատեղ փորձ, որն օգնում է ճիշտ արտացոլել խոսքի բովանդակությունը և ապահովել համահունչությունը հաղորդակցման մեջ[2]։

Մարդկային հաղորդակցության էվոլյուցիան տևել է երկար։ Մարդիկ զարգացել են՝ ձեռքի պարզ ժեստերից հասնելով մինչև լեզվի օգտագործման։ Դեմ առ դեմ հաղորդակցությունը մեծ մասամբ պահանջում է տեսողական ուշադրությամբ հետևել դիմացինին՝ ի պատասխան օգտագործելով ժեստեր և պահպանել աչքի կոնտակտը փոխգործակցության ընթացքում[1]։

Կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային հաղորդակցության ներկայիս ուսումնասիրությունը կարելի է դասակարգել երկու հիմնական կատեգորիաների՝ հռետորական և հարաբերական։ Հռետորական հաղորդակցությունը հիմնականում կենտրոնանում է ազդեցության ուսումնասիրության վրա. հռետորական հաղորդակցության արվեստը հիմնված է համոզել կարողանալու գաղափարի վրա։ Հարաբերական մոտեցումը ուսումնասիրում է հաղորդակցությունը գործարքային տեսանկյունից. երկու կամ ավելի մարդիկ փոխգործակցում են ինչ-որ կետում համաձայնության հասնելու համար[3]։

Վաղ շրջանում հռետորաբանությունը մշակվել էր՝ օգնելու մարդկանց հաղթող դուրս գալ առաջ քաշած դատական հայցերի առնչությամբ. սա ցույց է տալիս, թե որքանով է համոզելու կարողությունը կարևոր հաղորդակցության այս ձևում։ Արիստոտելն ասում էր, որ արդյունավետ հռետորաբանությունը հիմնված է փաստարկների վրա։ Ինչպես բացատրվում է, հռետորաբանությունը ներառում է գերիշխող կողմ և հնազանդ կողմ կամ մի կողմ, որը ենթարկվում է առավել դոմինանտ կողմին։ Մինչ հռետորական մոտեցումը գալիս է արևմտյան հասարակություններից, հարաբերական մոտեցումը ծագում է արևելյան հասարակություններից։ Արևելյան հասարակությունները համագործակցության ավելի բարձր չափանիշներ ունեն, որից պարզ է դառնում, թե ինչու են նրանք ավելի հակված հարաբերական մոտեցմանը։ «Արժեվորված հարաբերությունների պահպանումն ընդհանուր առմամբ ավելի կարևոր է համարվում, քան ուրիշների վրա ազդեցություն և վերահսկողություն գործադրելը»[4]։ «Մարդկային հաղորդակցության ուսումնասիրությունն այսօր ավելի ընդլայնված է, քան երբևէ եղել է իր պատմության ընթացքում»։

Մարդկային հաղորդակցության դասակարգման կարելի է հանդիպել աշխատավայրում, հատկապես խմբային աշխատանքի ժամանակ։ Գործընկերների միջև վեճերն անհրաժեշտ են, օրինակ, իրենց կողմից իրականացվող նախագծերի համար լավագույն լուծումները գտնելու համար, մինչդեռ անհրաժեշտ է նաև դրական ներդրում ունենալ հարաբերություններում՝ համագործակցության հետագա պահպանման համար։ Օրինակ՝ խմբային աշխատանքում նրանք կարող են օգտագործել հաղորդակցական մի հմտություն՝ «վարկը պահել»։

Խոսակցական լեզուն ենթադրում է խոսք, որը հիմնականում արտացոլում է մարդկային որակ։ Օրինակ՝ շիմպանզեները մարդկանց ցեղատեսակով ամենամոտն են, բայց նրանք չեն կարողանում խոսել։ Շիմպանզեները մարդուն ամենամոտ կենդանի տեսակն են։ Նրանք գենետիկական և էվոլյուցիոն առումով ավելի մոտ են մարդկանց, քան գորիլաներին կամ այլ կապիկներին։ Այն փաստը, որ շիմպանզեն չի կարող խոսել, նույնիսկ այն դեպքում, երբ գտնվի մարդկանց միջավայրում՝ ապահովված լինելով բոլոր այն պայմաններով, որ ունենում է երեխան, այն հանելուկներից մեկն է, որին մենք բախվում ենք մեր տեսակի կենսաբանությունն ուսումնասիրելիս։ 1910-ականներից սկսած բազմակի փորձերի արդյունքում մարդկանց հետ սերտ շփման մեջ եղած շիմպանզեներն ընդհանուր առմամբ չեն կարողացել խոսել կամ նույնիսկ փորձել խոսել՝ չնայած նրանց արագ առաջընթացին ինտելեկտուալ և շարժողական շատ այլ առումներով։ Յուրաքանչյուր նորմալ մարդ ծնվում է իր մայրենի լեզուն արագ և անսխալ յուրացնելու ունակությամբ՝ համարյա առանց ուղղակի ուսուցման կամ ուղղորդման։ Իսկ մարդկանցից զատ այլ կաթնասուներ ինքնաբուխ չեն արտասանել նույնիսկ մեկ բառ տեղին հատուկ լեզվով[5]։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային հաղորդակցությունը սահմանվում է որպես ցանկացած ընդհանուր բնույթի սիմվոլիկ փոխազդեցություն[6]։

  • Ընդհանուր բնույթի, քանի որ յուրաքանչյուր հաղորդակցման գործընթացի համար անհրաժեշտ է նաև նշանակության համակարգ (ծածկագիր)՝ որպես պարտադիր պայման, և եթե այդ ծածկագիրը հայտնի չէ բոլոր նրանց, ովքեր ներգրավված են հաղորդակցման գործընթացում, ապա չկա փոխըմբռնում և, հետևաբար, ձախողվում է նույն տեղեկատվության փոխանցումը։
  • Սիմվոլիկ, քանի որ որևէ նշանաբանի կամ նշանի անհրաժեշտություն կա, որը թույլ կտա փոխանցել տեղեկատվությունը։
  • Փոխազդեցություն, քանի որ այն ենթադրում է երկու և ավելի մարդկանց անմիջական ներգրավվածության գործընթացում տեղեկատվության ավելացում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային հաղորդակցությունը կարող է ունենալ հետևյալ ենթաատեսակները՝

  • Ներանձնային հաղորդակցություն (հաղորդակցում ինքդ քեզ հետ)- Տեղեկատվության այս պարզ ձևը հաղորդակցության չափանիշն ու հիմքն է։ Այն ինքներս մեզ թույլ է տալիս անդրադարձ կատարել մեր կատարած նախորդ և ընթացիկ գործողություններին, ինչպես նաև ընտրել թե ինչ քաղել այլ տեսակի հաղորդակցություններից և իրադարձություններից։ Մեր միջանձնային հաղորդակցությունը կարող է դրսևորվել և արտահայտվել ուրիշների հետ հարաբերության ժամանակ՝ որոշակի արդյունքների նկատմամբ մեր արձագանքներով՝ պարզ ժեստերի և արտահայտությունների միջոցով[7]։
  • Միջանձնային հաղորդակցություն (հաղորդակցում երկու և ավել մարդկանց միջև)- Արդյունավետ հաղորդակցությունը մեծապես հիմնված է այն գործընթացների և իրավիճակների ըմբռնման վրա, որոնցում դուք գտնվում եք։ Դա ավելին է, քան պարզ վարքագիծն ու ռազմավարությունը, որ սահմանվում է մեկ այլ անձի հետ շփման ընթացքում։ Միջանձնային հաղորդակցությունն արտացոլում է մարդու անհատականությունն ու առանձնահատկությունները, որոնք դիտվում են բարբառի, ձևի և բովանդակության տեսանկյունից և որով այդ մարդն ընտրում է շփվել։ Որքան էլ սա պարզ թվա, միջանձնային հաղորդակցությունը կարող է ճիշտ իրականացվել միայն այն դեպքում, եթե երկու ներգրավված անձիք էլ հասկանան, թե ինչ է նշանակում լինել մարդ և ունենալ նույն մարդկային հատկանիշները։ Այն ներառում է վստահության և պարզության գործոններ, ինչպես նաև հարգանքի և հոգատարության ցուցաբերում նրա հանդեպ, ինչի մասին խոսում է դիմացինը[8]։
  • Ոչ վերբալ հաղորդակցություն- Հաղորդակցության այս ձևը ենթադրում է տեղեկատվության փոխանցում, որ չի ներառում խոսքային ձևեր։ Այն կարող է իրականացվել դիմախաղի, ժեստերի, մեր ձայնի տոնայնության միջոցով կամ նույնիսկ մեր արտաքին տեսքը կարող է փոխանցել որոշակի տեսակի հաղորդագրություն[9]։
  • Խոսք- Հաղորդակցման այս ձևում մարդն իր զգացածն ու մտածածն արտահայտում է բառերով։ Այն թույլ է տալիս մարդուն որևէ միտք փոխանցել ուրիշին՝ օգտագործելով իր ձայնը՝ ստեղծելով բառեր, որոնք այնուհետև վերածվում են նախադասությունների, որոնք էլ իրենց հերթին վերածվում են զրույցի՝ ծառայելով տեղեկատվության փոխանցմանը[10]։
  • Խոսակցություն- Հաղորդակցության այս ձևն ապահովում է շատ մարդկանց միջև մտքերի փոխանակում իմաստալից զրույցի տեսքով։ Այն սահմանում է գաղափարներ մարդկանց, թիմերի կամ խմբերի միջև։ Խոսակցություն սկսելու համար անհրաժեշտ է առնվազն երկու հոգի՝ կիսվելու յուրաքանչյուրի արժեքներով ու հետաքրքրություններով։ Այս գործընթացը հնարավորություն է տալիս փոխանցել կարևոր կամ անկարևոր տեղեկատվությունն ուրիշներին։ «Խոսակցական ուժեղ հմտությունները գործնականում երաշխավորում են, որ մարդկանց մեծամասնությունը ձեզ ավելի լավ կհասկանա»[11]։
  • Վիզուալ հաղորդակցություն- Հաղորդակցության այս տեսակում կարևոր դեր են կատարում աչքերը, որոնց օգնությամբ մենք կարող ենք կարդալ, հասկանալ և ճանաչել նշաններ, գծապատկերներ, դիագրամներ, նկարներ, որոնք պարունակում են բառեր կամ արտահայտություններ կամ պատկերներ, որոնք ցույց են տալիս և նկարագրում, թե ինչ է անհրաժեշտ պատկերել տեղեկատվությունը տարածելու համար։ Վիզուալ հաղորդակցության օգտագործումը թույլ է տալիս մարդկանց ապրել առօրյա կյանքով՝ առանց անընդհատ խոսելու կարիքի։ Օրինակ՝ մեքենա վարելը և կարմիր նշան տեսնելը, որի վրա գրված է «կանգ»․ այս պարագայում որպես վարորդ՝ դուք օգտագործում եք վիզուալ հաղորդակցություն՝ կարդալու նշանը, հասկանալու, թե ինչ է ասվում և կանգնեցնելու մեքենան՝ վթարից խուսափելու համար։ «Վիզուալ հաղորդակցությունը տարբեր առավելություններ ունի, եթե այն ճիշտ են օգտագործում»։ Տեղեկատվական դարաշրջանում և արագ զարգացող հասարակության մեջ, որտեղ ժամանակը սահմանափակ է, վիզուալ հաղորդակցությունն օգնում է մտքերն ավելի արագ և ավելի արդյունավետ փոխանցել։ Ընդհանուր առմամբ, այն առաջարկում է հետևյալ առավելությունները՝ ակնթարթային փոխանցում, փոխըմբռնման հեշտություն, միջմշակութային հաղորդակցություն և հաճելի իրավիճակ»[12]։
  • Գրավոր խոսք- Բառերը տառերով կազմված լեզվական միավորներ են, որոնք իմաստային կապով գրվում են իրար կողքի՝ ստեղծելով նախադասություն։ Վերջինիս օգնությամբ էլ կատարվում է տեղեկատվության փոխանցում, երբ նայելով գրվածին հասկանալի է դառնում իմաստը։ Գրավոր խոսքը կարող է կազմվել ինչպես թղթի վրա գրիչի օգնությամբ գրելով, այնպես էլ տարբեր էլեկտրոնային սարքերի վրա մեզ անհրաժեշտ տեքստ մուտքագրելով։ «Գրելը» խորհրդանիշների (այբուբենի տառեր, կետադրական նշաններ և բացատներ) օգտագործման գործընթացն է՝ մտքերն ու գաղափարները ընթեռնելի ձևով փոխանցելու համար»[13]։
  • Փոստ- Այս դեպքում ինչ-որ մեկն օգտագործում է փոստային բաժանմունքի ծառայությունը, ուղարկելու գրված նամակ կամ իր տարածքից դուրս իր ուղարկելու համար։ Սա հեշտացնում է հարազատներին կամ ընկերներին հաղորդագրություններ կամ իրեր ուղարկելու գործընթացը, որոնք մոտ չեն ապրում։ Հետևաբար փոստը ներառում է «Փոստային համակարգով ուղարկված կամ տեղափոխվող նյութեր (օրինակ՝ նամակներ և փաթեթներ)[14]։
  • Զանգվածային լրատվամիջոցներ- «Հաղորդակցության միջոցները, որոնք հասնում են մեծ թվով մարդկանց, օրինակ՝ ազգաբնակչությանը որոշակի ուղիներով, ինչպիսիք են ֆիլմերը, ռադիոն, գրքերը, երաժշտությունը կամ հեռուստատեսությունը, որտեղ սպառողների մասնակցությունը պասիվ է՝ ինտերակտիվ ցանցային հարթակների հետ համեմատած»[15]։
  • Հեռահաղորդակցություն- Հաղորդակցման ոճ, որը թույլ է տալիս մարդկանց հասկանալ խոսակցությունը, խոսքը և կամ վիզուալ հաղորդակցությունը տեխնոլոգիայի միջոցով։ Անկախ նրանից, թե դուք ռադիո եք լսում, դիտում եք հեռուստացույց, կամ կարդում եք էլփոստով մուտքագրված տեքստը, այս ամենը հեռահաղորդակցության օրինակ է։ Հաղորդակցության այս տեսակը ապահովում է ավելի արագ և արդյունավետ գործընթաց, որպեսզի հաղորդագրությունը հասնի մեկ ուրիշին, որտեղ էլ որ նա լինի։ Այս տեսակի հաղորդակցության համար գտնվելու վայրը խնդիր չէ։ «Հեռահաղորդակցության հաղորդման միջոցները զարգացել են տեխնոլոգիայի բազմաթիվ փուլերի միջոցով՝ փարոսներից և այլ տեսողական ազդանշաններից (օրինակ՝ ծխի ազդանշաններ, սեմաֆորային հեռագրեր, ազդանշանային դրոշներ և օպտիկական հելիոգրաֆներ), մինչև էլեկտրական մալուխ և էլեկտրամագնիսական ճառագայթում, ներառյալ լույսը։ Փոխանցման այսպիսի ուղիները հաճախ դառնում են կապի ուղիների, որոնք հնարավորություն են տալիս ուղարկել բազմաթիվ միաժամանակյա հաղորդակցման գործընթացներ մեկ ազդակի տեսքով»[16]։
  • Կազմակերպչական հաղորդակցություն (հաղորդակցում կազմակերպությունների ներսում )- Տարբերվում է ձևով և պլանավորմամբ, որի շնորհիվ արտահայտություններն ու պատկերները ստանում են իմաստ և ուղվածություն։ «Կազմակերպչական հաղորդակցության կառուցվածքը սահմանվում է իր 5 հիմնական չափորոշիչներ՝ հարաբերություններ, սուբյեկտներ, համատեքստեր, կոնֆիգուրացիա և ժամանակային կայունություն»[17]։ Հեշտացնում է աշխատանքը տարբեր մշակույթներում։
  • Զանգվածային հաղորդակցություն- Հաղորդակցության այս տեսակը ներառում է հայտնի և անհայտ լսարանի հետ հաղորդակցվելու գործընթաց՝ տեխնոլոգիայի կամ այլ միջոցների կիրառմամբ։ Հազիվ թե երբևէ լսարանի համար հնարավորություն լինի ուղղակիորեն արձագանքել հաղորդագրություն ուղարկողներին․ կա բաժանում/անջատում ուղարկողի և ստացողի միջև։ Զանգվածային հաղորդակցության գործընթացում սովորաբար կան չորս դերակատարներ, նրանք, ովքեր ուղարկում են հաղորդագրությունը, հենց ինքը՝ հաղորդագրությունը, այն միջոցը, որով ուղարկվում է հաղորդագրությունը և նրանք, ովքեր ստանում են հաղորդագրությունը։ Այս չորս բաղադրիչները միավորվում են՝ դառնալով այն հաղորդակցությունը, որը մենք տեսնում ենք և ամենաշատն ենք կազմում դրա մասը[7]։
  • Խմբային հաղորդակցություն (հաղորդակցում խմբերի ներսում )- Այս գործընթացում գաղափարները ստեղծվում են խմբի ներսում՝ թույլ տալով շատ մարդկանց մտածել միասին՝ ձևավորելով և ստեղծելով իմաստ։ «Խմբային հաղորդակցությունը ստեղծում է փոխազդեցություններ, որոնք ազդում են մարդկանց վերաբերմունքի և վարքի վրա, երբ նրանք խմբի մեջ են ուրիշների հետ՝ կամ ընտրության կամ պատահական հանգամանքների միջոցով»[18]։
  • Միջմշակութային հաղորդակցություն- Հաղորդակցության այս ձևում տարբեր սեռի, տարբեր վայրերից և մշակույթից մարդիկ հաղորդակցվում են՝ փոխանակվելով գաղափարներով, ձևավորելով շատ ավելի մեծ և լավ բան։ «Մշակույթը մտածելակերպ է և ապրելաձև, որի միջոցով մարդը ձևավորում է վերաբերմունք, արժեքներ, նորմեր և համոզմունքներ, որոնք ուսուցանվում և ամրապնդվում են խմբի մյուս անդամների կողմից»[19]:
    Դեմ առ դեմ հաղորդակցություն երեք անձի միջև

Դեմ առ դեմ հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմ առ դեմ շփումը սոցիալական հաղորդակցությունն է, որն իրականացվում է ֆիզիկապես ներկա այլ անձանց հետ՝ առանց որևէ միջանկյալ տեխնոլոգիայի։ Այն իրենից ներկայացնում է անհատների անմիջական ֆիզիկական ներկայության փոխադարձ ազդեցություն իրենց մարմնի լեզվի և խոսքի միջոցով[20]։ Այն սոցիալական համակարգի հիմնական տարրերից մեկն է, որը կազմում է անհատի կյանքի սոցիալականացման և փորձի ձեռքբերման զգալի մասը։ Այն նաև էական է այդ անհատներից կազմված խմբերի և կազմակերպությունների զարգացման համար։ Դեմ առ դեմ շփումը մարդկանց թույլ է տալիս ոչ միայն ավելի անմիջականորեն շփվել, այլև ապացուցվել է, որ բարելավում է հոգեկան առողջությունը և կարող է նվազեցնել տարբեր հոգեկան հիվանդություններ, առավել հաճախ՝ դեպրեսիան և անհանգստությունը։

Ուսումնասիրություններ դեմ առ դեմ հաղորդակցության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմ առ դեմ շփման վերաբերյալ հետազոտությունների և ուսումնասիրությունների մեծ մասը կատարվում է ուղղակի դիտարկման միջոցով. նպատակն է բացատրել այդ շփումներում նկատվող գործողությունների օրինաչափությունները[21]։ Շփման այս ուսումնասիրությունը ներառում է դրա կազմակերպումը, կանոնները և ռազմավարությունը։ Այն եղել է գիտնականների ուշադրության կենտրոնում առնվազն 20-րդ դարի սկզբից[22]։ Հասարակական գիտությունների ամենավաղ գիտնականներից մեկը, ով վերլուծել է շփման այս տեսակը, եղել է սոցիոլոգ Գեորգ Զիմելը։ Նա սահմանել է հասարակությունը որպես մի խումբ անհատներ, որոնք կապփած են բազմապիսի շփումներով։ 1908 թվականի իր գրքում նա գրել է, որ զգայական օրգանները կարևոր դեր են խաղում շփման մեջ՝ քննարկելով մարդու վարքագծի օրինակներ, ինչպիսին է տեսողական կոնտակտը[22]։ Նրա գաղափարները ավելի ուշ մշակվել են ուրիշների կողմից, ներառյալ Չարլզ Քուլին և Ջորջ Հերբերտ Միդը[22]։ Նրանց տեսությունները հայտնի դարձան որպես սիմվոլիկ փոխգործունեություն։ Այդ ժամանակից էլ հնարավորություն է ստեղծվել այլ տեսությունների բազմազան ու լայն շրջանակի համար[23]։ Այս սիմվոլիկ շփումներում ներգրավված անձիք ավելի շատ մտահոգված են սուբյեկտիվ իմաստով, քան օբյեկտիվ կառուցվածքով։ Նրանք ուշադրություն են դարձնում նրան, թե ինչպես են անհատները մեկնաբանում սուբյեկտիվ իմաստը, ինչը նրանց օգնում է հասկանալ, թե ինչպես է այդ անհատը տեսնում աշխարհը, ինչպես նաև, թե ինչպես է անհատների միջև իմաստալից փոխազդեցությունների կրկնությունը հիմք դառնում հասարակության ձևավորումը սահմանելու գործում[24]։ 20-րդ դարի կեսերին արդեն գոյություն ուներ զգալի գիտական գրականություն դեմ առ դեմ հաղորդակցության տարբեր ասպեկտների վերաբերյալ[22]։ Այս թեմայով աշխատություններ են հրատարակվել այնպիսի գիտնականների կողմից, ինչպիսիք են Էրվինգ Գոֆմանը[25] և Էլիոթ Չապլը[22]։

Միջնորդավորված հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն միջնորդավորված հաղորդակցությունը շատ ավելի հազվադեպ է եղել, քան դեմ առ դեմ հաղորդակցությունը[26]։ Թեև մարդիկ հազարամյակներ շարունակ տիրապետում էին տարածության և ժամանակի մեջ հաղորդակցվելու տեխնոլոգիային (օրինակ՝ գրելը), աշխարհի բնակչության մեծամասնությունը չուներ դրանք օգտագործելու համար անհրաժեշտ հմտություններ, ինչպիսին է գրագիտությունը[26]։ Իրավիճակը փոխվեց, երբ Յոհաննես Գուտենբերգը արեց տպագրական մեքենայի գյուտը, որը հանգեցրեց տպագիր տեքստերի տարածմանը և գրագիտության բարձրացմանը Եվրոպայում 15-րդ դարից սկսած[26]։ Այդ ժամանակից ի վեր, դեմ առ դեմ շփումը սկսեց աստիճանաբար զիջել դիրքերը միջնորդավորված հաղորդակցությանը[26]։

Միջնորդավորված հաղորդակցության հետ համեմատականի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմ առ դեմ հաղորդակցությունը ավելի քիչ նախընտրելի է համարվում, քան միջնորդավորված հաղորդակցությունը որոշ իրավիճակներում, հատկապես, որտեղ ժամանակն ու աշխարհագրական հեռավորությունը խնդիր են։ Օրինակ, հեռավորության վրա ընկերական շփումը պահպանելիս դեմ առ դեմ շփումը կապերի պահպանման միայն չորրորդ ամենատարածված միջոցն էր՝ հեռախոսից, էլ.փոստից և հաղորդագրություններից հետո։

Չնայած բազմաթիվ նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հայտնվելուն, դեմ առ դեմ հաղորդակցությունը դեռևս լայն տարածում ունի և կիրառվում է շատ տարբեր ոլորտներում։ Նարդին և Ուիթակերը (2002) նշել են, որ դեմ առ դեմ հաղորդակցությունը դեռևս ոսկե միջինն է միջնորդավորված տեխնոլոգիաների մեջ, հատկապես լրատվամիջոցների հարստության տեսության համատեքստում, որտեղ դեմ առ դեմ հաղորդակցությունը նկարագրվում է որպես ամենաարդյունավետը և ամենատեղեկատվականը։ Սա բացատրվում է նրանով, որ դեմ առ դեմ հաղորդակցության ընթացքում օգտագործվում են ավելի շատ մարդկային զգայարաններ, քան միջնորդավորված հաղորդակցության ժամանկ։ Դեմ առ դեմ հաղորդակցությունը նաև օգտակար ձև է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են գերազանցել ուրիշներին բանավոր հաղորդակցության ժամանակ, կամ երբ նրանք փորձում են հարթել տարաձայնությունները։ Բացի այդ, դա շատ է օգնում ուսուցիչներին որպես դասավանդման արդյունավետ մեթոդ։ Դեմ առ դեմ շփումը նաև օգնում է ամուր և ակտիվ քաղաքական կապ պահպանելու համար։

Ի վերջո, հաղորդակցության յուրաքանչյուր ձև ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Մի քանի ուսումնասիրություններ համեմատել են երկու խմբեր՝ յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները որոշելու համար։ Մի խումբը շփվում էր միայն դեմ առ դեմ հաղորդակցության միջոցով, իսկ մյուսը հաղորդակցվում էր միայն համակարգչային միջնորդությամբ։ Այս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համակարգչային միջնորդությամբ շփվող խմբերն ավելի լավ են հանդես գալիս, քան դեմ առ դեմ հաղորդակցման խմբերը գաղափարների ստեղծման առաջադրանքների ժամանակ, մինչդեռ դեմ առ դեմ խմբերը գերազանցում են սոցիալական զգացմունքային փոխանցման գործընթացում։ Դա պայմանավորված է նրանով, որ դեմ առ դեմ հաղորդակցության խմբերն ունեն ավելի շատ հնարավորություն թուլացնելու լարվածությունը և համաձայնության գալու, մինչդեռ համակարգչային միջնորդավորված խմբերը կարող են անել ավելի շատ առաջարկներ, հայտնել կարծիքներ և պաշտոնական արտահայտություններ[27]։ Համակարգչային միջնորդավորված խմբերում մասնակցության ավելի մեծ հավասարություն կա, բայց կա նաև չարգելափակված վարքագծի ավելի բարձր մակարդակ, քանի որ համակարգչային միջնորդավորված խմբերը առաջացնում են ինքնագիտակցության ավելի մեծ կորուստ[28]։ Համակարգչային միջնորդավորված խմբերում, ընդհանուր առմամբ, կա սոցիալական ճնշման նվազում, բայց դեմ առ դեմ խմբերում կա ավելի ուժեղ ընկալում և ըմբռնման զգացում[29]։

Դեմ առ դեմ շփում և սոցիալական մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ-որ մեկի հետ դեմ առ դեմ խոսելը մարդուն տալիս է ոչ խոսքային նշաններ, ինչպիսիք են ժպիտը, ֆիզիկական շարժումը և մարմնի դիրքերը, որոնք օգնում են մարդկանց հաղորդակցվել։ Այնուամենայնիվ, քանի որ սոցիալական մեդիան չունի դեմ առ դեմ հաղորդակցություն, որոշ անհատներ նախընտրում են կույր հաղորդակցությունը՝ խոսելով առցանց, տեսանելի դառնալով հաղորդագրությունների, մեկնաբանությունների ուղարկելու/ստանալու միջոցով[30]։

Իր բնույթով մարդիկ սոցիալական էակներ են։ Սոցիալական շփումը էական է գոյատևման համար։ Տեխնոլոգիաների վերջին զարգացումներով, ինչպիսիք են ինտերնետը, հաղորդագրությունները և սմարթֆոնները, ձևավորվում են բազմաթիվ ուղիներ և միջոցներ ուրիշների հետ փոխգործակցության համար։ Այնուամենայնիվ, մարդկային ուղեղը սովորել է հարմարվել զանգվածային հաղորդակցության այս հեղեղին։ Ի տարբերություն ինտերնետի և սոցիալական մեդիա հաղորդակցության՝ դեմ առ դեմ շփումը, ասում են, որ կբարելավի կյանքի որակը[31]։ Ի տարբերություն ավանդական դեմ առ դեմ շփմանը՝ համացանցը հնարավորությունների նոր տիրույթ է ողջ աշխարհի մարդկանց հետ կապվելու համար՝ առցանց հաղորդակցության բնորոշ գործոններով, որոնք սահմանափակում են սոցիալական բավարարվածության նույն մակարդակը խթանելու նրա կարողությունը։ Էական տարբերություններ կան առցանց և դեմ առ դեմ հաղորդակցության միջև, ինչը հանգեցնում է նրան, որ առցանց հաղորդակցությունը համարվում է թույլ էմոցիոնալ բավարարման առումով, քան դեմ առ դեմ հաղորդակցությունը։ Սոցիալական փոխազդեցությունը ինտերնետում և սոցիալական մեդիա հարթակների միջոցով զգալիորեն դժվարացնում է ոչ վերբալ նշանների տարբերակումը[32]։ Անցումային հիշողության զարգացումը նույնպեսդեմ առ դեմ շփման արդյունք է, որն ավելի արդյունավետ է, քան առցանց հաղորդակցությունը[33]։

Չնայած տեխնոլոգիաները կարողացել են ավելի մոտեցնել հասարակություններին և մարդկանց, մարդիկային էակները պարտավոր են զարգացնել այդ կապերը և հարստացնել դրանք ավանդական դեմ առ դեմ հաղորդակցության միջոցով։ Որպես տեսակ, մարդկանց համար շատ կարևոր է շարունակել կապը պահել մյուսների հետ՝ չթաքնվելով էլեկտրոնային էկրանների հետևում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Origins of Human Communication». MIT Press. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  2. Clark (1996). Using Language. Cambridge University Press.
  3. Richmond, Virginia P. (2015 թ․ հոկտեմբերի 14). Handbook of Instructional Communication: Rhetorical and Relational Perspectives (անգլերեն) (1 ed.). Routledge. doi:10.4324/9781315664064. ISBN 978-1-315-66406-4.
  4. Stacks, D.; Salwen, M. (2009). An Integrated Approach to Communication Theory and Research. New York: Routledge.
  5. Fitch, Tecumseh (2010). The Evolution of Language. Cambridge University Press.
  6. Grossi, Franco C. (2014). Human Communication. ACADEMIA. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  7. 7,0 7,1 Hanson, Ralph E. (2016 թ․ հոկտեմբերի 20). Mass Communication: Living in a Media World (անգլերեն). SAGE Publications. ISBN 978-1-5063-5857-4.
  8. Hartley, Peter (2002 թ․ հունվարի 4). Interpersonal Communication. doi:10.4324/9780203019719. ISBN 9780203019719.
  9. Verderber, Rudolph F.; Verderber, Kathleen S.; Sellnow, Deanna D. (2014 թ․ հունվարի 1). COMM3 (անգլերեն). Cengage Learning. ISBN 978-1-305-43696-1.
  10. Publishers, HarperCollins. «The American Heritage Dictionary entry: speech». www.ahdictionary.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  11. «Six Benefits of Better Conversation». 2006 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  12. «Benefits of Visual Communication - Edraw». www.edrawsoft.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  13. «What Is Writing? | Writing | EnglishClub». www.englishclub.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  14. «Definition of MAIL». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  15. «What is Mass Media | IGI Global». www.igi-global.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  16. «Telecommunications», Wikipedia (անգլերեն), 2022 թ․ մարտի 25, Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին
  17. Johnson, J. David (1992 թ․ սեպտեմբերի 1). «Approaches to organizational communication structure». Journal of Business Research (անգլերեն). 25 (2): 99–113. doi:10.1016/0148-2963(92)90010-9. ISSN 0148-2963.
  18. «Definition of group dynamics | Dictionary.com». www.dictionary.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
  19. Communication, in Cultural; Communication, Intercultural (2014 թ․ սեպտեմբերի 25). «Cross Cultural Communication». Communication Theory (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
  20. Goffman, Erving (1980) [1959]. The Presentation of Self in Everyday Life. New York: Anchor Books: A Division of Random House, Inc. էջ 15. ISBN 978-0-385-094023. «[(]face-to-face interaction) may be roughly defined as the reciprocal influence of individuals upon one another's actions when in one another's immediate physical presence»
  21. Key, Mary Ritchie (1980). The Relationship of Verbal and Nonverbal Communication (անգլերեն). Walter de Gruyter. ISBN 978-90-279-7637-6.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Kendon, Adam; Harris, Richard M.; Key, Mary Ritchie (1975). Organization of Behavior in Face-to-face Interaction (անգլերեն). Walter de Gruyter. ISBN 978-90-279-7569-0.
  23. Demeulenaere, Pierre (2011 թ․ մարտի 24). Analytical Sociology and Social Mechanisms (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-1-139-49796-1.
  24. Carter, Michael (2015). «Symbolic Interactionism». sociopedia.isa.
  25. Goodwin, Marjorie Harness (1990). He-said-she-said: Talk as Social Organization Among Black Children (անգլերեն). Indiana University Press. ISBN 978-0-253-20618-3.
  26. 26,0 26,1 26,2 26,3 Jeffrey K. Olick; Vered Vinitzky-Seroussi; Daniel Levy (2011). The Collective Memory Reader. Oxford University Press. էջ 349. ISBN 978-0-19-533741-9. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  27. Bordia, Prashant (1997 թ․ հունվարի 1). «Face-to-face versus computer-mediated communication: a synthesis of the experimental literature». The Journal of Business Communication (English). 34 (1): 99–121. doi:10.1177/002194369703400106. S2CID 143956324.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. Bordia, Prashant (1997 թ․ հունվարի 1). «Face-to-face versus computer-mediated communication: a synthesis of the experimental literature». The Journal of Business Communication (English). 34 (1): 99–121. doi:10.1177/002194369703400106. S2CID 143956324.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. Bordia, Prashant (1997 թ․ հունվարի 1). «Face-to-face versus computer-mediated communication: a synthesis of the experimental literature». The Journal of Business Communication (English). 34 (1): 99–121. doi:10.1177/002194369703400106. S2CID 143956324.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «How social media is changing the way people get to know one another | Penn State University». www.psu.edu (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  31. Lee, Paul S. N.; Leung, Louis; Lo, Venhwei; Xiong, Chengyu; Wu, Tingjun (2011 թ․ փետրվար). «Internet Communication Versus Face-to-face Interaction in Quality of Life». Social Indicators Research (անգլերեն). 100 (3): 375–389. doi:10.1007/s11205-010-9618-3. ISSN 0303-8300. S2CID 144489320.
  32. Psychminds (2020 թ․ ապրիլի 13). «Communication: Online vs. Face-to-Face Interactions». Psychminds (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  33. Griffith, Terri L.; Neale, Margaret A. (2001). «8. Information processing in traditional, hybrid, and virtual teams: From nascent knowledge to transactive memory». Research in Organizational Behavior. 23: 379–421. doi:10.1016/s0191-3085(01)23009-3. ISSN 0191-3085.

Այլ աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Richard Budd & Brent Ruben(չաշխատող հղում), Human Communication Handbook.
  • Budd & Ruben, Approaches to Human Communication.
  • How Human Communication Fails (Tampere University of Technology)