Մասնակից:Սեդ/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղցահամ ջրի հիմնախնդիրը առաջին հերթին վերաբերում է քաղցրահամ ջրերի սպառման և նրանց աղտոտման խնդիրներին: Քաղցրահամ ջուրը սահմանափակ և խոցելի ռեսուրս է: Նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետև գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրա օգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը:

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայացքից երկրագնդի քաղցրահամ ջրերի պաշարները բավարար են թվում (ամբողջ ջրային ռեսուրսների՝ 1,46 մլրդ կիլոմետր խորանարդ 2,5 %-ը), սակայն օգտագործման համար մատչելի ջրի քանակը կազմում է բոլոր քաղցրահամ ջրերի ընդամենը 0,003-0,16 %-ը (ըստ տարբեր աղբյուրների): Բնակչության աճին զուգընթաց, մեկ շնչին հասնող ջրի չափաքանակը գնալով պակասում է: Մյուս կողմից՝ գնալով ավելի ու ավելի շատ են աղտոտվում եւ անօգտագործելի դառնում ջրային օբյեկտները, որը տանում է դեպի հիմնախնդրի սրում: Առանձնապես վտանգավոր են թունավոր նյութերը (կայուն օրգանական միացությունները) եւ կենսածին տարրերը, որոնք բարձրացնում են ջրերի էվտրոֆիկացիայի աստիճանը:

Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Համաձայն որոշ գնահատականների, զարգացող երկրներում մեկ մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից, իսկ աշխարհի բնակչության 20%-ը զգում է նրա անբավարարությունը: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի երկրները: Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար: Մեծ քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:

Քաղցրահամ ջրերի խոշորագույն օգտագործողը գյուղատնտեսությունն է: ՄԱԿ-ի շրջանակներում «մաքուր ջուր» հիմնախնդրի ուսումնասիրությունների մեջ հաշվի է առնվում այնպիսի ցուցանիշ, ինչպիսին է վերցված ջրի հարաբերությունը նրա առկա ընդհանուր ծավալի նկատմամբ՝ ըստ տարվա հաշվարկի: Համաձայն ՄԱԿ-ի փորձագետների տվյալների, այն երկրները, որոնք օգտագործում են իրենց ջրային պաշարների 10 %-ից պակաս քանակը, որևէ դժվարության չեն հանդիպի ջրային ռեսուրսների շահագործման հետ կապված: Եթե այդ չափանիշը գերազանցում է 10-20 %-ը, ապա կանգնում են որոշակի սահմանափակումների առաջ, իսկ եթե կայուն կերպով գերազանցում է 20 %-ը, ապա սրվում է հիմնախնդիրը, որն ուղեկցվում է նրա որակի վատացմամբ: Լուրջ անբավարարություն է ստեղծվում, երբ ջրի օգտագործման ծավալները անցնում են եղած պաշարների 40 %-ից: Այս դեպքում ջուրը դառնում է տնտեսական զարգացումը սահմանափակող գործոն [1]:

Ներկա պայմաններում զգալիորեն բարձրացել է ընդերքի քաղցրահամ ջրերի օգտագործումը, որն ավելի է ուժեղացնում մարդկության համար կարևոր այդ ռեսուրսի ընդհանուր դեֆիցիտը: Ըստ «Ուորլդուոտչ» հետազոտական կազմակերպության տվյալների, ամեն տարի մոլորակի ընդերքի ջրավազանը զրկվում է 160 մլրդ խորանարդ մետր քաղցրահամ ջրից: Այդ ծավալը չի լրացվում ջրի շրջանառության ընթացքում, որը տեւում է 2 մլն տարի: Արաբական տարածաշրջանում արդեն ստեղծված է ընդերքի ջրի պաշտպանության միջկառավարական ցանց:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության վրա ներգործող անթրոպոգեն մյուս գործոնների հետ միասին քաղցրահամ ջուրը հետզհետե դառնում է կայուն զարգացման ռազմավարության իրականացմանը խանգարող վճռորոշ գործոն: ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմնախնդրի, քան կլիմայի գլոբալ փոփոխությունները:

Ըստ կանխատեսումների, 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ: Աֆրիկայում և Մերձավոր արևելքում ջրի հարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության և աղքատության, այլ նաև քաղաքական անկայունության, էթնիկական և միջպետական կոնֆլիկտների [2]: Եգիպտոսը, Սուդանը և Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջև Հորդանանի ջրերի, Թուրքիայի եւ Իրաքի միջև՝ Տիգրիս գետի ջրերի, Թուրքիայի եւ Սիրիայի միջև՝ Եփրատի ջրերի, Հնդկաստանի և Բանգլադեշի միջև՝ Գանգես գետի հոսքի համար:

Ներկայումս բազմաթիվ երկրներ չունեն բավարար քանակի ջրային ռեսուրսներ, որոշ երկրներ ի վիճակի չեն կուտակելու այն, իսկ շատ երկրներում բացակայում է զարգացման, մոնիտորինգի և ջրի կառավարման արդյունավետ քաղաքականության վարման հնարավորությունը: Պետությունների կողմից անհրաժեշտ է մշակել համալիր գործողությունների ծրագիր` ջրի կայուն վերարտադրությունը ապահովելու նպատակով: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի երկրները: Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար: Աֆրիկայի մոտ 400 մլն բնակիչներ հասանելիություն չունեն խմելու համար պիտանի ջրի, ինչը բացասական գործոն է և արգելակում է մայրցամաքում սոցիալ-տնտեսական աճը: Այս մասին հայտարարել է Կոտ դ՝Իվուարի վարչապետ Դանիել Կաբլան Դունկանը՝ ելույթ ունենալով Աբիջանում ջրային ռեսուրսների աֆրիկյան ասոցիացիայի 17-րդ կոնգրեսում: Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակի հետևանքն այն է, որ աֆրիկյան հիվանդանոցներում տեղերի ավելի քան 70 %-ը զբաղեցրել են հիվանդները, ովքեր տառապում են ջրային ռեսուրսների վատ որակի հետ կապված հիվանդություններից[3]: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:

Բնական պաշարների համար միջազգային աշխարհաքաղաքական շարունակ սրվող պայքարը ռազմավարական նշանակության բնական պաշարների մի մասը վերածել է իշխանության համար մղվող պայքարի գործիքների: Անդրազգային ջրային պաշարները դարձել են մրցակցության և հակամարտության ակտիվ աղբյուր` հանգեցնելով ամբարտակների կառուցման մրցավազքի և առիթ դառնալով շարունակ ավելացող կոչերի՝ ուղղված Միացյալ ազգերի կազմակերպությանը, որպեսզի այն ջուրը անվտանգության կարևոր խնդիր ճանաչի: Ջրի համար քաղաքական և տնտեսական պատերազմներ արդեն մղվում են աշխարհի մի շարք մասերում, ինչն արտահայտվում է մի քանի երկրների տարածքով հոսող գետերի վրա ամբարտակների կառուցմամբ և ուժային դիվանագիտությամբ կամ նման աշխատանքները կանխելու այլ միջոցներով:

Լուծումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցրահամ ջրերի հետագա դեֆիցիտը չխորացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել նրա օգտագործման արդյունավետությունը: Մի շարք երկրներ արդեն անցել են կաթիլային ոռոգման համակարգին: 1970-80-ական թվականներին այսպիսի միտք է արտահայտվել՝ որպես քաղցրահամ ջրի աղբյուր օգտագործել Գրենլանդիայի, Անտարկտիդայի եւ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառցադաշտերը, որը բավականին դժվար իրագործելի խնդիր է, որի պատճառով չիրագործվեց: Ջրային ռեսուրսների պահպանումը յուրաքանչյուր պետության գերակայությունն է, ուստի հարկավոր է ստեղծել և ամրապնդել տեխնիկական հնարավորություններ, կիրառել նոր մեթոդներ ջրի աղտոտման դեմ, վերահսկել այն ջրային ավազանները, որտեղ կարող են թափվել թունավոր նյութեր ու թափոններ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://tass.ru/
  2. http://www.fao.org/nr/aboutnr/nrl/en/

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. water quality
  2. Wolf, Aaron T (2001). "Water and Human Security". Journal of Contemporary Water Research and Education.
  3. http:Տաս լրատվական գործակալություն