Մասնակից:ՆինաԱզատյան359/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազարան Բըլբուլ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Ժանրպոեմ
Ստեղծման տարեթիվ1898-1914
ՎիքիդարանՆինաԱզատյան359/Ավազարկղ3

«Հազարան Բըլբուլ» ժողովրդական հեքիաթի անավարտ մշակումը ըստ Հովհաննես Թումանյանի:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հազարան Բլըբուլ» պոեմը Հովհաննես Թումանյանը գրել է 1898-1914 թվականներին, սակայն մնացել է կիսատ: Ստեղծագործական մշակման մղումը ծագել է այն բանից հետո, երբ 1894 թվականի ամռանը Լոռու Վարդաբլուր գյուղում Թումանյանը լսում և գրի է առնում հեքիաթի մի տարբերակ, որը նա մինչև վերջ էլ համարում էր «ամենահինն ու ամենալավը»[1]: Դրանից հետո հավաքել է հեքիաթի վաթսուն տարբերակներ[2]:

Հեքիաթը փորձել է մշակել երեք ձևերով. պոեմի հատվածներից բացի պահպանվել են նաև դրամատիկական մշակման նմուշներ, արձակ երգախառն տարբերակներ: Մշակման երեք տարբերակներն էլ մնացել են անավարտ: Դրամատիկական ստեղծագործությունից պահպանվել են սկզբի հատ ու կենտ էջեր: Արձակ մշակումը ավարտվել է սյուժետային ամենալարված կետում: Չափածոյից մնացել են մեծ ու փոքր հատվածներ, որոնք սյուժետային կապակցվածություն չունեն: Սակայն պոեմից պահպանվել են մշակված և հեղինակի կենդանության օրոք լույս տեսած երկու գլուխներ՝ «Երգչի վիշտը», «Արեգը սև աշխարհքում»(«Հասկեր» ամսագրում)[3]: «Հազարան բըլբուլի» ծրագիրն ու սահմանները աշխատանքի տարբեր փուլերում փոխվել են։ Մի ծրագրային գրառումից երևում է, որ որոշակի շրջանում բանաստեղծը ցանկացել է իր այս ստեղծագործությունն անվանել «Երգ. արևելյան վիպերգ», որի երեք մասերը կոչվելու էին. Ա. Հազարան բյուլբյուլ, Բ. Սինամ թագավորի գաղտնիքը, Գ. Անթառամ այգի: Սակայն ինչպես նշվեց Թումանյանը իր ծրագրի փոքր մասն է իրագործել և պատճառը Առաջին աշխարհամարտն էր ու դրան հաջորդած դեպքերը[1]:

Կյանքի վերջին տարիներին, ողբերգորեն գիտակցելով իր ծրագրածն իրագործելու անհնարինությունը, Թումանյանն ավելի ու ավելի մեծ սիրով ու ափսոսանքով է խոսել «Հազարան բըլբուլի» մասին.

«Ափսո՜ս իմ «Հազարան բըլբուլ». ինձ չորս ամիս է հարկավոր, չո՛րս ամիս հանգիստ թողնեն, չխանգարեն, և իմ «Հազարան բըլբուլը» կգրեմ»
- Նվարդ Թումանյան, էջ 286:

Գաղափարական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հազարան բլբուլ» ժողովրդական հեքիաթին՝ որպես թափառող սյուժե շատերն են անդրադարձել թե՛ հայ գրականության մեջ, թե՛ համաշխարհային: Թումանյանը քաջատեղյակ էր դրա մասին: Բայց այս իմանալով՝ մշակման մեջ ցանկանում էր դնել մի գաղափար, որը կառանձնացներ իր ստեղծագործությունը մնացածներից.

«Դու գիտես, որ ես մի հեքիաթ «Հազարան բյուլբյուլը» և «Սինամ թագավորի գաղտնիքը» - նյութ առած ուզում եմ հորինել մի արևելյան պոեմա: Դրանով հետաքրքրվելով գտա-որ շատ անգամ տպված է, բոլոր ազգերն ունեն, պատմված է հազար ու մի ձևով, մինչև անգամ գիտնականները մեկնություն են տվել, թե գարնան գալն է հեքիաթի առարկան, բայց այդ բոլորից հետո ես ոչ միայն թողի իմ հեքիաթը, այլ ավելի պինդ բռնեցի, ավելի ոգևորվեցի այդ նյութով - ով ինչպես ուզում է գրած լինի, ես էլ ինձ պես եմ ասելու, և մինչև անգամ հանդգնություն ունեցա գիտնականների հակառակ իմ ունեցած մեկնությունը, միտքը նկատել հեքիաթի մեջ և այն զարգացնել ու երգել: Ինչպես դու գիտես - իմ կարծիքով բանաստեղծության ու մուզիկայի ծնունդն է հեքիաթի առարկան»:
- Երկերի ժողովածու, 5-րդ հատոր, էջ 158:

Այսինքն ըստ Թումանյանի հեքիաթը այլաբանորեն արտահայտում է «բանաստեղծության ու մուզիկայի ծնունդը»: Սակայն հեքիաթի այս ըմբռնումը, ըստ որի այն խորհրդանշում է գեղարվեստի ծագումը, հետագայում խորացավ ու լրացվեց նոր կողմերով: [1]։

Ալամ արքայի այգին այլաբանորեն ամբողջ աշխարհն է: «Ալամ» հենց նշանակում է «աշխարհ»: Գազանների վերափոխված պահապանները ժամանակիկց մարդիկ են, որ կորցրել են իրենց մարդկային էությունը, դարձել մանր, գազանային կրքերի գերին: Եվ միայն հազարան բլբուլի երգը կարող էր բուժել նրանց, և որը խորհրդանշում է արվեստը: Այսպես ժողովրդական հեքիաթի նվիրական իմաստը արվեստի միջոցով մարդու վերածնման և կատարելագործման գաղափարն է[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալամ արքան թագավորում էր դրախտային ու գեղեցիկ արևլուսի կողմերում: Բայց մի օր որդեկորույս մի մայր անիծում է, և երկիրը վերածվում է տատասկոտ ու փշոտ մի վայրի, իսկ թագավորի ծառաները՝ գազանների: Թագավորը խորհրդի հրավիրեց փորձառու մարդկանց: Նրանք խորհուրդ տվին ապավինել գիտությանը: Թագավորը աշխարհի բոլոր ծայրերից հրավիրում է գիտունների:Սակայն նրանք էլ չգտան պատճառը, թե ինչպես են մարդիկ գազան դարձել: Պատասխան չգտնելով՝ արքան մտածումների մեջ էր, երբ հայտնվում է սպիտակամորուս մի ծերունի և ցույց տալիս կախարդանքը վերացնելու ուղին: Պարզվում է, որ պետք է ձեռք բերվի Հազարան բլբուլը, որ երգի ու թագավորությունը նույն դրախտավայրը դառնա:

Թագավորը ուներ երեք տղա: Կանչում է նրանց ու հայտնում լուրը: Ավագ և միջնեկ որդիները գոռոզաբար խոստանում են բերել Հազարան բլբուլը, իսկ պալատականները հիանում էին նրանցով: Միայն փոքր որդուն՝ Արեգին, էին ծաղրում, որ քնարը ձեռքին իջնում էր շրջապատված ոգիներով:

Երկար տարիների ճամփորդության ժամանակ Արեգի համար հանգրվան է դառնում մի երգիչի տունը: Նա երգչին հիշեցնում է նրա ցավը: Պարզվում է, որ մինարեի տակ երգելիս երգչին բռնել են հավքերը ու տարել ոգեղեն աշխարհ: Այդ աշխարհում երգչին փորձության են ենթարկում փերիները: Երգիչը գայթակղվում է նրանցովւո չի դիմանում փորձությանը: Նրան կրկին գցում են մահկանացուների աշխարհը, որ ողջ կյանքում տառապի:

Արեգին հայտնվում է նույն ալևորը, ինչ հորը: Արեգը հարցնում է Հազարաբ բլբուլի մոտ տանող ճանապարհը: Ծերը խուսափում է ճանապարհը հուշելուց՝ ասելով, որ վտանգներ են սպառնում նրան, առաջարկում է վայելքների ճանապարհներն ասել: Սակայն Արեգը հրաժարվում է: Ալևորը օրհնում ու խրատում է խիիզախ պատանուն՝ ճանապարհը ցույց տալով:

Արեգը հայտնվում է Սև աշխարհում: Տեսնում է մի գեղուհի փակված է այնտեղ: Իմանում է, որ նրան շղթայել է Սև Դևը: Արեգը նետով զարկում է դևին ու սպանում:

Արեգը ծովերի արքայից խնդրում է Քամի ձին, որ տանի նրան Հազարան Բլբուլի աշխարհ: Ձին հայտնվում է, չի ենթարկվում Արեգին, բայց Արեգը հնազանդեցնում է նրան: Քամի ձին հասցնում է նրան դրախտային աշխարհի սահմանը: Սահմանով անցնում է մի գետ: Նա ով կկարողանա խմել գետի դառը ջրերից, կանցնի փշոտ մի դաշտ: Դաշտը անցնողին սպասում է մի նոր փորձություն. խեղկատակները շրջապատում են մարդուն ու ծիծաղեցնելով մոլորեցնում: Եթե ուշադրություն չդարձնի նրանց, կհասնի Հազարան Բլբուլի տիրուհու ապարանք, որը հսկում են խոյն ու առյուծը: Միայն նրանց կերակրելուց հետո Արեգը կհասնի Հազարան Բլբուլին: Բայց այստեղ էլ պետք է զգուշանալ տիրուհու գեղեցկությունից: Այսպես էլ ավարտվում է մշակումը:

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալամ թագավոր,
  • Ալեհեր ծերունի,
  • Ավագ և միջնեկ որդիներ,
  • Արեգ,
  • Սև Դև,
  • Քամի ձի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1991 թ.). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայաստանի ԳԱ հրատարակչություն. էջ 566.
  2. 2,0 2,1 Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյանի ստեղծսգործությունը. Երևան: Սովետական գրող հրատարակչություն. էջ 173.
  3. Ջրբաշյան, Էդվարդ (1986). Թումանյանի պոեմները (Երկրորդ, վերամշակված հրատարակություն ed.). Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 390.

Կատեգորիա:Հովհաննես Թումանյան Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի հեքիաթներ Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի պոեմներ Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններ